239 հայեր Ֆրանսիայից վերադարձել են Հայաստան
Հարցազրույց «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամի ծրագրերի տնօրեն Արմեն Այվազյանի հետ Պրն Այվազյան, ե՞րբ եւ ի՞նչ նպատակներով է ստեղծվել «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամը և ինչ ծրագրեր է իրականացնում Հայաստանում:
«Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամը ստեղծվել է 2004 թ.-ին, որպես հիմնադիր հանդես է եկել «Սոցիալական օգնության հայկական ասոցիացիան» (A.A.A.S.), որը Ֆրանսիայում ստեղծված առաջին հայկական կազմակերպությունն է: Այն հիմնականում մասնագիտացած է երեք ուղղություններով` ծերանոցներ, սոցիալական օգնություն և զարգացման ծրագրեր Հայաստանում: Մեր նպատակն է` նպաստել Հայաստանի Հանրապետության երկարատև և կայուն զարգացմանը` մշակելով տարբեր ծրագրեր հիմնականում սոցիալական ոլորտում: Այս պահին իրականացվող հիմնական ուղղությունը միգրացիան է, որով մենք աջակցում ենք Ֆրանսիայում անկանոն վիճակում հայտնված անձանց կամավոր վերադարձին Հայաստան: Երկրորդ ուղղությունը հաշմանդամներն են: 2008 թ. հունվարի 2-ից ԵՄ և «Սոցիալական օգնության հայկական ասոցիացիայի» համաֆինանսավորմամբ սկսել ենք մի ծրագիր, որ կոչվում է «Խուլեր. հնարավոր երկխոսություն», որի շրջանակներում բացել ենք խուլ և թույլ լսող անձանց ուսուցման և սոցիալական ինտեգրման կենտրոն: Երրորդ ծրագիրը դեռ նոր ենք սկսել, կոչվում է «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների և պատանիների իրավունքների խթանում»:
Ինչպե՞ս և ո՞ր ծրագրի շրջանակներում եք ապահովում Ֆրանսիայում անկանոն վիճակում հայտնված անձանց կամավոր վերադարձը Հայաստան:
«Վերադարձ ակունքներին» ծրագիրը մեկնարկել է 2005 թ. նոյեմբերի 15-ին: Նպատակն է` հեշտացնել Ֆրանսիայում անկանոն իրավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների կամավոր վերադարձը Հայաստան: Նախագիծն իրականացնում է «Սոցիալական օգնության հայկական ընկերակցությունը» (A.A.A.S.)` սերտորեն համագործակցելով Էմիգրացիայի և ինտեգրացիայի ֆրանսիական գրասենյակի (OFII) և «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամի հետ (F.F.A.D.): Նպատակ ունենալով ստեղծել հարմարեցված պայմաններ ծագման երկրում վերահաստատման համար` Փարիզում բացվեց A.A.A.S-ի Կամավոր Վերադարձի Կենտրոնը: Մատուցելով ընդունման և ուղղորդման ծառայություն` վերը նշված կենտրոնը Ֆրանսիայում անկանոն իրավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիներին տրամադրում է մանրամասն տեղեկություններ Հայաստանի սոցիալ-քաղաքական և տնտեսական իրավիճակի վերաբերյալ և նախապատրաստում է նրանց անհատականացված վերադարձը:
Իսկ ի՞նչ չափանիշներով է որոշվում, թե ով պետք է վերադառնա, ով` ոչ:
Ես չեմ կարող ասել, դա որոշում է Ֆրանսիայի միգրացիոն գործակալությունը: Եթե տվյալ անհատը համապատասխանի այդ չափանիշներին, նրան կառաջարկվի օգտվել վերադարձի ծրագրից, որն իր մեջ ներառում է օգնության տարբեր ձևեր` սկսած ինքնաթիռի տոմսից, ուղեբեռավարձի վճարումից, մինչև հնարավոր ֆինանսական աջակցություն Հայաստան վերադառնալու համար:
Եթե նա համապատասխանում է «Ֆրանսիայի միգրացիոն գործակալության» մշակած չափանիշներին և ցանկանում է վերադառնալ Հայաստան, ինչպե՞ս է դասավորվելու նրա հետագա կյանքը: Այս հարցում ևս աջակցություն ցուցաբերվո՞ւմ է:
Նա կապ կհաստատի Փարիզում գործող A.A.A.S-ի Կամավոր Վերադարձի Կենտրոնի հետ, որտեղ նրա հետ կքննարկեն, թե Հայաստան վերադառնալուց հետո ինչպես է ապրելու և ինչպես է դասավորելու հետագա կյանքը: Ֆրանսիայում մշակվում է նաև վերահաստատման նախագիծ, որն ուղարկվում է մեզ: Մենք արդեն իմանում ենք, թե ով է գալու, ինչ մտադրություններ ունի, հանդիպում ենք այդ մարդկանց հետ, ընդունում ենք հայրենադարձներին: Բնակարանի հարցերով մենք չենք զբաղվում, բայց եթե իրենք ինչ-որ ինֆորմացիայի կարիք ունենան, մենք տեղեկատվական աջակցություն ենք ցուցաբերում, ասենք` վարձակալության ենթակա բնակարանների մասին, կամ` անձը կարող է ոչ մի ցանկություն չունի բիզնեսով զբաղվելու, խնդրում է իրեն օգնել աշխատանքի տեղավորման հարցում: Մենք տեղեկություններ ենք տրամադրում աշխատաշուկայում պահանջարկ վայելող մասնագիտությունների մասին, օգնում ենք, որ այդ անձն իմանա, թե ինչպես ռեզյումե գրի և այլն: Եթե տվյալ անձն ունի կացարանի խնդիր, մենք նախկինում նպաստ էինք տրամադրում բոլոր վերադարձողներին, իսկ հիմա տրամադրում ենք նպաստ մինչև 12 տարեկան երեխա ունեցող անձանց և 70-ից բարձր շահառուներին` տարեկան 600 եվրոյի սահմաններում, իրենք ինչպես ուզում են, այդպես տնօրինում են: Այս տարվա համար նախատեսված է 30 նպաստ: Առաջին երեք ամիսը, որը կոչվում է սոցիալական ուղեկցում, մենք աջակցում ենք փաստաթղթային հարցերում, ուղղորդում ենք, եթե կարիք է լինում: Առողջական խնդիրների դեպքում մենք նորից կողմնորոշում ենք դեպի համապատասխան ծառայություններ: Նույն երեք ամիսների ընթացքում, եթե տվյալ անձն ունի ցանկություն, հնարավորություններ և ուզում է փոքր ձեռնարկատիրական գործունեություն սկսել, մենք աջակցում ենք, որպեսզի կազմվի բիզնես պլան: Իրականացվում է շուկայի ուսումնասիրություն, և մինչև 7000 եվրոյի սահմաններում մենք օգնում ենք, որպեսզի նա փոքր գործ ձեռնարկի: Բայց ոչ թե գումար ենք տրամադրում, այլ այդ գործի համար գույքը, սարքավորումները, նյութերը, այսինքն` ինչ անհրաժեշտ է տվյալ բիզնեսի մեկնարկի համար: Նպատակն այն է, որ տվյալ անձն իր հայրենիքում ունենա իր եկամտի աղբյուրը և կարողանա հոգալ իր կենսական խնդիրները: Ծրագրի շրջանակներում տարբեր բնագավառներին առնչվող 40 նախագծեր են ֆինանսավորվել` հնարավորություն ընձեռելով ստեղծել 40 փոքր ձեռնարկություններ: 2009 թ.-ի ապրիլ ամսին հաստատվել են ևս 13 գործարար նախագծեր և այժմ տարվում են աշխատանքներ` կապված այդ նախագծերի մեկնարկին անհրաժեշտ գույքի, սարքերի և նյութերի ձեռքբերման հետ: Բացի դրանից, մենք ծրագրի շրջանակներում ունենք վերապատրաստում կազմակերպելու հնարավորություն, որպեսզի շահառուները աշխատաշուկայում մրցունակ լինեն: Առաջին բանը, որ մենք փորձում ենք անել` մարդկային վերաբերմունք ցուցաբերելն է: Ձեռնարկությունների ստեղծմանն անհրաժեշտ դրամական միջոցների հատկացման հանձնաժողովը նիստեր է անցկացնում Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության Դեսպանության հովանու ներքո:
Մինչ այժմ քանի՞ հայրենադարձների եք աջակցել, քանի՞սն են ձեր կազմակերպության միջոցով վերադարձել Հայաստան:
2005 թ. նոյեմբերի 15-ից մինչև 2009 թ. ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում Հայաստան վերադարձած շահառուների թիվը կազմում է 239 մարդ, որոնցից 27-ը` 2005-2006 հաշվետու տարում, 43-ը` 2006-2007 հաշվետու տարում, իսկ 107-ը` 2007-2008 հաշվետու տարում: Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա 2008 թ. նոյեմբերի 15-ից մինչև 2009 թ. ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում 62 մարդ կամովի վերադարձել են Հայաստան:
Կա՞ ճշգրիտ թիվ, թե ամսական քանի հայրենադարձներ են Հայաստան ժամանում:
Մոտավոր ամսական 5-15 անձինք:
Մեկ անձի հայրենադարձությունն ապահովելը որքա՞ն է արժենում Ձեր կազմակերպության համար:
Ես առանձին թիվ չեմ կարող ներկայացնել, ֆինանսական մասն իրականացնում են մեր գործընկեր ֆրանսիական կազմակերպությունները:
Ձեր դիտարկումներով` ինչպե՞ս են տեղավորվում վերադարձած ընտանիքները, ապահովվա՞ծ են բնակարաններով, աշխատանքով:
Կան, որ ունեն բնակարաններ, իսկ կան մարդիկ, որ չունեն, վարձով են ապրում: Հիմնականում ունեն բնակարաններ, բայց չունեն աշխատանք:
Եղե՞լ են դեպքեր, երբ կամավոր վերադարձողները նորից վերադարձել են Ֆրանսիա:
Հայրենադարձների սոցիալական ինտեգրման գործընթացի վերահսկումից հետո, որը տևում է մեկ տարի, «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամը հանդիպում է շահառուներին, եթե վերջիններս հանդիպման ցանկություն են հայտնում: Հնարավոր է, որ նրանցից մի քանիսը հեռացել են Հայաստանից և բնակվում են արտերկրում: Սակայն, հիմնականում վերադարձողները մնում են Հայաստանում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել