
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը այսօր «Հայելի» ակումբում քննարկեցին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատի վայր դնելու հանգամանքը և անդրադարձան նաև Դաշնակցության պահվածքին:
Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատը վայր դնելու հանգամանքը Սուքիաս Ավետիսյանը չկապեց հայ-թուրքական վերջին զարգացումների հետ, այլ պայմանավորեց ներկուսակցական խնդիրների հետ:
Իսկ Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, «Ժառանգությունը» դեռևս կմանա ԱԺ-ում: «Չեմ բացառում, որ դա ներկուսակցական խնդիրների շուրջ կառուծված որոշում է: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի` դաշտից հեռանալու նպատակներին, ես նման նպատակ չեմ տեսնում: Երբ ինքը կուսակցությունը հանձնեց Անահիտ Բախշյանին, դա ընդամենը մանյովր էր և առ այսօր նա շարունակում է մնալ կուսակցության լիդեր և հավանաբար ունի իր քաղաքական նպատակները, ձգտումները, որը մեր համար դեռ հստակ չէ»,-կարծում է Լյուդմիլա Սարգսյանը:
Նա հավելեց, որ եթե միայն ՐաՖֆի Հովհաննիսյանը մանդատը վայր դնի, իսկ մյուսները պահպանեն, կարելի է ենթադրել, որ իսկապես խնդիրը ներկուսակցական է:
Անդրադառնալով Դաշնակցության պահվածքին` ՍԴՀԿ ատենապետը նշեց, որ իր համար Դաշնակցության այսօրվա մոտեցումներն անհասկանալի են: Նա կարծում էր, որ Դաշնակցությունը ավելի հստակ դիրքորոշում պետք է ունենար, սակայն նրանց գործողությունների արդյունքում տրամաբանություն չի երևում:
«Ինձ համար շատ տարօրինակ է, երբ նրանք պահանջում են Նալբանդյանի հրաժարականը, շատ լավ հասկանալով, որ արտաքին քաղաքականությունը թելադրված է առաջին դեմքի կողմից, և Նալբանդյանն ընդամենը այն իրականացնողն է»,-նշեց ՍԴՀԿ ատենապետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել