Ավելացել է փոքր արտահանողների թիվը
Արտահանման մեջ էական ծավալ կազմող գյուղատնտեսության ոլորտի արտահանման պոտենցիալը նվազագույնն է օգտագործվում: Այն համախառն ներքին արդյունքի 20%-ն է կազմել, իսկ արտահանման մեջ վերջին երեք տարիների ընթացքում` 15-16%: Միայն պատրաստի արտադրանքը, որը հիմնականում խմիչքներն են զբաղեցնում, 3-4 % է կազմում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը:
ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումներն են. արտահանման խթանման եւ արտահանման ընթացակարգերի պարզեցման համատեքստում մրգերի և բանջարեղենի արտահանման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով բարեփոխվել է օրենսդրական դաշտը, արտահանողներին ավելացված արժեքի հարկից ազատել են, հեշտացվել են ընթացակարգերը: Արդյունքում, եթե Առողջապահության նախարարությունը 2008 թ.-ին 2400 հավաստագիր էր տրամադրել, դրանից 2115-ը` մինչև 2.5 տոննա արտահանողներին, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում տրվել է 5226 հավաստագիր, որից 4430-ը` մինչև 2,5 տոննա արտահանողներին:
«Այս առումով արդյունքներն ակնհայտ են. 2-ից ավել անգամ ավելացել է բուսասանիտարական հավաստագրումներ ստացողների, հետևաբար փոքր արտահանողների քանակը: Ես համոզված եմ, որ Հայաստանի համար ավելի ձեռնտու է ունենալ 1000 փոքր արտահանողներ, քան 5-10 խոշոր արտահանողներ, հետևաբար մեր կողմից առաջնայությունը տրվում է միջին եւ փոքր արտահանողներին խրախուսելուն»,- ասաց Արամ Ղարիբյանը:
Արամ Ղարիբյանը նշեց մի հանգամանք, որը Հայաստանում դեռևս չի ձևավորվել. գյուղմթերք արտադրողը և իրացման շուկաները չունեն կապող օղակներ, մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է միջանկյալ օղակ, որը պետք է գտնվի գյուղացու և իրացման շուկայի մեջտեղում: Դա առանձին մասնագիտացում է, որը պետք է գյուղացուց վերցնի նրա արտադրանքը, փաթեթավորի, տեսակավորի, որակի նկատմամբ հսկողություն սահմանի և վաճառի իրացնող խոշոր կազմակերպություններին:
Զվարթնոց օդանավակայանի հարակից տարածքում առաջիկա տարիներին կստեղծվի ազատ տնտեսական գոտի, որը կզբաղվի պահեստային տնտեսությամբ, կլինեն արտադրամասեր և կիրականացվի փաթեթավորումը: Սակայն սա դեռևս նախագիծ է, իսկ թե երբ կիրականանա, վարչապետի խորհրդականը հստակ չնշեց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել