HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղասրահները թաքցնո՞ւմ են շահույթը

vp_23.09.09Այսօր Վերահսկիչ պալատը խորհրդի նիստում 5 հարցի անդրադարձավ: 1-ին վարչության պետ Սամվել Թադևոսյանը ներկայացրեց Ֆինանսների նախարարության 2007-2008թթ-ի պետբյուջեից հատկացված միջոցների օգտագործման վերաբերյալ իրենց հայտնաբերած թերությունները, ինչպես նաև արձանագրեց, որ նախարարության մի քանի բաժիններ և վարչություններ իրենց պարտականությունները այնքան էլ լավ չեն կատարել: ՎՊ-ն իր ստուգումների արդյունքում շահումով խաղասրահների կամ խաղատների գործունեության հետ կապված որոշակի խնդիրներ է հայտնաբերել: Շահումով խաղատները` կազինոները, ստանում են լիցենզիաներ խաղասեղաններ շահագործելու համար: ՎՊ-ի ստուգման արդյունքում պարզվել է, որ 102 խաղասեղաններ ստացել են լիցենզիաներ, սակայն հարկային մարմիններին ուղարկած տեղեկանքներում ցույց է տրված, որ աշխատում է դրանցից ընդամենը 40-ը: Մեկ սեղանի համար հաստատագրված վճարը ամսեկան 4 մլն դրամ է: Օրինակ` ընկերությունը ֆինանսների նախարարությունից ստանում է 12 խաղասեղանի լիցենզիա, արդյունքում ասում է, որ իր մոտ աշխատում է 6-ը: Վերահսկիչ պալատի նախագահը այստեղ կոռուպցիոն ռիսկ է տեսնում: «Կարծում ենք, որ շատ հանգիստ կարող են նույն ընկերության աշխատակիցները հարկային մարմինների հետ գալ համաձայնության, թաքցնել սեղանիկները և հայտարարել, որ աշխատում են 2-ը կամ 3-ը: Ցանկացած ընկերություն, եթե ֆինանսների նախարարությունից ստանում է լիցենզիա` սեղանիկը շահագործելու վերաբերյալ, պարտավոր է հաստատագրված 4 մլն դրամ յուրաքանչյուր սեղանիկի համար վճարել պետական բյուջե: Ուզում ես 3-ն աշխատացնել, ուրեմն 3 լիցենզիա վերցրու»,-ասաց Իշխան Զաքարյանը: Նույն խնդիրը արձանագրվել է նաև ավտոմատ խաղերի շահագործման պարագայում: Ֆինանսների նախարարությունում գրանցված են 2579 ավտոմատ խաղեր, սակայն կազմակերպությունների հարկային մարմիններին տված տեղեկանքների համաձայն` աշխատում են միայն 2088-ը: 491-ը լիցենզիա ստացել են, բայց չեն աշխատում: Մեկ ավտոմատի համար հաստատագրված վճարը 125 հազար դրամ է: t-davtyan_23.09.09ՎՊ խորհրդի նիստին ներկա էր նաև Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Մեկնաբանելով հնչեցրած մեղադրանքները` կապված վարչությունների և բաժինների աշխատանքի հետ` վերջինս նշեց, որ թերությունները եկել են նախարարության կառուցվածքային փոփոխություններից: «Հիմա բավականին լուրջ քայլեր են արվում  թե խաղատների, թե խաղասրահների, թե աուդիտորական կազմակերպությամբ զբաղվող կազմակերպությունների, լիցենզավորման ընթացակարգերը վերահսկող կառույցների և այդ ոլորտում կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց նախարարը: Հարկային պարտավորությունների կատարում-չկատարումը, ըստ նախարարի, ֆինանսների նախարարության լիցենզավորման վարչության պարտավորություններից դուրս է: Վերահսկիչ պալատի խորհրդի այսօրվա նիստում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը դրական գնահատեց Վերահսկիչ պալատի ստուգման արդյունքում կազմակերպություններում արագ և կտրուկ կատարվող փոփոխությունները: ՎՊ-ի կողմից հայտնաբերված խախտումները մինչև խորհրդի նիստը կամ 100 տոկոսով վերացվում են, կամ շտկվում, կամ էլ ժամանակացույցով տեղեկացնում են Վերահսկիչ պալատին, որ այս կան այն ժամանակահատվածում խախտումները կվերացնեն: Այսօր սակայն, որևէ քրեաիրավական բնույթի խախտում խորհուրդը չարձանագրեց, և ոչ մի դեպքի առիթով ստուգումների արդյունքերը դատախազություն չուղարկվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter