Արթուր Աբրահամ. «Թուրքին պարտվելն իմ հոգուն ծանր կնստեր»
IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի վերջին մենամարտը ազգությամբ թուրք Մահիր Օրալի հետ էր, ում հանդեպ նա հաղթանակ տարավ:
Արթուր Աբրահամը Հայաստանում է եւ այսօր հանդիպեց լրագրողների հետ: Անդրադառնալով այդ մարտին` նշեց, որ այս մենամարտն իր համար առավել կարևոր էր, քանի որ ազգությամբ թուրք մարզիկի հետ էր մենամարտում:
«Երբ ես հնարավորություն եմ ունենում, միանգամից ոչնչացնում եմ հակառակորդիս, չեմ սպասում երկրորդ հնարավորությանը: Սակայն նա շատ պինդ տղա էր, չէր ուզում պարտվել, հինգ անգամ ընկավ, սակայն ոտքի կանգնեց: Անգամ երբ իր մարզիչը սրբիչը նետել էր գետնին (դա մենամարտը դադարեցնելու նշան է - Ն.Հ.), նա կրկին ուզում էր կռվել»,- ասաց բռնցքամարտիկը:
Աբրահամի վերջին մարտը դիտելիս տպավորություն ստեղծվեց, որ Աբրահամն ինքը հակառակորդի մարզչին խորհուրդ տվեց, որ նա մարտը դադարեցնի: Բռնցքամարտիկը հաստատեց դա:
«Ես հակառակորդիս մարզչի հետ շատ մտերիմ եմ, նրանց ցույց տվեցի, որ շարունակելու կարիք չկա, քանի որ միավորներով նա չէր կարող հասնել ինձ, և կարիք չկար, որ առողջությունն իզուր փչացնի: Դա զուտ հարգանքի նշան էր»,-ասաց նա` հավելելով, որ իր բոլոր հաղթանակները նվիրված են իրեն, իր ընտանիքին ու իր ազգին:
«Այս հաղթանակն էլ ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ, քանի որ հակառակորդը թուրք էր, ու թուրքին պարտվելն իմ հոգուն ծանր կնստեր, ինձ համար դա առավել ցավալի պարտություն կլիներ: Այդ պատճառով ես ավելի լավ էի պատրաստվել»,- ասաց նա:
Աբրահամը փոխել է իր քաշային կարգը. մինչ այս նա մարտնչում էր 72,5 կիլոգրամ քաշային կարգում, իսկ հիմա` 76,2 քաշային կարգում: Չորս կիլոգրամով բարձրացրել է կարգը:
«Տեղի է ունենալու մեծ մրցաշար աշխարհի բոլոր չեմպիոնների մեջ` սուպեր չեմպիոնների: Այն երկու տարի է տևելու, մինչև պարզվի, թե ով է սուպեր չեմպիոնը: Դրանք այնպիսի մենամարտեր են, որոնց նմանը պատմության մեջ դեռ չի եղել, վեց հանրահայտ բռնցքամարտիկ աշխարհի չեմպիոն: Առաջին անգամ է նման բան տեղի ունենում բռնցքամարտի աշխարհում, ու հաղթողն ուղղակի լեգենդ կլինի: Դա շատ լուրջ մրցաշար կլինի: Առաջին մենամարտը կլինի Թեյլորի հետ` նոյեմբերի 7-ին, Գերմանիայում»,- ասաց նա:
Այդ մրցաշարի մասին հայտնի բռնցքամարտիկ Քելլի Պավլիկն ասել էր, որ գրոշների հետևից են գնում: Ի պատասխան` Աբրահամը նշեց. «Պավլիկը թող նախ իր թմրամոլության հարցերը լուծի, հասկանա, թե ինչ է ասում: Այնտեղ գրոշներ չկան, ոչ մի աշխարհի չեմպիոն գրոշների համար չի մենամարտի: Նա ընդամենը նախանձում է, դրա համար էլ նման անխելք բաներ է ասում»:
Քաշային կարգի փոփոխությունից հետո բռնցքամարտիկն իրեն ավելի լավ է զգում, քանի որ սովորաբար մարտերից առաջ մոտ 10 կիլոգրամ քաշ էր գցում, իսկ հիմա ավելի քիչ քաշ կգցի: Սակայն դժվարությունն էլ այն է, որ հակառակորդներն ավելի ծանր կլինեն: Սակայն Աբրահամը հավաստիացնում է, որ ռինգում հաղթում է ոչ թե նա, ով ավելի ուժեղ է, այլ նա, ով ավելի խելացի է:
Աբրահամը ստիպված էր գոտին հանձնել, երբ քաշային կարգը փոխեց: Բռնցքամարտիկի խոսքով` դա իր ցանկությունն է եղել: «Հանձնելը ցավալի էր, սակայն ես անպարտելի հանձնեցի այն: 30 մենամարտ անցկացրի ու բոլորում հաղթեցի: Դրանից հետո այդ քաշային կարգում այլևս մեծ մենամարտեր չէին կարող լինել, գրեթե բոլորի հետ արդեն մենամարտել էի, ու հետաքրքիր չէր ինձ դա»,- ասաց նա:
Հայազգի մյուս հայտնի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը վերջերս պարտություն կրեց: Ա. Աբրահամն ասում է` ինքը Նյու Յորքում էր, երբ իմացավ Վիկի պարտության մասին:
«Մեկ շաբաթ առաջ խոսել էինք հեռախոսով, ես վստահ էի, որ նա կհաղթի: Ուղղակի բռնցքամարտ է, չես կարող իմանալ` ինչպես կլինի: Ինձ համար նրա պարտությունը զարմանալի էր ու ցավալի, չէի սպասում, ուղղակի երևի դա իր օրը չէր: Հուսով եմ, որ Վիկը այդ տղային դեռ կոչնչացնի: Նա շատ ուժեղ բռնցքամարտիկ է, որոշ ժամանակ անց ցույց կտա իր ուժը»,- ասաց նա:
Բռնցքամարտիկը գտնում է, որ ամեն մարդ պարտությունը մի ձևով է ընդունում: Կոնկրետ ինքը, եթե նարդի էլ խաղում է, չի սիրում պարտվել: «Թեև ինձ անպարտելի չեմ համարում, քանի որ անպարտելի մարդիկ գոյություն չունեն: Բոլորն էլ կարող են պարտվել, պարզապես դա ցանկալի չէ»,- ասաց նա:
Խոսելով կանանց բռնցքամարտի մասին` Աբրահամն ասաց, որ այն ավելի դանդաղ է, ավելի թույլ, այլ տեխնիկա ունի: «Եթե կինը ցանկանում է այդ սպորտով զբաղվել, թող զբաղվի: Սակայն կոնկրետ ես չէի ցանկանա, որ իմ կինը կապտած աչքով տուն գար»,- ասաց նա:
Երևանում` Ներքին Չարբախում, Արթուր Աբրահամը շուտով իր մարզադպրոցը կհիմնի, որտեղ երեխաները սիրողական բռնցքամարտով կզբաղվեն:
Բռնցքամարտիկը ներկայումս նաև զբաղվում է անշարժ գույքի և ինքնաթիռների բիզնեսով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել