HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Առաջիկա չորս տարում Ախուրիկը կղեկավարի կին համայնքապետ

22_06-akhurikՀունիսի 21-ին Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ էր: Գյուղում մթնոլորտը բավական լարված էր: Երեք թեկնածու` երկու տղամարդ եւ մեկ կին, անկուսակցական Վարդիթեր Գասպարյանը, ՀՀԿ-ական Վարդան Խաչատրյանը եւ ԲՀԿ-ական Համբարձում Ավետիսյանը, պայքարում էին համայնքապետի աթոռի համար:

Գյուղը բաժանվել էր երեք մասի: Նման աշխուժություն գյուղում վերջին անգամ գրանցվել էր 2008 թ.-ի փետրվարին` նախագահական ընտրությունների ժամանակ: Ախուրիկում 2008-ի հոկտեմբերի 26-ին կայացած ՏԻՄ ընտրությունը խիստ սակավամարդ էր` 750 ընտրողից ընդամենը 120-ն էին մասնակցել: Համայնքապետ էր ընտրվել Դրաստամատ Բադեյանը: Սակայն, այս տարվա մարտ ամսին ախուրիկցիները մնացին առանց համայնքապետի: 16 տարվա համայնքապետ Դրաստամատ Բադեյանն ընտանիքը վերցրել ու պարզապես փախել էր գյուղից: Նա անգամ չէր վաճառել սեփական տունը` պարտքատերերն էին վերցրել պարտքի դիմաց: Դ. Բադեյանը հեռացել էր` գյուղը թողնելով պարտքերի մեջ` շուրջ 14 մլն դրամ: Համայնքապետի պաշտոնի համար առաջադրված երեք թեկնածուներից միայն անկուսակցական Վարդիթեր Գասպարյանն էր խոստացել ընտրվելու դեպքում առաջնահերթ լուծել կուտակված պարտքերի խնդիրը: Պարտքեր, որոնք կուտակվել էին ոչ թե համագյուղացիների, այլ գյուղապետի մեղքով: Նրա համոզմամբ` ընտրապայքարի մեջ մտած իր երկու հակառակորդներն էլ Բադեյանի գործը շարունակողներն են: Տիկին Գասպարյանը համոզված էր` եթե ընտրվի նրանցից որեւէ մեկը, ապա Ախուրիկի վիճակը գնալով ավելի կվատանա: ՀՀԿ-ական Վարդան Խաչատրյանն ավագանու անդամ է արդեն 14 տարի, իսկ ԲՀԿ-ական Համբարձում Ավետիսյանը երկար տարիներ եղել է Դրաստամատ Բադեյանի տեղակալը, ներկայումս էլ համայնքապետարանի աշխատակազմում գլխավոր մասնագետի պաշտոնն է զբաղեցնում: Թեկնածուներից Վարդան Խաչատրյանը նախընտրական ծրագիր չուներ: Հարցին, թե առաջնահերթ ինչ խնդիրներ եք խոստացել լուծել համայնքում, թեկնածուն պատասխանեց, թե ինքը գյուղացիներին ոչ մի ծրագիր էլ չի ներկայացրել, իրեն գյուղում լավ են ճանաչում, կընտրվի, էն ժամանակ էլ խոստումներ կտա: Նույն սկզբունքով էր պայքարի մեջ մտել նաեւ Համբարձում Ավետիսյանը: Այս երկու թեկնածուների համար գյուղում այլ կարծիք հայտնողներ էլ կային: Գյուղացիներից ոմանք, չցանկանալով, որ  իրենց անունները նշվեն, պնդում էին, որ թե' Վարդանը, թե' Համբարձումը գյուղի «աղայի»` համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նորիկ Սարգսյանի դրածոներն են: «Մի հասարակ տեղեկանքի համար Նորիկին պարտադիր 2000 դրամ փող ենք տալիս»,- ասաց նրանցից մեկը: Մի քանիսն էլ համոզված են, որ պոմպակայանի աշխատակից Վարդան Խաչատրյանի առաջադրումն էլ նպատակ ուներ պարտակելու 5 մլն դրամի պարտքը: Ախուրիկի ընտրությունները, հավանաբար, շատ էին կարեւորվել, այնքան, որ թիվ 33 Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Մարզպետունի Մարգարյանը հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ նախ օրվա կեսին այցելեց ընտրատեղամաս, այնուհետեւ, տեղամասը փակվելուց մեկ ժամ առաջ, եկավ ու մնաց քվեների հաշվարկին: 749 ընտրողից հունիսի 21-ի ՏԻՄ արտահերթ ընտրություններին Ախուրիկում մասնակցել էր 452 ընտրող: Նման ակտիվությունը զարմացրել էր ոչ միայն հանձնաժողովականներին: Ախուրիկցիներն իրենք էլ էին զարմացած իրենց աննախադեպ ակտիվությունից: Քվեների հաշվարկն ընդամենը 2 ժամ տեւեց: 169 ձայն հավաքել էր Շիրակի մարզի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Վարդիթեր Գասպարյանը: 135 քվե ստացել էր Վարդան Խաչատրյանը, 126 քվե՝ ԲՀԿ-ական Համբարձում Ավետիսյանը: 22 քվեաթերթիկ էլ անվավեր էր ճանաչվել: 22_06-akhurik-1

Նորընտիր համայնքապետ Վարդիթեր Գասպարյանին օրվա վերջին, թերեւս, մեկ խնդիր էր անհանգստացնում` որտեղ է ինքը կազմակերպելու համայնքապետարանի աշխատանքները: Դրաստամատ Բադեյանը մինչեւ մեկնելը վաճառել էր ֆիննական փայտե երկու տնակները, որտեղ վերջին մեկ տարին տեղավորված էր համայնքապետարանը: Մարտ ամսին, Ախուրիկ մեր այցելության ժամանակ, այդ տնակները դեռ կային: Արված լուսանկարներն էլ են պահպանված: Մեկ ամիս առաջ գնորդը եկել ու տեղափոխել էր դրանք, համայնքապետարանից որպես հուշ մնացել էր ճամփեզրի փտած տնակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter