
ՀՀ վարչապետի իրավական հարցերով խորհրդական, Ազատամարտի վետերանների միության հիմնադիր նախագահ Համլետ Հովսեփյանն այսօր «քայլ առաջ» գնահատեց հայ-թուրքական վերջին արձանագրությունը: «Մենք հակված ենք բարեկամություն անել մեր հարևանների հետ, և լավ կլիներ, որ Ադրբեջանն էլ խելքի գա, հասկանա, որ թշնամություն անելով ոչինչ չի շահելու և Ղարաբաղից ձեռք քաշի»,- ասաց վարչապետի խորհրդականը:
Ավելին, Համլետ Հովսեփյանի կարծիքով` եթե Արցախի հարցն այդ արձանագրություններում չի շոշափվում և նախապայման չի դրված, ապա այս փաստաթղթերում պետք է տեսնել դրական կետերը:
«Իհարկե, կան մտավախություններ, բայց ես էությամբ լավատես եմ և հակված եմ լավատեսորեն մտածելու, որ Թուրքիային էլ է սա պետք: Թուրքիան էլ ամբողջ աշխարհում դիտվում է որպես սահմանները փակող, ագրեսիվ երկիր, այնտեղ էլ է փոփոխություն լինում: Մենք 21-րդ դարում ենք, և փակ սահմաններ ունենալը ոչ մի պետության ձեռնտու չէ»,- ասաց Հ. Հովսեփյանը:
Թե ինչպիսի տնտեսական հետևանքներ կունենա սահմանների բացումը, բանախոսը չկարողացավ հստակեցնել: «Մեր բիզնեսի զարգացման համար շահեկան կլինի, ու ծով մտնելն ավելի դյուրին կլինի կարճ ճանապարհով, քան թե շրջանցելով, մեր վրացիներին լուրջ փողեր տալով: Հիմա էլ Թուրքիայից բերում են ապրանքներ, մեր տնտեսական շուկայում, շինանյութի շուկայում մեծ մասը Թուրքիայից բերված ապրանքներ են: Ինձ թվում է, որ նույն ապրանքն ավելի էժան կբերեն ուղիղ ճանապարհով»,- ասաց Համլետ Հովսեփյանը:
Նա նշեց, որ ինքն այնքան էլ տեղյակ չէ, բայց կառավարությունը, հավանաբար, նման հաշվարկներ անում է. դեռ պետք է համապատասխան իրավական դաշտ էլ ստեղծել, թե ինչպիսի իրավունքներից կարող են օգտվել թուրքերը Հայաստանում, արդյոք կարող են հող ձեռք բերել և այլն:
«Որևէ երկիր, երբ սահման է բացում և դիվանագիտական հարաբերություններ հաստատում մյուս երկրի հետ, որի հետ ընդհանրապես որևիցե հարաբերություն չի ունեցել արդեն տասնյակ տարիներ, պետք է հաշվարկի և' դրականը, և' բացասականը: Կարծում եմ, որ կան մարդիկ, վերլուծաբաններ, քաղաքագետներ, որոնք պետք է աշխատեն դրա վրա»,- հավելեց Համլետ Հովսեփյանը:
«Ժառանգություն» կուսակցության` հանրաքվե անցկացնելու պահանջը, ըստ վարչապետի խորհրդականի, այս դեպքում տեղին չէ. դրված է ոչ թե Արցախի, այլ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների ու սահմանի բացման հարցը, որը երկու երկրների խորհրդարանների խնդիրն է:
«Եթե Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ լիներ, երբ հասներ մի պահ, որ որևէ փաստաթուղթ պետք է ստորագրվեր, որը ղարաբաղյան իշխանությունները նույնպես պետք է ստորագրեին, բնական է, որ հանրաքվե պետք է անցակցվեր»,- ասաց Ազատամարտի վետերանների միության հիմնադիր նախագահը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել