HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խոջալուում ցեղասպանություն չի եղել»

al-manasyan_22.09.09Թուրքիայում գործող «Անհիմն հայկական փաստերի դեմ պայքարի հասարակության» նախագահ Գյոքսել Գյուլբեյը Խոջալուում «ցեղասպանության» կազմակերպման և իրականացման մեղադրանքով հայց է ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Այս փաստի շուրջ «Արմատ» ակումբում այսօր պատմական իրողություններին անդրադարձավ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա` Խոջալուի ողբերգական դեպքի կապակցությամբ բավականին փաստեր կան, որոնք թույլ են տալիս ապացուցել, որ ոչ թե հայկական, այլ ադրբեջանական կողմն է իրագործել այդ վանդալիզմը: Թեկուզ հայերին քաջ հայտնի է այդ փաստը, բայց աշխարհին չենք կարող իրականությունը պատշաճ մատուցել: «Չկա որևէ հարց, որ ադրբեջանական կողմը չկարողանա գամել միջազգային լրատվամիջոցներում, հանրային գիտակցության մեջ, և այն, որ ՀՀ նախագահին է ներկայացված այդպիսի մեղադրանք, թույլ է տալիս խոսել միայն մի բանի մասին, որ մենք որքան թույլ ենք տեղեկատվական դաշտում, թե մենք ինչքան պարտություններ ենք կրում մեզ պարտադրված տեղեկատվական պատերազմներում»,- ասաց քաղաքագետը: Ալեքսանդր Մանասյանը մանրամասնեց պատմական փաստերը. հայկական կողմը Խոջալուի խաղաղ բնակչությանը դուրս գալու համար միջանցք էր թողել հզոր հենակետի վերածված Խոջալուից: Այնտեղից ռմբակոծվում էր Ստեփանակերտը, և ճանապարհը փակ էր: «1992 թ.-ի պատերազմական իրադրության ժամանակ, միջազգային իրավունքի բոլոր նորմերի համապատասխան` ղարաբաղյան կողմին թույլ էր տալիս, ինքնապաշտպանության իրավունքից ելնելով, հենակետը վերացնել: Նկատի ունենալով, որ այնտեղ կարող են լինել խաղաղ բնակիչներ, նախապես հայտնել են այդ մասին, և որևէ կասկած չի եղել, թե Խոջալուի բնակիչները չեն իմացել, որ գյուղը լքելու միջանցք կա»,- շարունակում է Ալ. Մանասյանը: Այն գիշերը, երբ բնակիչները թողել են Խոջալուն, նրանց կրակահերթով դիմավորել են ղարաբաղյան ինքնապաշտպանական խմբավորումների վերահսկողությունից դուրս գտնվող տարածքից: Դեպքից անմիջապես հետո ադրբեջանական կողմը վայնասուն է բարձրացրել, թե կատարվել է ցեղասպանություն, և հրավիրվել են լրագրողներ` տեղում սպանվածների դիերը լուսանկարելու համար` ներկայացնելով որպես հայերի կողմից կատարված սպանություն: Լրագրողների խմբի մեջ եղել է նաև չեխ լրագրող Յանա Մազալովան: Նա ևս լուսանկարել է տեղանքը, զոհերին: Լրագրողը նկատել է, որ մարդկանց դիերն այլանդակված են մի տարածքում, որը մերը չէ, որտեղ մենք վերահսկողություն չունենք, որտեղ Ադրբեջանի ժողովրդական ճակատն էր վերահսկում: Ժամանակ անց, երբ Մազալովան Ադրբեջանն այդ ժամանակ ղեկավարող Մութալիբովին հարց է տվել, վերջինս պատասխանել է, որ հայերը ոչ մի շահ չունեին դա անելու: Մութալիբովը բաց տեքստով ասել է, որ դա արել են այն ուժերը, որոնք ցանկացել են իր հրաժարականը: «Այսինքն` երկրի նախագահն անձամբ է ասել, որ դա հայերի գործը չէ, հայերը ոչ մի շահագրգռվածություն չունեին այդպիսի բան կատարելու: Դա հենց այն քաղաքական ուժերի գործն է, որոնք ցանկացել են իրեն հեռացնել»,- պարզաբանում է քաղաքագետը: Ըստ Մանասյանի` Ժողովրդական ճակատն ուզում էր հեռացնել Մութալիբովին, քանի որ նա ռուսական դպրոց էր անցել, և այստեղ զգացվում է թուրքական հետքը: Դեռևս այդ ժամանակվանից Մութալիբովը փորձում էր Մոսկվայի հետ որոշակի դրական հարաբերություններ ստեղծել, այն դեպքում, երբ դա հակասում էր պանթուրքական ծրագրերին: Լրագրող Չինգիզ Մուսթաֆաևը ևս բացահայտել է, որ դա հայերի գործը չէ: Եվ առաջին հաղորդագրությունը Մոսկվա ուղարկելուց հետո Մուստաֆաևը սպանվում է: «Եվ Խոջալուի այդ դեպքի այդպիսի ընդգծումը, պրոպագանդումը, արծարծումը մի նպատակ է հետապնդում. ոչ միայն միջազգային հանրությանը, այլև իր ժողովրդին ապացուցել, որ դա հայերն են արել, որովհետև եթե բացահայտվի, որ դա արել են իրենք` ադրբեջանցիները, ապա դա ազգային հոգեբանության համար կործանարար հետևանք է ունենալու, որովհետև պարզվում է, որ նույն թուրքը կարող է իր հայրենակցին զանգվածաբար կոտորել միայն քաղաքական իշխանության գալու համար»,- հավելում է Ալեքսանդր Մանասյանը: Մեզ պաշտպանելու միակ տարբերակը, ըստ Ալեքսանդր Մանասյանի, Եվրադատարան դիմելն է` նույն հայցով, փաստեր կան և կարող ենք ապացուցել ճշմարտությունը: Ավելին, ըստ քաղաքագետի` Խոջալուի դեպքերը ցեղասպանություն չեն կարող դիտարկվել, քանի որ այդ ժամանակ պատերազմական իրավիճակ էր: Սակայն ադրբեջանցիները առավել ընդլայնված քարոզչություն են իրականացնում: «Խոջալուի օրինակը ցույց է տալիս մեր անպատասխանատվությունը, մեզ պարտադրված քարոզչական պատերազմի ճակատում գործողություններ ծավալելու գործում նրանց ակտիվությունը»,- ամփոփում է Ալեքսանդր Մանասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter