Ազոխի քարանձավը եւ Անդրկովկասյան միջանցքը
Երեկ ԼՂՀ Ազգային ժողովի դահլիճում տեղի է ունեցել Ազոխի քարանձավում արդեն 9-րդ տարին պեղումներ իրականացնող միջազգային գիտահետազոտական արշախավախմբի աշխատանքների շնորհանդեսը, որին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, զբոսաշրջության վարչության պատասխանատուներ, ոլորտի մասնագետներ, արշավախմբի անդամներ, լրագրողներ:
Արշավախմբի անդամները, կարեւորելով Ազոխի քարանձավի պեղումները, գտնում են, որ այն կարեւոր բնական, գիտական եւ պատմական վայր է, քանի որ տեղակայված է Աֆրիկա-Եվրոպա-Ասիա` մարդկանց տեղաշարժի կարեւոր ճանապարհի վրա: Ինչպես միջացառման ժամանակ շեշտվեց, պեղումների ժամանակ քարանձավից հայտնաբերված գտածոները վկայում են, որ ամենաքիչը 300 հազար տարի առաջ քարանձավը մարդկային ապաստան է եղել, ինչպես նաեւ փաստում են, որ քարանձավը բնակեցված է եղել նախամարդկանց ամենաքիչը երկու տեսակով: Խմբի անդամների կարծիքով, ամենայն հավանականությամբ, հայտնաբերված նմուշները հնագույն մարդու` նեանդերտալցու այստեղ ապրելու մասին են խոսում:
Այստեղ հայտնաբերված կենդանիների մեծաքանակ տեսականին` նյութեղեն գտածոների հետ միասին /քարե գործիքներ, օջախներ/ կենդանիների ու մարդկանց տարբեր խմբերի կողմից բնակեցված լինելու փաստի ապացույցներ են:
Արշավախումբն ուսումնասիրում է նաեւ քարանձավում գտնվող խեցեղենն ու ածուխները` պարզելու թե ինչ պայմաններում են այստեղ մարդիկ բնակվել եւ ինչեր են նրանց կողմից օգտագործվել կենցաղում: Պարզվում է, որ կարեւոր նշանակություն ունեն նաեւ քարանձավի ներկայիս «բնակիչները»` չղջիկները, որոնք, ըստ արշավախմբի անդամների, անհետացման եզրին գտնվող չղջիկների տարբեր տեսակներ են, որոնց պետք է պահպանել:
Ոչ միայն չղջիկները, այլ համաշխարհային գիտական ու մշակութային նշանակություն ունեցող այս հնավայրն է պահպանման կարիք զգում, քանի որ այստեղ առկա հնագիտական արժեքները ոչնչացվում են ցանկացած այցելուի կողմից, ովքեր առանց համապատասխան մասնագետի ուղեկցությամբ են գալիս այստեղ, իսկ Ազոխի քարանձավում նման այցելուներ շատ-շատ են լինում: Առանց այդ էլ այստեղ առկա արժեքները մեկ անգամ վնասվել են 1960-ական թվականներին` ադրբեջանական արշավախմբի կողմից կատարված պեղումների ժամանակ:
Ամեն տարի արշավախումբը պեղումները շարունակելուց առաջ մաքրում եւ վերականգնում է այն վնասները, որոնք հասցվում են նախորդ աշխատանքներից հետո, ինչը նաեւ ժամանակ է խլում խմբից: Խմբում ընդգրկված մասնագետները գտնում են, որ կարեւոր նշանակություն ունեցող այս հնավայրը պահպանելու եւ այստեղ պեղումները շարունակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես փակել քարանձավը, քանի որ այս հնավայրի ամենամեծ արժեքները հողաշերտերն ու դրանցից հայտնաբերված հնագույն գտածոներն են:
Ուստի այստեղ այցելությունը, ըստ արշավախմբի անդամների, պետք է իրականացվի հատուկ էքսկուրսավարի ուղեկցությամբ: Սովորական այցելուները չպետք է մտնեն քարանձավի այն հատվածները, որտեղ բնավորված են չղջիկները, բայց նրանք հնարավորություն կունենան մտնել այն մուտքերը, որտեղ իրականացվում են պեղումներ: Ինչպես միջացառման ժամանակ հայտնի դարձավ, գտածոների վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան մուտքագրվում է համակարգիչ եւ ստեղծվում տվյալների բազա, որոնց հիման վրա էլ արդեն գործում է Ազոխի քարանձավի մասին պատմող կայքէջը` www.azokhproject.co.uk հասցեով: Նախատեսվում է նաեւ Ազոխ գյուղում գիտահետազոտական կայանի եւ այցելուների կենտրոն կառուցել, որտեղ նրանք կանգ կառնեն: Այստեղ նյութերին եւ քարանձավի աշխատանքներին առնչվող լուսանկարներ, տեսահոլովակներ կցուցադրվեն, կներկայացվեն տարածքի, քարանձավի պատմության եւ ընթացիկ աշխատանքների մասին անհրաժեշտ տեղեկություններ:
Քարանձավի եւ Լեռնային Ղարաբաղի մշակույթի մասին առաջին ցուցահանդեսը, ինչպես այսօր նշվեց միջոցառման ընթացքում, տեղի կունենա 2010 թվականին Իսպանիայի Մադրիդ քաղաքում, այնուհետեւ այն կշրջի Եվրոպայի մի շարք երկրներով, որից հետո իր վերջնական հանգրվանը կգտնի Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանում եւ Ազոխի այցելուների կենտրոնում:
Արշավախմբի նպատակը հիմա ոչ միայն քարանձավում պեղումներ կատարելն է, այլ նաեւ նորմալ մասնագետներով թիմի ստեղծումը, որը Ղարաբաղում կշարունակի աշխատաքները` ինչպես Ազոխի քարանձավում, որտեղ կա մոտ 20 տարվա աշխատանք, այնպես էլ մյուս վայրերում: Մասնագետների պատրաստման եւ նրանց ուսումը արտերկրում շարունակելու համար արշավախումբն աջակցություն է ցուցաբերում, մնում է միայն երիտասարդները դիմեն:
Հիշեցնենք, որ մինչեւ այս տարի արշավախումբը պեղումներն իրականացնում էր իրենց իսկ կողմից գտած հովանավորների միջոցներով, իսկ այս տարի առաջին անգամ պեղումների իրականացման, ինչպես նաեւ արտասահմանից մասնագետներին այստեղ բերելու կարիքներն ամբողջությամբ հոգացել է ԼՂՀ կառավարությունը` տրամադրելով շուրջ 10 մլն դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել