
Այսօր այցելել էինք Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նիստերից մեկը լուսաբանելու: Մուտքի անցակետում դատական կարգադրիչը, տեղեկանալով, որ լրագրող եմ, շփոթվեց եւ փորձեց պարզել, թե ի՞նչ նպատակով եմ այցելել իրենց: «Այստեղ հարցաքննություններ անելո՞ւ եք, թե՞ ոչ»,- կարգադրիչի հարցին պատասխանեցի, որ հարցաքննություն անելու իրավասությունը օրենսդրությամբ իրավապահ մարմիններին է տրված:
Կարգադրիչն ավելի շփոթվեց եւ անձնագիրս ձեռքին գնաց իրենց ստորաբաժանման պետի մոտ: Շուտով պետն ինձ հրավիրեց իր մոտ եւ խնդրեց բացատրել, թե ես ինչո՞ւ եմ եկել իրենց մոտ: «Ես Ձեզ մոտ չեմ եկել, դատական նիստը պետք է լուսաբանեմ»,- բացատրեցի ես:
«Իսկ դատարանից թույլտվություն ունե՞ք»,- հարցրեց կարգադրիչների պետը: Նա վիրավորվեց, երբ ես ասացի, որ ըստ ՀՀ օրենսդրութան` ցանկացած քաղաքացի, այդ թվում եւ լրագրողը, իրավունք ունի մասնակցելու ցանկացած դռնբաց դատական նիստի:
«Ես քո օրերը տարիներով եմ հաշվել»,- հայտարարեց կարգադրիչների պետը եւ զանգահարեց դատավորին` պարզելու, թե ես իրավունք ունեմ նիստին ներկա գտնվելու, թե ոչ: Դատավորի հետ զրույցից հետո իմ տվյալները մանրամասն գրանցեցին եւ ուղեկցեցին դատական նիստերի դահլիճ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել