Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պարսպի շինարարությունն ավարտին չի հասնում
Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքները ավարտվել են, սակայն պարսպի շինարարությունը մնացել է անավարտ: Պատճառը ֆինանսական միջոցներն են:
Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 26-ից սկսվել էին Ախալցխայում գործող հայկական եկեղեցու` Սբ. Գրիգոր Լուսավորչի վերանորոգման աշխատանքները: Եկեղեցին անմխիթար վիճակում էր, չուներ նույնիսկ պարիսպ: Վերանորոգվել է եկեղեցու խորանը, զանգակատունը, փոխվել են պատուհանները: Եկեղեցին ամբողջությամբ պարսպապատվում էր: Չնայած վերանորոգման աշխատանքները դեռևս չէին ամբողջացել, այդուհանդերձ, ապրիլի 4-ին եկեղեցին վերաօծվեց: Մնացել է պարսպի մի փոքր հատվածը, որի համար էլ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը աջակցություն է փնտրում:
ՌԴ քաղաքացի Լարիսա Շուկինան, ով ոչ մի կապ չունի Ախալցխայի հետ, «Ախալցխայի վերածնունդ» կայքում տեղադրված հայտարարությունից կարդացել է, որ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը աջակցության խնդրանքով դիմում է ընթերցողներին` աջակցել եկեղեցու պարսպի շինարարությունը ավարտին հասցնելու համար: Մինչ այդ արդեն կազմվել էր նախահաշիվ, համաձայն որի` 4000 լարի (մոտ 2 424 $) գումար է անհրաժեշտ եկեղեցու շինարարության վերջնական ավարտի համար: Լարիսա Շուկինան ախալցխացիներին ուղարկել է 500 ամերիկյան դոլար, որի շնորհիվ վերսկսվել են Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պարսպի հյուսիսային և արևմտյան մասերի շինարարական աշխատանքները:
«Հենց այս պահին ընթանում են աշխատանքները, նվիրաբերած գումարը բավարարել է պարսպի համար երկուական մեքենա քար և ավազ բերելուն: Հարթեցվել է նաև եկեղեցու հարակից տարածքը»,- տեղեկացրեց Տեր հայրը և հավելեց, որ եթե այլ միջոցներ չհայտնվեն, շինարարությունը նորից կանգ կառնի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել