HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի 2009 թ. բյուջեն 400 մլն դրամ է

24_06-j_karaaslanyan«Լույս» հիմնադրամի առաքելությունն է մեծացնել հայ ուսանողների թիվը աշխարհի լավագույն համալսարաններում: Այս մասին այսօր Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժակլին Կարաասլանյանը: Նրա խոսքերով` հիմնադրամի կայքում (www.luys.am) տեղադրված է աշխարհի առաջատար համալսարանների ցանկը, և եթե ուսանողը դիմում է այդ համալսարաններից որևէ մեկին և ընդունվում, ապա «մրցույթ չի լինի, մենք բոլորին կօգնենք»:

Ժակլին Կարաասալանյանի խոսքերով` «այս ցուցակը միշտ շարժումի մեջ է», քանի որ աշխարհի լավագույն բուհերը մրցում են իրար հետ: Անդրադառնալով ուսանողի այն դիտարկմանը, թե համալսարաններ կան, որոնք շատ ցածր դիրքեր են զբաղեցնում աշխարհի լավագույն համալսարանների ընդհանուր վարկանիշային ցուցակում, սակայն առանձին մասնագիտությունների գծով ավելի բարձր վարկանիշ ունեն, քան անգամ Օքսֆորդի կամ Հարվարդի համալսարանները` Ժակլին Կարաասլանյանն ասաց, որ եթե ուսանողը դիմում է ցուցակի մեջ չընդգրկված այդպիսի համալսարան, ապա իրենք կուսումնասիրեն այդ ուսանողի դիմումը:

«Լույս» հիմնադրամի 2009 թ. բյուջեն 400 մլն դրամ է: Հանդիպմանը ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ հիմնադրամը մասնավոր նախաձեռնություն է և օգտագործելու է միայն մասնավոր հատվածից հավաքագրված գումարները: Ուսանողներից մեկը նշեց, որ դատելով արտասահմանյան բուհերի վարձավճարների չափից` «Լույս» հիմնադրամի 400 մլն դրամը կբավականացնի ընդամենը 11-12 ուսանողի: Ի պատասխան` Ժակլին Կարաասլանյանն ասաց, որ հաճախ այդ համալսարանները կրթաթոշակներ են տրամադրում ուսանողներին, «մենք էլ կփակենք տարբերությունը»: Վարչապետն էլ նշեց, որ այս համալսարաններ ընդունվելը շատ դժվար է: «Թող ֆինանսական միջոցների պակասը լինի մեր պրոբլեմը: Մենք հիմա այդպիսի պրոբլեմ չունենք: Մենք  հակառակ պրոբլեմը ունենք. այդ համալսարաններ ընդունվողների քանակն է քիչ: Մի հատ գնացեք ընդունվեք, հետք եկեք ասեք. «Ինչի՞ մեզ փող չեք տալիս»: Մենք ասում ենք` նրանց, ովքեր կգնան կընդունվեն, մենք կօգնենք: Երկրորդը, ասում ենք` մենք ցանց ենք ստեղծում, որ բոլորին իրար հետ կապենք: Այդ դեպքում մեր պոտենցիալը էապես կավելանա: Եթե մեր ֆինանսական միջոցները չբավարարեն, կդիմենք ձեզ` հանրությանը, կխնդրենք, որ մեր հովանավորների քանակը ավելանա, տարբեր կազմակերպություններ մեզ օժանդակեն (այդպիսի բազմաթիվ կազմակերպություններ կան), և մենք կփորձենք ավելացնել մեր ֆինանսական միջոցները: Բայց այսօրվա դրությամբ մեր 400 մլն-ը դեռ սպառված չէ»,- ասաց Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով` որևէ երաշխիք չկա, որ արտերկրում սովորողները կվերադառնան Հայաստան: Ներկայիս իրավական դաշտը ևս ուղեղների արտահոսքը կանխելու մեխանիզմներ չի նախատեսում: Ժակլին Կարաասլանյանն էլ այս կապակցությամբ նշեց, որ «հայ ուղեղների շրջանառություն կա», ուսանողներն անընդհատ գնում-գալիս են: Հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրենի խոսքերով` այս ծրագիրը ոչ միայն հայաստանաբնակ, այլև բոլոր հայ ուսանողների համար է: Եթե սփյուռքում ապրող հայ ուսանողն ընդունվել է «Լույս» հիմնադրամի ցուցակում ընդգրկված բուհերից մեկը, ապա «օգնությունը կգա այնտեղից, որտեղից չէին սպասում»` Հայաստանից` դրանով իսկ նպաստելով, որ այդ ուսանողը մտածի Հայաստանի մասին ոչ թե որպես երրորդ, այլ առաջին աշխարհի երկրի մասին:

Վարչապետը նշեց, որ «Լույս» հիմնադրամի ֆինանսավորումը չի ենթադրում զինվորական ծառայությունից ուսանողների ազատում: Այստեղ առանձին կարգ չի գործում, և բանակից ազատվում են միայն այն ուսանողները, որոնք ընդունվել են բուհ և «գրավ ունեն դրված»: Հանդիպման ժամանակ հարց հնչեց, թե որքանո՞վ թափանցիկ է աշխատելու հիմնադրամը, և արդյոք հանրությունը կիմանա՞ ֆինանսական օգնություն ստացած ուսանողների անունները: Ի պատասխան` Տիգրան Սարգսյանը նշեց, որ ֆինանսական օժանդակություն ստացած բոլոր ուսանողների անուն-ազգանունները կտեղադրվեն կայքում, և «պետք է առավելագույն թափանցիկ լինել», քանի որ հիմնադրամը ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո է գործում: Սերժ Սարգսյանը նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ «Լույս» հիմնադրամը շատ «դանդաղկոտ» և անարդյունավետ է աշխատում, և մինչ այժմ ռեալ արդյունք չկա` «ուսանողների թիվը զրո է», Տիգրան Սարգսյանն ասաց. «Մենք կարողանում ենք անել այնքան, ինչքան ի վիճակի ենք այսօր անել»: Ներկայումս «Լույս» հիմնադրամում աշխատում է միայն Ժակլին Կարաասլանյանը, որը ֆիզիկապես չի կարողանում ամեն ինչ հասցնել, սակայն շուտով հիմնադրամի աշխատակազմը կընդլայնվի: Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը կարծիք հայտնեց, որ այս տարի առնվազն 15 ուսանող կկարողանա օգտվել հավաքագրված 400 մլն դրամից: Տիգրան Սարգսյանը նաև նշեց, որ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրը համակարգելու է խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ինքը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տեր Մեսրոպը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter