
«Ժառանգություն» կուսակցությունը չի պառակտվել: 6 հեռացված անդամներ կան, սակայն կուսակցությունից դուրս գալու դիմում դեռևս չկա` առաջին հերթին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Այս մասին այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
««Ժառանգություն» կուսակցությունը հեղինակազրկված կուսակցություն չէ, հակառակը` դուք ինքներդ, ձեր հրապարակումներով ցույց տվեցիք, որ «Ժառանգությունը» երկրորդական կամ երրորդական կուսակցություն չէ, այլ վճռորոշ գործոն է քաղաքական դաշտում: Եթե այդպիսին չլիներ, չէին լինի նաև քայլերը արժեզրկելու Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատից հրաժարվելու քայլը, որի բովանդակությունը բացարձակապես կապված է եղել ազգային կարևորագույն, սկզբունքային հարցերի նկատմամբ իր անձնական դիրքորոշման հետ»,-հիմնավորեց Ստեփան Սաֆարյանը:
Մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի լռությունը` պատգամավորն ասաց, որ իրադարձությունների պահին նա բացակայել է հանրապետությունից:
«Ինչ վերաբերում է նրա խոսքին` կապված իր մանդատի վայր դնելու հետ, ապա ասեմ, որ նա արդեն այսօր Հայաստանում է, և ինքը կորոշի հանրությանը ներկայացնելու իր հիմնավորումները»,-ասաց Ստեփան Սաֆարյանը:
Խմբակցության մյուս պատգամավորը` Զարուհի Փոստանջյանը կուսակցությունում կատարվող իրադարձությունները հաղթահարելի է համարում:
Ստեփան Սաֆարյանը նշեց, որ կուսակցության վարչությունը կուսակցության անդամներին հեռացրել է կանոնադրության համաձայն և որևէ խախտում չի եղել:
Արմեն Մարտիրոսյանի իշխանական պատկանելությանն անդրադառնալով` Ստեփան Սաֆարյանը նշեց. «Ինչ վերաբերում է «Նիգ Ապարան» հայրենակցական միության խնդրին, ես ուղղակի չէի ցանկանա նման կարգի փաստարկներին անգամ պատասխանել, որովհետև ես չեմ կարծում, թե դա լուրջ փաստարկ է քաղաքականության մեջ: Եվ ժամանակը կապացուցի, թե մարտի 1-ին դանակահարված և մահափորձի ենթարկված Արմեն Մարտիրոսյանը և «Ժառանգություն» կուսակցությունը ինչպիսի կեցվածք և դիրքորոշում ունեն քաղաքական գործընթացների նկատմամբ»,-ամփոփեց Ստեփան Սաֆարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել