Ամերիկահայ գործարարի ոդիսականը. նոր բացահայտումներ
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը նոր փաստեր է հայտնաբերել: Նա նամակ է հղել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում պաշտոնական բողոքներ եմ ներկայացրել ՀՀ նախահահին, գլխավոր դատախազին, ՊԵԿ-ի նախագահին, ոստիկանապետին և դատարաններին` իմ կողմից հիմնադրված «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ից առնվազն $ 5.600.000-ի անշարժ գույքեր հափշտակելու մասին:
Ըներությանը պատկանող տարածքները հափշտակել են ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը, ընկերության 21% բաժնետեր Վլադիսլավ Մանգասարյանը և 17% բաժնետեր Ղևոնդ Ղալումյանը: Նրանց բոլորի համատեղ պայմանավորվածությամբ ընկերության և «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ի միջև (փաստացի տերը հանդիսանում է Վլադիսլավ Մանգասարյանը) ձևակերպվել են բազմաթիվ անփող փոխառություններ, որի արդյունքում ընկերությանը ծանրաբեռնել են կեղծ պարտավորություններով, այնուհետև կազմակերպել են ընկերության կանխամտածված սնանկությունը, և սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի հետ միասին շարունակում են ընկերության թալանը:
Արդյունքում տուժել եմ ես` Էդմոնդ Խուդյանս` ընկերության հիմանդիր և 62% բաժնետերը, և մի խումբ սփյուռքահայեր զրկվել են իրենց տարածքներից և վճարած գումարներից: Քրեական մարմինները դեռևս աշխատանքներ են իրականացնում այս ուղղությամբ, և մեղավորները շուտով պատասխանատվության կենթարկվեն:
Հարկ եմ համարում տեղյակ պահելու, որ Մաշտոցի 33ա հասցեի 1708 քմ մակերեսով շինությունը «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ից ապօրինի կերպով է «վաճառվել» Վլադիսլավ Մանգասարյանի հետ համագործակցող Սևակ Արզարունուն, հետագայում այն փոխանցվել է դրա հետ որևէ առնչություն չունեցող Ռոբերտ Հարությունյանին:
Իսկ 2011թ. հուլիսի 11-ի պայմանագրով Մաշտոցի 33ա հասցեի 1708 քմ մակերեսով շինությունը գրավ է դրվել «Հայբիզնեսբանկում», որի դիմաց 825.400.000 ՀՀ դրամ ($ 2.275.000) վարկ է տրամադրվել նույն «Վ.Մ.Գ.Գրուպ» ՓԲ ընկերությանը, այսինքն` Վլադիսլավ Մանգասարյանին:
Հետևաբար, Մաշտոցի 33ա հասցեի 1708 քմ մակերեսով շինությունը ենթակա է վերադարձման ընկերությանը, որի կապակցությամբ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին կանխամտածված սնանկության տանելու փաստով քննվող քրեական գործով քննություն է կատարվում:
Հրանտ Ղամբարյանը հանցավոր համաձայնության է եկել խմբի անդամների հետ և, «անտեսելով» Մաշտոցի 33ա հասցեում ընկերությանը պատկանող 1708 քմ մակերեսով շինության ձևական օտարումը Սևակ Արզարունուն, միտումնավոր կերպով միջոցներ չի ձեռնարկում տարածքի վերադարձման համար: Բոլոր փաստաթղթերը ներկայացված են և Հ. Ղամբարյանին, և ՊԵԿ-ին: Այս հարցով ՊԵԿ-ի քննիչի կողմից կատարվում է քննություն:
Փաստորեն, Վլադիսլավ Մանգասարյանը 2009թ.-ին դատարանի վճռով սնանկ ճանաչվելուց և ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2009թ.-ին հրապարակված «սև ցուցակի» առաջատարի «պատվավոր տեղը» զբաղեցնելուց հետո էլ շարունակում է «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության անունից միլիոնավոր դոլարների հասնող ապօրինի գործարքներ իրականացնել, բանկից վարկ ստանալ և յուրաքանչյուր գործարքի հիմքում անօրինականություն ու խարդախություն է»:
Նամակի պատճենը ուղարկվել է նաեւ «Հայբիզնեսբանկի» կառավարիչ Արա Կիրակոսյանին, «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանին, Վլադիսլավ Մանգասարյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել