Ձկնեղենի արտահանումը դադարեցվել է խոզի գրիպի պատճառով
Հայաստանը ձկնարդյունաբերության պոտենցիալ ունի, բայց արտահանումը խոզի ժանտախտի տարածումից հետո արգելված է: Ձկնեղենը իրացվում էր հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում, սակայն վարակից հետո արգելք է դրված ՀՀ-ից նմանատիպ մթերքների արտահանման վրա:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը տեղեկացրեց, որ խնդրի կարգավորման համար վարչապետը դիմել է ՌԴ տրանսպորտի նախարարին, համապատասխան գերատեսչությունների, և բազմաթիվ բանակցություններից հետո ձկնամթերքի արտահանման վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերվել: ՌԴ-ի համապատասխան վերահսկողություն իրականացնող մասնագետները պետք է գան Հայաստան, ստուգեն և ատեստացիայի ենթարկեն հայկական ձկնարդյունաբերող ընկերություններին, և դրական պայմանների դեպքում կվերսկսվի ձկնամթերքի և խեցգետնի արտահանումը ՌԴ:
Սեպտեմբերի 22-ից արդեն 3 ռուս փորձագետներ Հայաստանում են, այցելում են ձուկ արտադրող ընկերություններ, և մոտ 2 ամսվա ընթացքում ակնկալվում է կրկին ձկնամթերք արտահանել Ռուսաստան:
Թառափազգիները բավական լավ են սպառվում ՌԴ-ում, գներն էլ բարձր են, սակայն Հայաստանը 2008 թ.-ի հոկտեմբերին միացել և այս տարվա հունվար ամսից վավերացրել է 1973 թ.-ի «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան: Կոնվենցիան սահմանափակում է թափառազգիների արտահանումն ու որսը, քանի որ այն անհետացման եզրին գտնվող տեսակ է համարվում: Եվ միայն համապատասխան կիրարկման կարգ ընդունելուց հետո հնարավոր կլինի կրկին թափառազգիներ արտահանել արդեն ոչ միայն ՌԴ, այլև Եվրամիության երկրներ:
Հայաստանից մոտ 5000 տոննա ձուկ է արտահանվում տարեկան, որը, ըստ վարչապետի խորհրդականի, հնարավոր է 10-20 անգամ մեծացնել: «Ձկան արտահանումների ծավալների ավելացումը մեծապես կախված է իրացման շուկայից: Այդ առումով՝ ես համոզված եմ, որ որոշ ժամանակ հետո կտեսնենք փոփոխություններ ձկնարդյունաբերության ոլորտում»,- ամփոփեց Արամ Ղարիբյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել