HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կտրուկ աճել են սեռական բնույթի հանցագործությունները

Կտրուկ աճ է արձանագրվել սեռական բնույթի հանցագործություններով, իրավապահ մարմինները քննարկում են, թե ինչ կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռնարկել իրավիճակը շտկելու համար

2008 թ. արձանագրվել է սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններով կտրուկ, Հայաստանի համար աննախադեպ աճ` 63 դեպք` 2007 թ. 33 դեպքի դիմաց:

63 տուժածներից 2-ը կամ 3%-ը տղամարդիկ են: 61-ը կամ 97 %-ը` կանայք: Նրանցից 40-ը կամ 65 %-ը կույս են եղել: Տուժողներից 50-ը կամ 79 %-ը անչափահասներ են: Հայաստանի գլխավոր դատախազության կոլեգիայի վերջին նիստերից մեկը նվիրված էր հիշյալ հանցագործությունների խնդրին` 2004-2008 թթ. կտրվածքով ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներին, այդ հանցագործությունները ծնող պատճառներին եւ իրականացվելիք կանխարգելիչ անհրաժեշտ քայլերին: Քննարկումը տեղի է ունեցել սեռական բռնությունների, այդ թվում` թրաֆիքինգի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, քանի որ ՀՀ գլխավոր դատախազությունում գտնում են, որ հանցագործությունների դեմ միայն իրավապահների պայքարը բավարար չէ, պայքարին պետք է միանան նաեւ հասարակության բոլոր շերտերը: Նման հանցագործությունների միջազգային փորձի ուսումնասիրությունը, ըստ Հայաստանի իրավապահների, ցույց է տվել, որ Հայաստանում արձանագրվել է 100.000 բնակչին բաժին ընկնող սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների նվազագույն ցուցանիշը (միջինը` 1.5 դեպք): Համեմատության համար նշենք, որ 2004-2008 թթ. ընթացքում ԱՊՀ երկրների մեջ 100.000 բնակչին բաժին ընկնող սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների միջին առավելագույն ցուցանիշ է արձանագրվել ՌԴ-ում` 12.7 դեպք, իսկ դրանից ավելի բարձր ցուցանիշներ ունեն Գերմանիան` 36.9, ԱՄՆ-ն` 186.6: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ վիճակագրական տվյալները չեն արտահայտում ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում տիրող իրական վիճակը. այս տեսակի հանցագործություններն ունեն լատենտայնության բարձր մակարդակ, սեռական անձեռնմխելիության դեմ ոտնձգությունները տեղի են ունենում ինտիմ միջավայրում, եւ տուժողները խուսափում են հրապարակայնացումից` չցանկանալով ենթարկվել լրացուցիչ բարոյական տրավմայի: Բացի այդ, տուժողները որոշ դեպքերում վախենում են, որ իրենց նկատմամբ բռնություն գործադրած անձինք վրեժ կլուծեն իրենցից: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավապահ մարմիններին չեն դիմում հատկապես ամուսնացած կամ ազգականների կողմից բռնությունների ենթարկվեած կանայք: Ուսումնասիրությունների արդյունքներով` հանցագործությունների համար խոցելի խմբերը հիմնականում սոցիալապես անապահով, նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտ չունեցող երեխաներն են: Զարհուրելի է դեպքերից մեկը, երբ մայրն օժանդակել է, որպեսզի իր ընկերը սեռական հարաբերություն ունենա իր անչափախահաս դստեր հետ: Այսպես` Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ Տ. Հ.-ն, 2003 թվականից ինտիմ հարաբերությունների մեջ գտնվելով Ս. Ն.-ի հետ, 2008 թ. հուլիսին նախապես համաձայնության է եկել վերջինիս հետ նրա դստեր` անչափահաս Լ. Խ.-ի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և նրան բռնաբարելու մասին: Իրականացնելով իրենց հանցավոր մտադրությունը` 2008 թ. հուլիսի վերջին Ագարակ քաղաքում գտնվող Ս. Ն.-ի տանը վերջինս, ծեծի ենթարկելով Լ. Խ.-ին, ուժով հանել է նրա հագուստները, մերկ վիճակում պառկեցրել անկողնում, իսկ Տ. Հ.-ն սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ: Մի քանի օր անց` նույն սենյակում, Ս. Ն.-ն, կրկին ծեծի ենթարկելով դստերը, հանել է նրա հագուստները, իսկ Տ. Հ.-ն, վերջինիս կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Հատկանշական է, որ 63 դեպքից 11ը կամ 17.5 %-ը կատարվել է թմրանյութ կամ ալկոհոլ օգտագործած վիճակում: Թմրանյութը, մասնավորապես, առկա է գործերից մեկով. բռնացողը օգտագործել է կոկային իր զոհին անօգնական վիճակի հասցնելու համար: 2008 թ. հուլիսի 30-ին Վայքից Եղեգնաձոր քաղաք տանելու պատրվակով Ս.Ս.-ն իր կողմից վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան է նստեցրել անչափահաս Ն. Ղ.-ին և ընթրելու համար նրան տարել սննդի օբյեկտ, որտեղ նրա հյութի բաժակի մեջ լցրել է կոկային տեսակի թմրամիջոց, որն էլ վերջինս խմել է: Նշված եղանակով անչափահասին հասցնելով անօգնական վիճակի` Ս. Ս.-ն Ն. Ղ.-ի հետ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ: Ս. Ս.-ն բազմիցս փորձել է ազդել տուժողի վրա` սպառնալով, որ կատարվածի մասին ճշմարիտ ցուցմունքներ չտա: Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալ Ս. Ս.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը, պատշաճ չգնահատելով գործով ձեռք բերված տվյալները, ըստ դատախազության իրականացրած ուսումնասիրությունների, անօրինական որոշում է կայացրել` մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելով գրավը: Մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ որոշումը և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը: Մեղադրյալը, սակայն, դիմել է փախուստի և առայսօր գտնվում է հետախուզման մեջ: Մեկ այլ գործով` Հրազդան քաղաքի ջրմուղկոյուղու աշխատակից Ռ. Խ.-ն 2007 թ. մարտի 8-ին այցելել է Հրազդան քաղաքի հանրակացարանի 954 սենյակ, որտեղ Ն.Ս.-ին հայտարարել է, որ օգտագործած ջրի դիմաց խոշոր պարտք ունեն: Միաժամանակ նա հայտնել է, որ հավանել է վերջինիս դուստր` 1995 թ. ծնված Ն.-ին և ցանկանում է ամուսնանալ: Ն. Մ.-ն նրան ասել է, որ դուստրը դեռ 12 տարեկան չկա: Դրանից 2-3 օր անց Ռ. Խ.-ն կրկին եկել է Ն. Մ.-ի բնակարան, որտեղ վերջինիս և դստեր հետ օգտագործել են ալկոհոլ: Ցանկություն հայտնելով գիշերել Ն. Մ.-ի բնակարանում` այստեղ 12 տարին չլրացած Ն. Զ.-ի հետ` վերջինիս համաձայնությամբ, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Ըստ ամենայնի, հիշյալ քննարկումը ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում վերջինը չէ, հասարակական կազմակերպությունների կողմից խնդրի վերաբերյալ արված առաջարկությունները հասարակության իրազեկումը, երեխաների մոտ սեռական դաստիարակության մակարդակը բարձրացնելու, տուժողների իրավունքների պաշտպանության առումով միջնորդավորված առերեսումներ կազմակերպելու վերաբերյալ նույնպես ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի առաջիկա նիստում կքննարկվեն, դրանց հիման վրա համապատասխան միջնորդագրեր եւ հաղորդումներ կուղարկվեն պատկան մարմիններին` իրավիճակը շտկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:

Սոնա Մաշուրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter