HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին մարզպետի եղբոր չվճարած հարկերի պատճառով մեծայրումցիները զրկվել են գազից

31_08-ayrumLոռու մարզի Մեծ Այրում գյուղը, որը հիմնականում բնակեցված է 1988 թ. Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով, Թումանյանի տարածաշրջանի ամենաաղքատ գյուղերից մեկն է: Մեծ Այրումը ներառում է նաեւ Փոքր Այրում գյուղը: Մեծ եւ Փոքր Այրումները միասին ունեն 800 բնակիչ: Խորհրդային տարիներին այս գյուղերը հիմնականում ադրբեջանաբնակ են եղել: Վերջին նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկից առաջ, այն ժամանակ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի միջամտությամբ, Մեծ Այրում գյուղը գազիֆիկացնելու նպատակով Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներից հատկացվել էր 29 մլն 80 հազար դրամ, որին 10% ներդրումով պետք է մասնակցեր համայնքապետարանը: Սակայն համայնքապետարանը չկարողացավ կատարել նախատեսված ներդրումը, եւ աշխատանքներն անավարտ մնացին: «Եթե գյուղի ժողովրդին չէին խաբել, գազը վերջնակետում կլիներ, 10% ներդրումը համայնքապետարանը չի կարողանում կատարել, գազի խողովակները հենա քանդվում են արդեն»,- հեռվում խողովակները ցույց տալով` ասաց մեծայրումցի Գագիկ Ալեքսանյանը: Պարզվեց` Այրումի ամբողջ բնակչությունը, որը դեռ 2-3 տարի առաջ իր խաբվելու մասին վախենում էր բարձրաձայնել, այժմ ատելությամբ է լցված Հովհաննես Քոչինյանի (Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայն է-Լ.Փ.) նկատմամբ, ով Մեծ Այրում համայնքի բյուջեին պարտք է շուրջ 4 մլն դրամ` իր վարձակալած պահուստային հողերի մի քանի տարվա վարձավճարները: Այրումցիները կարծում են, որ եթե Քոչինյանը ժամանակին վճարեր իր պարտքերը, ապա գյուղացիների բնակարաններն արդեն գազիֆիկացված կլինեին: «Էդ հողերը վարձակալության կտրվեր մեր գյուղի բարեխիղճ գյուղացիներին, մեր հարկերը կտային, մեր բյուջեն նորմալ կմուտքագրվեր, համ էլ մեր համայնքի կարիքները կհոգայինք: Մուտքերը չապահովելու պատճառով չենք կարողանում աշխատավարձ վճարել: Աշխատավարձի պարտքերից ահագին փակել ենք, նախկին համայնքապետի պարտքերն էլ ենք փակում: Մի քանի միլիոն էր»,- ասաց համայնքապետի օգնական Վեներա Դանիելյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Մեծ Այրումում Հովհաննես Քոչինյանը շատ փախստականներից վարձակալական հիմունքներով հողեր է վերցրել, պայմանագրեր է կնքել, թե հողի տարեկան վարձը եւ հողի հարկը կվճարի, սակայն ոգչ հողի հարկն է տվել, ոգչ էլ` գյուղացիների վարձավճարները: «Մեկը` ես, 2 հա հող ունեինք, որից 1 հա-ը հայրս վարձակալության է տվել Հովհաննես Քոչինյանին, բայց ոգչ վարձը տվեց, ոգչ էլ հողի հարկը փակեց: Հողի 3 տարվա հարկը` 90 հազար դրամը, իմ աշխատավարձից եմ փակել, որ տույժ չգա: Եթե գնաք գյուղի կենտրոնում հարցնեք, շատ-շատերը կարող են մանրամասն ասել: Փոքր Այրումի բնակիչներին էլ է խաբել, Մեծ Այրումի բնակիչներին էլ»,- ավելացրեց համայնքապետի օգնականը: Գագիկ Ալեքսանյանն էլ ասաց. «Փախստական ժողովուրդ են եղել, վախեցրել են, թե գալ տեն տունդ ու ունեցվածքդ բռնագրավեն, էդ մարդիկ էլ վախեցել ու տվել են»: «Սկզբից, որ ինքը հողը վերցնում էր համայնքի բնակիչներից, մարդիկ մտածում էին, թե արդար մարդ ա, տալիս էին: Գյուղացիներից շատերն էնքան բարի են, որ դատի չեն տվել Հովհ. Քոչինյանին, ոմանք ուզում են դատի տալ, ասում են` 3 տարին արդեն լրացել է, վաղեմության ժամկետը անցել է, թեեւ կարող էին իրենց իրավունքները վերականգնել նախորդ համայնքապետի ժամանակ, սակայն մտածել են, որ դատարանը Ալավերդիում է, էնտեղ էլ Քոչինյաններն իրենց շրջապատը ունեն, եւ վախեցել են դատը չշահեն»,- համագյուղացու միտքը լրացրեց Վ. Դանիելյանը: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գայանե Ալավերդյանը Հ. Քոչինյանի` այրումցիներին խաբելու կապակցությամբ ասաց. «Դա նրանից ա, որ անպատիժ են մնում, եթե մի անգամ պատժվեն, այդպես չեն անի»: Գայանեն նաեւ փաստեց, որ նախկինում Մեծ Այրումում մարդիկ ավելի խեղճ էին, հիմա կարողանում են իրենց պաշտպանել: Մեծ Այրումի համայնքապետ Սաշիկ Առուշանյանից տեղեկացանք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում սեպտեմբերի 4-ի դատական նիստում քննարկվելու է Մեծ Այրումի համայնքապետարանի հայցը Հովհ. Քոչինյանին պատկանող «Էրիկ-Էդիկ» ՍՊԸ-ի դեմ` հողի վարձակալության 4 մլն դրամ վարձավճարների պարտքը Մեծ Այրումի բյուջե վճարելու պահանջով: 31_08-ayrum-1Մեծ Այրում համայնքի 2009 թ. բյուջեի պլանավորված 28,2 մլն դրամ եկամուտների մուտքերը օգոստոսի 25-ի դրությամբ կազմում են 12 մլն դրամ: Համայնքապետարանը գյուղատնտեսական նշանակության հողերի նախատեսված 4,6 մլն դրամ եկամուտներից օգոստոսի 25-ի դրությամբ հավաքագրել է 1,7 մլն դրամ, որը կազմում է նախատեսված եկամուտների 37,3%-ը: Սա փաստում է Մեծ Այրում համայնքի բնակիչների աղքատության եւ անվճարունակ հարկատուներ լինելու մասին: Բյուջեի եկամուտներում պաշտոնական կապիտալ տրանսֆերտները նախատեսված են 15 մլն դրամ, որից Կառավարությունը համայնքի բյուջեին առայժմ հատկացրել է 4,7 մլն դրամ: Համայնքապետ Սաշիկ Առուշանյանը հայտնեց, որ Կառավարությունը, հաշվի առնելով Մեծ Այրումի` փախստականներով բնակեցված գյուղ լինելը եւ համայնքի բյուջեի ծանր վիճակը, նախատեսել է համայնքապետարանի փոխարեն վճարել գազիֆիկացման աշխատանքների 10% ներդրումային գումարները, որը կազմել է 3 մլն դրամ: Մեծ Այրում գնալիս, դեռ Փոքր Այրումի շեմից ակնհայտ էր ճանապարհների վերանորոգման շինարարական աշխատանքների եռուզեռը: Ճանապարհին աշխուժորեն երթեւեկող շինարարական հսկա ավտոմեքենաները, ճանապարհի եզրերին տեղադրված նոր հենապատերն ու շարունակվող ջրահեռացման ջրանցքների կառուցման եւ ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքները փաստում էին, որ Մեծ Այրումի ճանապարհը կապիտալ վերանորոգման է ենթարկվում: Հետո պարզեցինք, որ ճանապարհը վերանորոգվում է Համաշխարհային բանկի միջոցներով: «Ճանապարհի վերանորոգումը սկսել ենք մայիս ամսին, աշխատանքները պետք է ավարտենք մինչեւ նոյեմբերի վերջը, շինարարական աշխատանքներն իրականացնում է Երեւանում գրանցված «Սահակյան շին.» ՍՊԸ-ն: Ճիշտն ասած` չգիտեմ վերանորոգման համար հատկացված գումարի չափը: Մեր շինաշխատանքներն ընդգրկում է Լոտ 1-ը` 4 կմ 16 մ երկարությամբ` ընդգրկում է Փոքր Այրում եւ Մեծ Այրում գյուղերի ճանապարհները: Մեզնից հետո դեպի Ճոճկան գյուղ գնացող ճանապարհի կապիտալ վերանորոգումը շարունակում է «Նոյեմբերյանի» Ճանշինը: Մեր տեղամասում աշխատուժը վերցրել ենք տեղաբնակներից` մեզ մոտ աշխատում է 18 մարդ»,- ասաց տեղամասի աշխղեկ Լեւոն Ղազարյանը: Ճանապարհի կապիտալ վերանորոգման ներդումային գումարների չափի մասին մեզ տեղեկություն չտրամադրեց նաեւ տեղամասի պետ Կարեն Սահակյանը` բացատրելով, որ այդ հարցով պետք է դիմել «Սահակյան շին.» ՍՊԸ-ի նախագահ Սուրեն Սահակյանին»: Օրվա ընթացքում վերջինիս գրասենյակի հեռախոսը մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց: Ճանապարհի կապիտալ վերանորոգման համար հատկացված գումարներից անտեղյակ էր նաեւ Մեծ Այրումի համայնքապետ Սաշիկ Առուշանյանը: Գյուղամիջում կանգնած մեծայրումցի Գագիկ Ալեքսանյանն ասաց, որ գյուղի ամենամեծ հիմնախնդիրը շարունակում է մնալ խմելու ջուրը: «Ջուրն ամենակարեւորն է, սակայն չեն եդեւում»,- ասաց նա: Այրումցի Արամ Գիգոլյանն էլ իր մտահգություններն ուներ գյուղի վերաբերյալ: «Գյուղը կամաց ետ է գնում: Մարդիկ աշխատանք չունեն: Հողը ոչ բոլորն են մշակում, չեն կարողանում: Խմելու ջուրը մաքուր չի: Ջրի պակասությունը շատ ա, անտառի ջուր ա»: Համայնքապետը տեղեկացրեց, որ Կառավարության հատկացրած կապիտալ տրանսֆերտների փոխանցումից հետո Մեծ Այրումում կսկսվեն խմելու ջրագծերի վերանորոգման եւ գազիֆիկացման աշխատանքները: Այրումցիները սպասում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter