HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ցողամարգում հարկերի հավաքմանը չի օգնում անգամ վարկային կարուսելը

15_06-tsoghamargՀունիսի 4-ին Շիրակի մարզպետարանում մարզխորհրդի հերթական նիստն էր: Հերթական անգամ ընթերցվեցին սեփական եկամուտների գծով զրոյական ցուցանիշ ապահոված համայնքների, նաեւ այն համայնքապետերի անունները, ովքեր պահուստային հողերը չեն հանձնել վարձակալության, բնականաբար, համայնքի համար չապահովելով համապատասխան եկամուտ:

Այս առնչությամբ մարզպետ Լիդա Նանյանը կասկած հայտնեց, որ եթե համայնքապետերը շահագրգռված չեն վարձակալության պայմանագրեր կնքելու հարցում, ուրեմն իրենք են եկամուտ ստանում այդ տարածքներից: Նշված գյուղերի ցանկում էր նաեւ Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ համայնքը: 63 հա տարածքը, համայնքապետ Բագրատ Հովսեփյանի հավաստիացմամբ, գյուղի բնակիչներից որեւէ մեկը չի ցանկանում վարձակալել: «Ամեն տարի հայտարարություն ենք տալիս, բայց ցանկացողներ չեն լինում»,- ասաց համայնքապետը: Ճշտեցինք, որ այդ նույն բնակիչներն առավել հաճույքով խոտհարքի վերածված տարածքում հունձ են անում, բնականաբար, քաղած խոտի դիմաց առանց մի կոպեկ վճարելու: 15_06-tsoghamarg-1Ցողամարգցի Սամվել Ստեփանյանը 1999 թ.-ից հողի հարկ չի մուծում: «5 հա հող են տվել սեփականաշնորհման ժամանակ, մինչեւ 1998 թ. հարկերը լավ էլ մուծում էի,- պատմում է Սամվել Ստեփանյանը,- էլ ի վիճակի չեմ, հողից եկամուտ չեմ ստանում: Վարկը դոլարով են տալիս, 2008 թ. Գյուղփոխբանկից վարկ վերցրի, ինչ արեցի` դրամով չտվեցին, հիմի գիտեք, թե դոլարի կուրսն ինչ է դարձել, փաստորեն, կրկնակի տուժում եմ: Չեմ ուզում, իրենց տված հողն իրենց լինի, թող վերցնեն ձեռքիցս, անտեղի պարտք է կուտակվել»: Սամվելի համագյուղացիներից էլի դժգոհողներ կային: Գյուղի 80%-ը վարկառու է, գյուղատնտեսական նպատակներով վարկ են վերցնում ու չեն կարողանում փակել ոչ վարկը, ոչ էլ տարիներով կուտակած պարտքերը: «Էս բանկից վերցնում` տալիս ենք էն բանկին, էն բանկից վերցնում` տալիս ենք էս բանկին,- ստեղծված իրավիճակն այս կերպ մեկնաբանեցին ցողամարգցիները,- տակը պիտի մի բան մնա, չէ՞, որ պարտք փակենք»: Այս համայնքում 650 հա հողատարածքը սեփականաշնորհված է, իսկ 920 հա գյուղացիներն օգտագործում են առանց համայնքապետարանի հետ պայմանագիր կնքելու. սա էլ համայնքապետարանի հաշվապահն ասաց: Քանի որ նշված 920 հա-ը արոտավայր է, համայնքապետարանի աշխատակազմը համայնքապետի գլխավորությամբ մտածել ու հետաքրքիր ելք է գտել: Մոտավոր հաշվարկել են, որ եթե տարածքի վրա արածում է 1000-1200 գլուխ անասուն, ապա գումարել-հանել, բաժանել-բազմապատկել ու ստացել են տարեկան 1 մլն 800 հազար դրամի կարգի մի թիվ, որը պետք է բաժանվեր գյուղի 119 ընտանիքների վրա ու նրանց ունեցած անասնագլխաքանակին համապատասխան գանձվեր գումարը: Ցավոք, այս գումարը եւս չեն կարողացել գանձել բնակիչներից: 2008 թ. համայնքապետը փորձել էր արգելել գյուղացիներին, որ սովորության համաձայն 920 հա խոտհարքը չշահագործեն, սակայն գյուղում արգելքին ենթարկվել էր միայն մի ընտանիք: Գյուղացիները ստեղծված իրադրությունն այսպես մեկնաբանեցին. «Սաղ համայնքապետից է, թույլ մարդ է, գործ անողները հաշվապահն ու աշխատակազմի քարտուղարն են, չի կարողանում էնպես աշխատի, որ հա՛մ իրեն օգուտ լինի, հա՛մ գյուղին»: Մեկ տարի առաջ` 2008 թ. հուլիսի 22-30-ը, Շիրակի մարզպետարանը ուսումնասիրություն է իրականացրել Ցողամարգ գյուղում: Ուսումնասիրությունից պարզվել էր, որ Ցողամարգ համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի սեփական ու պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման աշխատանքներում առկա են թերություններ ու բացթողումներ: Համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամների կողմից «ՏԻՄ» մասին օրենքի թիվ 12, 12-1 հոդվածներով սահմանված կարգով չէին ձեւավորվել ավագանու նիստերի օրակարգերի եւ դրանցում քննարկման ներկայացվող հարցերի, որոշումների նախագծերը: «ՏԻՄ» մասին օրենքի թիվ 11 հոդվածի եւ թիվ 32 հոդվածի 1-ին կետի պահանջների համապատասխան` ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ նիստ անցկացնելու փոխարեն համայնքի ղեկավարը երբեմն ավագանու նիստ է հրավիրել ժամկետների խախտումներով: Համայնքի ավագանին չէր կատարել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջը` ընդունած որոշումներում չի կատարել անհրաժեշտ հղումերը: Համայնքի ղեկավարի աշխատակազմը 7-օրյա ժամկետում ավագանու ընդունած որոշումները չի ուղարկել մարզպետարան եւ այլն: Մարզպետարանից ուղարկված հանձնաժողովը ճշտել էր նաեւ, որ համայնքի ղեկավարը չէր կատարել «ՏԻՄ» մասին օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները` 2005-07 թթ. եւ 2008 թ. առաջին կիսամյակում համայնքի բյուջեի կատարման վերաբերյալ եռամսյա հաղորդումներ չէր ներկայացրել ավագանուն: Պարզ չէ, թե ի՞նչն էր ազդել համայնքապետարանի աշխատակազմի ու ավագանու գործունեության վրա, սակայն Ցողամարգում 2009 թ. անցած 5 ամսում ավագանու 5 նիստ է գումարվել, որից երկուսը` արտահերթ: Աշխատակազմի քարտուղարի բացատրության համաձայն` բյուջեի վերաբերյալ կարեւոր հարցեր պիտի քննարկեին: Համայնքի զարգացման քառամյա ռազմավարական պլանում սեփական եկամուտների հաշվին այս տարի իրականացվելիք երկու ծրագիր են նշել` գյուղամիջյան ճանապարհների մասնակի նորոգում եւ խմելու ջրագծի վերանորոգում: Խճապատման համար նախատեսել են սեփական եկամուտներից 1,5 մլն դրամ, իսկ ջրագծի համար` 500 հազար դրամ: Հաշվապահն ասաց. «ճիշտ է, գրել ենք, բայց իրատեսական չէ, համայնքապետը հակառակվեց, թե, ամեն դեպքում, 500 հազար դրամը պիտի ստեղծենք, ջրագծի հարցն առաջնահերթ է»: Մարզպետարանի ֆինանսատնտեսական բաժնի ղեկավար Հովսեփ Սիմոնյանը ցողամարգցիների արտահայտած մտքի հետ, թե հարկերը չի հավաքվում, որովհետեւ գյուղն աղքատ է, համաձայն չէ. «Գյուղացու հավը, եթե 5-րդ, 6-րդ օրը ձու չածեց, կմորթի, էդ հավն իրան պետք չէ, անտեղի կուտ է ուտում: Գյուղացին շատ լավ տնտեսավարող է, եթե մի բանից եկամուտ չունեցավ` չի պահի: Ուղղակի սովորեցին հարկերը չվճարել ու էդպես էլ գնաց»: Ցողամարգում հողի հարկի ապառքը 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 32 մլն 847 հազար դրամ: Այս տարվա 5 ամիսներին Ցողամարգի ցուցանիշները սեփական եկամտի գծով 9,9% է, հողի հարկը` 18,2%, գույքահարկը` 10,2%: 1998-2003 թթ. 3 մլն 24 հազար դրամ սոցվճարի կուտակած պարտք ունեն, 4 մլն 200 հազար դրամ կազմում է գույքահարկի պարտքը, 8 մլն 500 հազար դրամ էլ` վարձակալական հողերի դիմաց չգանձած գումարը: Ըստ Հովսեփ Սիմոնյանի` նախկին համայնքապետի մեղքի բաժինն էլ շատ է (նախկին համայնքապետը հրաժարական էր տվել` պատճառաբանելով առողջական վիճակը): Բագրատ Հովսեփյանը 2006 թ.-ին է ընտրվել, թեեւ «սա էլ չի փայլում իր աշխատանքով»: Նախկին համայնքապետի օրոք համայնքապետարանի աշխատակազմը 24 հոգուց էր բաղկացած: Գյուղում մանկապարտեզ է գործել մինչեւ 1998 թ., մշակույթի տուն, գրադարանը փակվել է 2007 թ.-ին: Անգամ սպորտային կոմիտեի նախագահ են ունեցել, թեպետ ոչ այդ կոմիտեն է եղել, ոչ էլ համապատասխան գործունեություն: Լավատեղյակ մեկը պատմեց, թե ցողամարգցիներից մեկն ընտրությունների ժամանակ նախկին համայնքապետի համար 10 ձայն է ապահովել ու դիմացը ստացել այդ պաշտոնը: Ներկայիս համայնքապետ Բ. Հովսեփյանը 566 բնակիչ ունեցող գյուղի համար 4 հոգուց բաղկացած աշխատակազմ է պահում: Աշխատակազմի ամսական աշխատավարձն ապահովելու համար 180 հազար դրամ է պետք, բայց դե պարտքերն առաջնահերթ են: Մարզպետարանից զգուշացրել են` հարկերի հավաքման գծով 40%-ի շեմը չանցաք` զարգացման ոչ մի ծրագրում չեք ընդգրկվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter