HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ավիաընկերությունները գրանցվում են ձրի և պետությանը հարկ չեն վճարում

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը վերաբերող զեկույցում Վերահսկիչ պալատի 2-րդ վարչության պետ Դավիթ  Չիբուխչյանը ներկայացրեց պետբյուջեից հատկացրած միջոցների օգտագործման նկատմամբ իրականացրած վերահսկողության արդյունքները: Չնայած խախտումներ արձանագրված են, բայց գումարները ամբողջությամբ արդեն վերականգնվել են: Վատ աշխատանքի համար աշխատանքից հեռացվել են երկու աշխատակիցներ: i-zaqaryan_23.09.09Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ավիաընկերությունների գրանցման ոլորտը կարգավորող օրենսդրական բացն ակնհայտ է. «Հայաստանում ավիաընկերությունները գրանցվում են ձրի, մեր օրենքներով գումար սահմանված չէ: Առաջարկել ենք, որ սա փոխեն»: 12 ավիաընկերություններ գրանցված են Հայաստանում, որից 9-ը գործել են Հայաստանից դուրս, 3-ը` Հայաստանում: «Եթե 9 ավիաընկերություններ իրենց ինքնաթիռների քանակով գրանցվեին, ենթադրենք, Արաբական Միացյալ Էմիրություններում, միայն գրանցման տուրք կվճարեին 382 մլն դրամ: Եթե նույն քանակը գրանցվեր Մեծ Բրիտանիայում, կվճարեին 1.1 մլրդ դրամ` իրենց երկրի օրենքներով»,- օրինակ բերեց ՎՊ նախագահը: Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական պատասխանում` ուղղված ՎՊ-ին, հստակ նշված են 9 ավիաընկերությունների վճարած հարկերը: Օրինակ` «Տարոն» ավիաընկերությունը 2007թ.-ին շահագործել է 1 ինքնաթիռ, 2008-ին` 4: 2007-2008 թթ. ընկերությունը հասույթ չի ունեցել, հարկեր ևս չի վճարել: «Սաունդ էյրլայնս» ՍՊԸ-ն  2007թ.-ին շահագործել է 22 ինքնաթիռ, սակայն շահութահարկ չի վճարել: 2008 թ.-ին 20 ինքնաթիռ է շահագործել` վճարելով ընդամենը 1 մլն 120 հազար դրամ: «Հայք ավիաընկերություն» ՓԲԸ-ն 2007 թ. շահագործել է 5 ինքնաթիռ և շահութահարկ չի վճարել: 2008 թ. ընկերությունը շահագործել է 4 ինքնաթիռ` վճարելով 676 հազար դրամ շահութահարկ: «Բլու էյրվեյս» ընկերությունը 21 ինքնաթիռ է շահագործել 2007-ին` վճարելով 230 հազար դրամ շահութահարկ, 2008-ին շահագործել է 9 ինքնաթիռ և վճարել 2 մլն 445 հազար դրամ: 9 ավիաընկերությունների` պետությանը վճարած հարկերը կազմել են 37 մլն 200 հազար դրամ` երկու տարվա կտրվածքով: Իշխան Զաքարյանը վերոնշյալ ընկերությունների վճարումները համեմատեց մյուս երեք ավիաընկերությունների հետ: Այսպես, «Արմավիան» 2007-ին շահագործել է 7 ինքնաթիռ, 2008-ին` 9: Պետությանը մուծել է 1 մլրդ 30 մլն շահութահարկ: «Էյր Արմենիան» երկու տարվա ընթացքում 10 ինքնաթիռ է շահագործել` վճարելով 212 մլն դրամ շահութահարկ: «Արմ-այրոն» մեկ ուղղաթիռ է շահագործել` սրսկել է անտառները, պետությանը վճարել է 41 մլն 300 հազար դրամ հարկ: «Մեկ ուղղաթիռը ավելի շատ հարկ է տվել պետությանը, քան 9 ավիաընկերությունները` երկու տարի միասին վերցրած: Սա լրջագույն խնդիր է, և մենք առաջարկում ենք, որ և’ օրենսդրական դաշտը կարգավորվի, և’ խնդիրը»,- ամփոփեց Վերահսկիչ պալատի նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter