
«Միասնական Ջավախք» դեմոկրատական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանին երեկ Ռուսթավիի N2 գաղութում թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին:
Փաստաբանին պատճառաբանել են, որ նրա թե' փաստաբանի վկայականը, թե' Վրաստանի արդարադատության նախարարության արտոնագիրն արդեն ժամկետանց են: Սակայն Ստեփան Ոսկանյանը պնդել է, որ իր` փաստաբանի վկայականն անժամկետ է տրամադրված, իսկ ԱՆ արտոնագրում որևէ ժամկետ նշված չէ:
«Պատճառաբանում են, որ իրենք այլևս ԱՆ-ին չեն ենթարկվում, բայց ես ասացի, որ այդ օրդերով ես Գլդանի մեկուսարան եմ մտել, դատարանում պաշտպանում եմ նրա շահերը, այսինքն` հանդիսանում եմ այս անձի փաստաբանը: Օրդերը տրված է կոնկրետ այդ գործով և Չախալյանների շահերը պաշտպանելու նպատակով ու որևէ ժամկետ չի սահմանում»,- «Հետքին» պատմեց Ստեփան Ոսկանյանը:
Փաստաբանը դիմել է նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն այնտեղ էլ ոչնչով չեն կարողացել օգնել:
Փաստաբանը նամակներ է ուղարկել թե ՄԻ պաշտպանին, թե Ռուսթավիի գաղութի ղեկավարին` նշելով այն խախտումները և անհիմն պատճառաբանությունները, որով նրան թույլ չեն տվել հանդիպել իր պաշտպանյալի հետ:
«Փաստորեն, տարբեր օրենքներ են գործում տարբեր քաղաքներում: Ես պահանջել եմ, որ այս անօրինականությունները դադարեցնեն, ինձ թույլատրեն մտնել Վահագն Չախալյանի մոտ և գրավոր պատասխանեն ինձ մերժելու, չթույլատրելու պատճառների մասին»,- մանրամասնեց փաստաբանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել