Վահան Արծրունի. «Ես 7 համերգ եմ նվագել առանց հանդիսատեսի»
Հանդիպում
Վահան Արծրունու հետ ծանոթացա վերջին շրջանում ամենահայտնի սոցիալական կայքերից մեկում: Վահանը միանգամից արձագանքեց իմ նամակին եւ սիրով սկսեց շփվել. մի բան, որը քիչ է պատահում արվեստագետների հետ, ովքեր շատ դեպքերում փորձում են դուրս չգալ «աստղային» շրջանակներից:
Մի քանի ամիս վիրտուալ շփումից հետո Վահանն ինձ հրավիրեց իր տուն: Նրան հյուր պետք է գային եւս երկու երիտասարդներ: Վահանը մեզ ներկայացրեց իր վերջին ստեղծագործությունը` ասորական վաղ քրիստոնեական երաժշտություն, որը ծեսի եւ պատարագի միակցություն է: «Ես համոզված եմ, որ իմ այս գործը երբեւէ իր արձագանքը չի գտնի հայկական իրականության մեջ: Գուցե մի ինչ-որ տոկոսի դա հետաքրքրի, բայց ես պիտի դրանով զբաղվեմ, ես պիտի բերեմ ձեր նման երիտասարդներին իմ տուն, միացնեմ ու լսեք, ձեզ հետաքրքրեմ, ինչն էլի անհեթեթություն է: Այդ երաժշտությունը ոչ ռադիոյով կհնչի, ոչ` հեռուստատեսությամբ: Մարդիկ, ովքեր զբաղվում են մարքետինգով, հասկանում են, որ Հայաստանն արվեստ սպառելու շուկա չէ, նրանք հստակ պատկերացում ունեն Հայաստանի նախասիրությունների եւ այստեղ առկա ճաշակի մասին: Սա սարսափելի է, այն արդեն դառնում է անդունդի հատակ, որտեղից ելք չկա: Ելքն այնքան վերեւում է մնացել, որ լույսը չի երեւում»:
Արվեստը` փող աշխատելու միջոց
«Այսօր հայ երաժիշտներին ես առանձնացնում եմ 3 կատեգորիայի` 1. արվեստն արվեստի համար` ինքնաբավ վիճակ: 2-րդ տարբերակ. երբ երաժիշտն ինչ-որ կատեգորիայի է հասնում եւ դառնում է վարձու: 3-րդ կարգի երաժիշտներն օգտագործման համար են: Նրանք իրենց տաղանդը ներդնում են ընդամենը հանապազօրյա հաց վաստակելու համար: Ես դեմ չեմ, հասկանում եմ, որ նրանք պետք է ապրեն եւ մի բանով կերակրվեն, բայց թող նրանք իրենց գործի անունը արվեստ չդնեն: Հայերը երաժշտության բնագավառում շատ տաղանդավոր են, ուրիշ բան, որ իրենք իրենց տաղանդն այլ բաների համար են աշխատացնում: Գերեզման փորելով էլ կարելի է փող աշխատել, բայց արվեստը կամ երաժշտությունը ուրագ չէ: Եթե փողի խնդիր է եւ պետք է երեխաներիդ կերակրես, թո´ղ երաժշտությունը, մի ուրիշ բան արա, որ այդ հացը դնես սեղանիդ... Եթե այն, ինչ անում ես, հացի համար ես անում, ազնիվ եղիր եւ խոսիր հացի եւ սոցիալական խնդիրների մասին, արվեստ անունը մի´ տուր, քեզ արվեստագետ մի´ կոչիր: Արվեստը մեր իրականության մեջ այն փոքր միջոցն է, որը հնարավորություն է տալիս մեր իրականության մեջ մի փոքրիկ օղակ մաքուր պահել, եթե դու գիտակցաբար հրաժարվում ես այդ միջոցից, ուրեմն պիտի գիտակցես, որ ոչնչով չես տարբերվում այն համընդհանուր գորշությունից, որում բոլորս ստիպված ենք ապրել»:
Ինչու պիտի հեռանամ
«Իմ քաղաքացիական ստատուսն այսօր գործազրկությունն է: Ես քաջ գիտակցում եմ, որ իմ ստեղծագործությունը այստեղ պահանջարկ չունի: Իմ ստեղծագործության պահանջարկը Հայաստանից դուրս է, որի շնորհիվ ես դեռ այստեղ եմ ապրում: Բայց ես հասկանում եմ, որ այս ամենը երկար տեւել չի կարող: Այսքան տարիների ընթացքում ես ում հետ աշխատել եմ, բոլոր այդ երաժիշտներն արդեն այստեղ չեն: Բոլորը գնում են: Բայց ինչու պիտի ես գնամ. սա իմ երկիրն է, ինչու պիտի գնամ: Քանի դեռ հնարավոր է հանգիստ ապրել եւ շնչել, ես մնալու եմ: Ես չեմ ուզում, որ դուք սա ընկալեք հայրենասիրական ենթատեքստի տակ: Այստեղ հայրենասիրություն չկա, ուղղակի սա իմ երկիրն է, պիտի այստեղ մնամ: Այստեղ իմ ընկերությունն է, սա իմ Երեւանն է: Եթե հեռանալու լինի, թող իմ հարեւանը հեռանա, ով չգիտես` ինչու է այստեղ հայտնվել: Հեռանալու ռեսուրսը նրա մոտ ավելի շատ է»:
70 տարեկանում հնարավոր է գնահատվել
«Շատ դժվար է այսօր արտասահմանում ճանաչվել: Արտասահմանի հանդիսատեսն ասում է. «Եթե դու քո հայրենիքում ճանաչված չես, ինչու ես հավակնում մեզ մոտ ճանաչվելու»: Եթե դիտենք համընդհանուր փորձը, ապա չենք գտնի այնպիսի դեպք, որ երաժիշտը կամ արվեստագետը իր հայրենքիում ճանաչված չէ, բայց ճանաչվել է արտասահմանում: Չկան այդպիսի օրինակներ: Մենք` արվեստագետներս, այսօր պատանդ ենք մեր իրականության անտարբերության, տգիտության եւ բթամտության ձեռքերում: Բոլոր հայ ստեղծագործողներն այդ առումով պատանդ են, որովհետեւ հանրությունը չգիտի` ինչ չափանիշներով վերաբերվի, գնահատի, չգիտի: Նա սպասում է, երբ հայ գործիչը գնահատվի արտասահմանում եւ նոր սկսում է դրսեւորել իրեն: Դա ահավոր է, որովհետեւ հայ երաժիշտը կարող է արտասահմանում գնահատվել միայն եզակի դեպքերում: Մեր իրականության մեջ Ջիվան Գասպարյանն այն եզակի մարդն է, որը ճանաչում եւ հարգանք գտավ Հայաստանից դուրս: Ամսվա մեջ այդ մարդը 10-15 համերգ է տալիս, բայց Հայաստանում տարիներով համերգ չի տալիս: Ինչո՞ւ, որովհետեւ գիտակցում է, որ իր արվեստը մայր հայրենքիում չի գնահատվում: Եթե Ջիվան Գասպարյանի օրինակով դիտարկենք, ապա հույս կունենանք, որ մեր ամբողջ կյանքի գործունեությունից հետո 70 տարեկան հասակում նոր կգնահատվենք»:
Պատանդ իրականության մեջ
«Ոչ միայն ես, այլ այն բոլոր մարդիկ, ովքեր աշխատում են արվեստի դաշտը մաքուր պահել, նրանք այս իրականության մեջ պատանդ են: Եւ դրանով էլ բացատրվում է, որ մենք չկանք հեռուստատեսությունում, չկանք ռադիոներում: Եւ եթե այսօր ես որոշեմ, որ այլեւս համերգ չեմ տալիս, կստացվի, որ ես երաժշտական իրականությունից դուրս եմ: Որովհետեւ հայկական երաժշտական իրականությունը չի կարող իրեն դրսեւորել իմ նկատմամբ: Այսինքն` չկա փոխադարձություն: Իսկ ես ակումբներում հոգնեցի համերգ տալուց: Ես ինչքա՞ն կարող եմ ճխտել այդ մեծ տարածություն պահանջող երաժշտությունը փոքր ակումբներում: Չի հնչում այդ երաժշտությունը այդ փոքր սենյակներում, դա ծիծաղելի է:
Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե քանի մարդ կգա իմ համերգին: Ես դա իմ մեջ դաստիարակեցի, երբ նվագում էի Գեւորգյան ցուցասրահում: Ես 7 համերգ եմ նվագել առանց հանդիսատեսի: Հանդիսականի հանգամանքն ինձնից հեռացրել եմ, դա շատ բարդ էր ինձ համար: Ինքդ քեզ պիտի այդ առումով դաստիարակես: Երբ դու քեզ կապում ես այդ հանգամանքի հետ, դու կախյալ իրավիճակում ես գտնվում քո հանդիսականից, որը ես ինձ թույլ չեմ կարող տալ: Ինձ համար մեծ նշանակություն չունի` բոլոր տեղերը զբաղված են դահլիճում, թե ոչ, իրապես նշանակություն չունի: Ես արտիստական ձեւեր չեմ թափում: Բայց մի քանի տարի առաջ մեծ նշանակություն ուներ: Իմ հանդիսատեսը լավն է: Ինձ համար չի կարող միեւնույնը լինել, թե իմ դահլիճում բութ մարդ է նստած, թե խելացի, դաստիարակված է, թե ոչ, որովհետեւ ես շփվում եմ նրանց հետ: Տգետ մարդը շատ մեծ դիսկոմֆորտ է ապրում իմ համերգների ժամանակ: Պահ է գալիս, երբ նա այլեւս չի կողմնորոշվում, թե ուր է ընկել, ինչի համար: Ու ընկնում է մտային դիսկոմֆորտի մեջ, որը մարդիկ ավելի ծանր են տանում»:
Փրկվելու հնարավորություն
«Մեր դաշտը քիչ-քիչ մաքրվում է: Ես տեսնում եմ, մեր ազգն ունի այդ պոտենցիալը: Կան մարդիկ, ովքեր կմաքրեն ու կփրկեն: Ժամանակին կար Մեսրոպ Մաշտոցը, նա փրկեց, նա արեց այն, ինչի նման մի բան այսօր անհրաժեշտ է մեզ: Սա չի նշանակում, որ ռաբիս մասսան պետք է վերացվի: Այդ մարդկանց գենետիկական խաչն էլ ռաբիս լսելն է: Այդ մեծամասնությունը հնարավորություն է տալիս փոքրամասնությանը հաստատել եւ շտկել իր տեղը: Եւ եթե քեզ չեն խանդավառում թուրքական մուղամները, ուրեմն դու ուրիշ մի բանով ես հետաքրքրվում: Եւ դու սկսում ես այն փնտրել եւ գտնում ես: Սա որակը զտելու միակ ձեւն է: Եթե քո դուրը գալիս է արեւելյան կլկլոցը, դա նշանակում է, որ դու մաքուր չես: Եթե քո դուրը գալիս է արաբական եւ թուրքական մուղամը, ապա դու քո վրա պիտի աշխատես, մաքրես քեզ այդ աղբից, որ ազատվես: Այ, երբ այդ գիտակցությունը մտնի մեր մեծամասնության գիտակցության մեջ, ապա ազգը կփրկվի: Ինչը մի քանի անգամ պատմության ընթացքում մեզ հետ տեղի է ունեցել: Հային տնից հանում էին, քշում, վառում: Բայց հայը, փողերը ու թանկարժեք բաները թողած, գիրքն էր գրկում տանում. ինչո՞ւ, գիրքն ավելի թա՞նկ է, գիրքն ավելի լա՞վն է ու սիրու՞ն: Չէ´, մարդկանց մեջ գիտակցություն կար: Ախր, նա ոչ էլ կարդալ գիտեր: Սա գիտակցության խնդիր է, որը բերեց եւ այդ գիրքը հասցրեց Մատենադարան»:
Ռադիո եւ հեռուստատեսային փորձ
«Այդ տարիներին ես մտածում էի, որ եթե մարդկանց իսկական արվեստ մատուցեմ` կերպարվեստից սկսած մինչեւ կինո, ապա մարդկանց մեջ մի բան կփոխվի: Բայց, ոչ մի արդյունք, ոչինչ չփոխվեց: Այսօր մենք միայն մեկ հեռուստաալիք ունենք, որը փորձում է իր եթերում Արմենչիկ չտալ: Այն, ինչ մենք անում էինք «Ա1+»-ում, բացառիկ էր: Այդ ժամանակ ոչ մի ալիք արվեստի մարդկանց չէր անդրադառնում: Ինձ թվում էր, որ ընդամենը պետք է այդ մարդկանց ցույց տալ, այդ մարդկանց կենդանի խոսքը հաղորդել, արվեստանոցը ցույց տալ, եւ միջավայրը կփոխվի: Որովհետեւ երբ մենք նստած էինք նստացույցի, դա, ի վերջո, բերեց անկախության, որովհետեւ այն ընկերներս, որ գնացին զոհվեցին, դա բերեց այս սահմաններին: Իսկ այսօր ուզում են հայ-թուրքական սահմանները բացել: Սահմանների բացման պայմանում մենք այս մեր խնդիրը լուծելու փոխարեն այն կտեղափոխենք եկող դար: Ախր, կարո՞ղ եք ինձ մեկ օրինակ բերել, երբ որեւէ պետություն իր դռները բացի իր դարավոր թշնամու առջեւ եւ ասի` արի, արի ինձ հոշոտի: Չէ, այդպիսի բան չեք գտնի»:
Ամեն ինչ սկսվեց «Բիթլզ»-ից
«Իմ կյանքում ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ մենք 8-րդ դասարանում ընկերներով որոշեցինք խումբ կազմել եւ անպայման պիտի «Բիթլզ» նվագեինք: Հետո ինձ մոտ հետաքրքրությունը շեղվեց դեպի հայկական երաժշտությունը, այդ ժամանակ կարծես «բում» լիներ`Ռուբենը Հախվերդյան, Արթուրը Մեսչյան, Լիլիթը Պիպոյան, Վահրամը Թաթիկյան... Նրանք այդ ժամանակ շատ ակտիվ էին, կար միջավայր, որտեղ գործում էին միանշանակ տաղանդավոր մարդիկ, որոնց երգարվեստի հիմքում լուրջ պոեզիա էր: Այդ առումով ուշադրությունս շեղվեց դեպի երաժշտության այդ տեսակը` ֆոլկլորը:

Ինստիտուտում էինք արդեն, երբ ընկերներով որոշել էինք, թե այդ կիթառով եւ ֆլեյտայի ֆորմատով մշակելու ենք հայկական ֆոլկլորիկ ժառանգությունը: Մի երկու տարի փորձում էինք ինչ-որ ձայնագրություններ անել, չէր ստացվում: Բայց, փաստորեն, այդ տարիներին իմ ամբողջ նախասիրությունների դաշտը փոխվեց. սկսել էի ռոք երաժշտությունից, որը արդեն տեղափոխվեց եւ դրվեց հայկական հիմքի վրա: Շատ վաղ հասակում ես հասկացա, որ ինչ էլ գրելու եմ, պետք է լինի լուրջ բանաստեղծական հիմքի վրա: Հակառակ դեպքում այն դառնում է ինչ-որ անիմաստ բան: Եվ շատ վաղ հասակում էլ հասկացա, որ ես երգերի բառեր չպիտի գրեմ: Միայն 5-6 փորձ կա, որ իմ բառերի հիման վրա է, ինչը ես չշարունակեցի, քանի որ միայն ցանկությամբ բանաստեղծ լինել չես կարող, պիտի դա լինի քո միջից»:

Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել