HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Բեյզ Մեթլս»-ը, Դրմբոնից բացի, ապագա է տեսնում նաեւ Ծաղկաշենում եւ Մեհմանայում

Հետքի հարցազրույցը Ղարաբաղի լեռնահանքարդյունաբերության ոլորտի միակ եւ ամենախոշոր` «Բեյզ Մեթլս» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանի հետ:

-Պարոն Մկրտումյան, «Բեյզ Մեթլս»-ը Ղարաբաղում ներկայումս ոչ միայն լեռնահանքային արդյունաբերությամբ զբաղվող, այլեւ երկրաբանահետազոտական աշխատանքներ կատարող միակ ընկերությունն է: Որտե՞ղ են իրականացվում հետազոտությունները, եւ ի՞նչ արդյունքների է հասել ընկերությունը:

-Ընկերությունն իր գործունեության 7 տարիներից առնվազն 5,5-6 տարին ակտիվ երկրաբանահետախուզական աշխատանքներ է ծավալել Ղարաբաղի գրեթե ողջ տարածքում:

Ուսումնասիրություններն իրականացվում են մեր հոլդինգի ուժերով, ինչպես նաեւ այդ աշխատանքներում ընդգրկում ենք լավագույն արտասահմանյան ընկերություններին: Ըստ էության, մենք բոլոր շրջաններում աշխատանքներ ենք իրականացնում: Նպատակը մեկն է` օգտվելով նախկին ուսումնասիրության տվյալներից` իրականացնել նոր, ժամանակակից ուսումնասիրություններ եւ հայտնաբերել մետաղական հանքավայրեր, եթե այդպիսիք կան, եւ դրանք նախապատրաստել արդյունաբերական շահագործման: Այս առումով մեր առջեւ դրված է երկու խնդիր` մեկը` Դրմբոնի հանքային դաշտում ուսումնասիրությունները, եւ երկրորդը` Ղարաբաղի մնացած բոլոր շրջաններում: Դրմբոնի հանքային դաշտը կարեւորում ենք այն առումով, որ Դրմբոնի պաշարները սահմանափակ են, եւ այն փոքրիկ հանքավայր է համարվում, ուստի խնդիր ունենք Դրմբոնի շրջակա տարածքում գտնել, եթե կա այդպիսին, արդյունաբերական նշանակության եւս մեկ հանքավայր, որից մենք հնարավորություն կունենանք արդյունահանել հանքաքար եւ վերամշակել արդեն Դրմբոնում առկա մեր արդյունաբերական համալիրում: Ասեմ, որ ուսումնասիրությունների արդյունքները բավականին խոստումնալից են, եւ մենք հույս ունենք, որ առաջիկա տարիներին հնարավորություն կունենանք ամբողջական պատկեր ստանալ Դրմբոնին հարող հանքային դաշտի վերաբերյալ: Դեռեւս վաղ է ասել, որ որեւէ արդյունաբերական նշանակության հանքավայր հենց այստեղ էլ կունենանք, բայց շանսեր կան, եւ հնարավորությունները, որոնք մենք օգտագործում ենք, պետք է բերեն վերջնական արդյունքի: Բացի դրանից, խիստ կարեւորում ենք նաեւ մնացած շրջաններում իրականացվող աշխատանքները. այստեղ փոքրիկ հաջողություններ ունենք, մասնավորապես` Մարտակերտի մոտ ունենք հանքային դաշտ, որը որպես հանքավայր դեռեւս վաղ է ասել, բայց որպես հանքերեւակում, ընդ որում` բավականին մեծ ծավալներով, կարող է լուրջ ապագա ունենալ` կապված արդյունաբերական վերամշակման հետ: Խոսքը Ծաղկաշենի մոլիբդենային հանքավայրի մասին է: Ցավոք սրտի, մետաղի պարունակությունը հանքաքարում բավականին ցածր է, բայց հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաները եւ սարքավորումները, վերամշակման սարքավորումների հնարավորությունները` մենք ապագա ենք տեսնում այդ հանքավայրում: Ուսումնասիրության ավարտից հետո, հավանաբար, հնարավոր կլինի բազմամիլիոնանոց տոննաներով արտադրություն ունենալ: Ինչու միանգամից բազմամիլիոնանոց, որովհետեւ համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ ցածր մետաղի պարունակությամբ հանքաքարը պետք է մշակվի մեծ ծավալներով, որպեսզի հնարավոր լինի ապահովել արտադրության շահութաբերությունը:

-Ծաղկաշենը երկարատեւ գործունեություն կապահովի՞: Բացի դրանից, կա՞ն այլ հաջողություններ:

-Եթե որպես առաջնային ուղղություն նշենք, բացի Դրմբոնի հանքավայրից` Ծաղկաշենը շատ խոստումնալից է: Սա հատկապես ուրախալի է այն առումով, որ կարող է Ղարաբաղի տնտեսության համար տասնամյակների ընթացքում լուրջ խթան հանդիսանալ: Սա նախագիծ է, որը պետք չէ դիտարկել որպես կարճաժամկետ արդյունք: Դրմբոնի մոտ` 4-5 կմ հեռավորության վրա, ունենք նաեւ Մեհմանայի բազմամետաղային հանքավայրը, որը բավականաչափ ուսումնասիրել ենք, եւ կախված շուկայական գների կոնյուկտուրայից` չի բացառվում, որ առաջիկա տարիներին շահագործում կլինի նաեւ այս հանքավայրում: Սա Ծաղկաշենից եւ Դրմբոնից տարբերվում է նրանով, որ բազմամետաղային երակային տիպի հանքավայր է, որը ենթադրում է փոքր ծավալով արտադրություն, որովհետեւ հնարավոր չէ նեղ երակային հանքավայրում մեծ ծավալով ստորգետնյա պայմաններում արդյունահանում իրականացնել: Մեր գնահատմամբ` սա եւս կլինի մի լրացուցիչ կաթիլ մեր արտադրության հզորության եւ Ղարաբաղի տնտեսության համար, ինչը հնարավորություն կտա մեկ կամ երկու տասնամյակ փոքր ծավալների արտադրություն ունենալ:

-Իսկ ինչքա՞ն գումար է ծախսվել այս տարիների ընթացքում երկրաբանական ուսումնասիրությունների համար:

-Մոտ 3-5 մլն դոլար գումար է ծախսվել այդ ուղղությամբ: Անցած տարվա մեր ծախսերը կազմել են շուրջ 1 մլն դոլար, այս տարի եւս նախատեսում ենք 600-800 հազար դոլար ծախսել: 2008 թվականը, ցավոք սրտի, բացասական առումով աչքի ընկավ նրանով, որ առաջին կիսամյակից հետո բոլորս հայտնվեցինք խորը ճգնաժամում, սակայն հիմա, կարծես թե, մեր ընկերությունները ոտքի են կանգնում: Այդ առումով «Բեյզ Մեթլս»-ը բավականին ամուր է, ինչը կրկնակի ուրախալի է: Նախ` ձեռնարկությանը հաջողվեց աշխատանքային ռիթմը պահել, եւ երկրորդ` մենք կարողացանք նաեւ պետբյուջեի նկատմամբ մեր դերն ու նշանակությունը պահպանել, ինչը շատ կարեւոր է:

-Ինչո՞վ է, ընդհանրապես, հարուստ Ղարաբաղը:

-Ղարաբաղի տարածքն ընդհանրապես մետաղներով է հարուստ: Մետաղական գրեթե բոլոր տարրերը ներկայացված են այստեղ, բայց դա չի նշանակում, որ դրանք կարող են երբեւիցե հանքավայր լինել: Այսօրվա դրությամբ վստահ կարող ենք ասել, որ Դրմբոնի հանքավայրը կա` իր հաստատված պաշարներով, եւ կա Մեհմանայի բազմամետաղային հանքավայրը, մնացածը գտնվում են ուսումնասիրության տարբեր փուլերում: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ունենք մոլիբդեն, պղինձ, կապար, ցինկ, սնդիկ, ոսկի, արծաթ, նիկելի որոշ երեւակումներ կան, որոնք օքսիդացված տեսքով են հանդես գալիս, ցավոք սրտի, եւ բավականին ցածր պարունակությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter