Լևոն Քոչարյանի ներկայացուցիչը անձը հաստատող փաստաթուղթ չուներ
Այսօր Վերաքննիչ դատարանում նշանակված էր «Հայկական ժամանակ» օրաթերթի բողոքն ընդդեմ Լևոն Քոչարյանի: Սակայն Լևոն Քոչարյանի շահերը դատարանում ներկայացնող Արփինե Մելիքբեկյանը չկարողացավ դատարանին ներկայացնել անձը հաստատող որևէ փաստաթուղ, որի պատճառով նիստը նախագահող դատավոր Տ. Նազարյանը հետաձգեց այն մինչև սեպտեմբերի 17-ը: Արփինե Մելիքբեկյանի պատճառբանմամբ` իր անձնագիրը իտալական դեսպանատանն է, իսկ անձը հաստատող այլ փաստաթուղթ իր մոտ չկար:
Վերաքննիչ բողոքի քննմանը ներկա չէր նաև բողոքարկող կողմը:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» բողոքարկել էր դատավոր Ա. Մելքումյանի նախագահությամբ Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Այն է` հունիսի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մասնակիորեն բավարարել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի` ի դեմս «Դարեսկիզբ» ՍՊԸ ընկերության:
Համաձայն վճռի` «Հայկական ժամանակը» պարտավոր էր հերքել տպագրված այն տեղեկությունը, թե Ամանորից օրեր առաջ Դուբայում տեղի ոստիկանության կողմից հարբած վիճակում ձերբակալվել էր Լևոն Քոչարյանը: Ավելին, դատարանի վճռով, հօգուտ Լևոն Քոչարյանի պետք է բռնագանձվեր 3 մլն 620 հազար դրամ` որպես Լևոն Քոչարյանին արատավորող տեղեկությունների տարածմամբ վերջինիս պատճառված վնասի հատուցման գումար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել