«Սովորական ուտոպիա»
«Հակամարտությունների աշխարհը» Ինտերնյուս հ/կ-ի նախագծի «Սովորական ուտոպիա» ֆիլմը պատմում է Բասկերի երկրի հակամրտության մասին: Ֆիլմի հեղինակն է Տիգրան Պասկեւիչյանը: «Սովորական ուտոպիա». այսպես է բնութագրել հեղինակը Բասկերի երկրում առկա վիճակը: Բասկերի երկիրը Իսպանիայի տասնյոթ ինքնավարություններից մեկն է, սակայն միակն է, որ այսքան ակտիվ պայքարում է անկախության, ազատ ինքնորոշման իրավունքի համար:
Բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի ժամանակաշրջանից հետո բասկերը հասան իրենց բասկյան լեզվի վերականգնմանը: Եթե նախկինում այս լեզուն արգելված էր, ապա այժմ բասկերն ունեն իրենց լեզվով մամուլ, հեռուստատեսություն, դպրոցների մի մաս էլ կա, որտեղ միայն իսպաներեն լեզուն եւ գրականությունն է դասավանդվում ոչ բասկերենով: «Բասկերի պես կատալոնացիներն էլ են ուզում նույն ինքնավարությունը, սակայն նրանք շատ ավելի ծույլ ժողովուրդ են եւ այդպես ակտիվ չեն պայքարում իրենց անկախության համար, սակայն, օրինակ, բասկերը, երբ արյունով կամ այլ ձեւով հասնում են ինչ-որ բանի, դրանից օգտվում են նաեւ կատալոնացիները»,- ֆիլմի ցուցադրությունից հետո ասաց Տիգրան Պասկեւիչյանը: Երիտասարդ բասկ Ալվարո Սոտոմայերը ասում է. «Իմ ընկերական շրջապատում բոլորս միանման ենք մտածում, բայց կան երիտասարդներ, որոնք կողմ են անկախության: Դրա կողմնակիցները շատ չեն: Կան մարդիկ, որոնց համար խնդիրը ոչ թե Բասկյան երկրի անկախությունն է, այլ ինքնուրույնությունը` առանց Իսպանիայի միջամտության»:
«Բազմազանությունը բասկերի ամենամեծ հարստությունն է, եւ միգուցե դա է պատճառը, որ ծայրահեղ ազգայնականությունը եւ անհանդուրժողականությունը, անկախության ձգտումն ու ինքնադրսեւորման ցանկությունն ապրում են կողք-կողքի»,- ասում է Տիգրան Պասկեւրիչյանը: Վերջին երեք տասնամյակներում, այսինքն` Ֆրանկոյի ռեժիմի անկումից հետո, «ԷՏԱ»-ի գործողությունների արդյունքում զոհվել է ութ հարյուր մարդ: Նրանց մեջ կային քաղաքական գործիչներ, լրագրողներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, զինվորներ, ոստիկաններ: Բասկերի երկրում կա 500 քաղբանտարկյալ: Ժողովրդի մի հատված ամեն օր դուրս է գալիս պահանջելու, որպեսզի քաղբանտրկյալներին իսպանական բանտերից տեղափոխեն բասկյան բանտեր: «Նրանք բանտարկված են, որովհետեւ ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքի համար են պայքարում: Թող թույլ տան` ինքներս որոշենք, ուրիշ ոչ մի բան չենք ուզում: Նրանք գողեր, մարդասպաններ ու ահաբեկիչներ չեն, իրենց գաղափարները հետեւողականորեն պաշտպանող մարդիկ են»,- ասում է մի կին:
«Որդուս 36-ամյակը նոր է լրացել: Նա արդեն տասներեք տարի բանտում է: Վերջին մի քանի տարվա ընթացքում հիվանդություն է ձեռք բերել: Հիմա այն ավելի է սրվել, եւ որդուս վիճակը շատ վատ է»,- ասում է մեկ ուրիշ կին: «ԷՏԱ»-ի հարյուրավոր կողմնակիցներ ահաբեկչական գործողություններին մասնակցելու կամ քաղաքական համոզմունքերով ծայրահեղականներին հարելու պատճառով հայտնվել են Իսպանիայի բանտերում: Այդ մարդկանց մեկուսացումը դեռես չի նշանակում ազգայնականության հաղթահարում: Հակառակը`այդ մարդկանց անվան շուրջ մարդիկ համախմբվում են` ոգեկոչելով հակամարտության շարունակական սխրանքը: Անկախական կամ ոչ անկախական մարդկանց համախմբում է բանտարկյալների իրավունքների պաշտպանությունը: Եվրոպական կոնվենցիայի համաձայն` դատապարտյալն իր պատիժը պետք է կրի իր բնակավայրից ոչ ավել, քան 300 կմ հեռավորության վրա, որպեսզի նրա ընտանիքի անդամները լրացուցիչ դժվարություններ չունենան: Միաժամանակ, Իսպանիայի Քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` անբուժելի հիվանդությամբ բանտարկյալները պետք է ազատ արձակվեն: Օրինական այս պահանջները հաճախ անտեսվում են` առավել մեծացնելով լարվածությունը:
Հավաքին եկած մի տարեց մարդ էլ ասում է. «Ես ինձ իսկական բասկ եմ համարում: Կեցցե' ԷՏԱ-ն, կեցցե' էՏԱ-ն: ԷՏԱ, ԷՏԱ, ԷՏԱ…»: Բասկ հասարակության մի մասը մերժում է «ԷՏԱ»-ի ահաբեկչական գործունեությունը` այն համարելով ժողովրդի իրական ձգտումները նսեմացնող գործոն: Շատերի կարծիքով` ահաբեկչության զոհն ամբողջ հասարակությունն է: «Ես չեմ կարող մոռանալ այդ օրը. երկու հազար թվականի հուլիսի քսանիննին «ԷՏԱ»-ն սպանեց ամուսնուս: Նա նստած էր սրճարանում, ինչ-որ մեկը մոտեցել էր թիկունքից եւ կրակել: Ես չէի կարող պատկերացնել, որ նրան կսպանեին, բայց երբ ինձ տեղեկացրին այդ մասին, ես գիտեի, որ դա «ԷՏԱ»-ի ձեռքի գործն է, ոչ մի կասկած չունեի»,- ասում է Լազա Մախաբելը: Բասկյան քաղաքներով շրջելիս չես տեսնի խաղաղության, ժողովրդավարության համար պայքարող մարդուն, մինչդեռ «ԷՏԱ»-ն ու նրա մարտիկներն ամենուր են: «Մեր հիմնական խնդիրը բասկերի երկրում բռնությունները հաղթահարելն է, եւ դա հաղթահարելու միակ ձեւն ինքնորոշման իրավունքն է, արդարությունը: Դա միակ ճշմարիտ ուղին է, որ պետք է որդեգրել մեր երկրում առկա բռնությունները վերացնելու համար»,- ասում է Ջեյմս Ուրկիխոն: Օսկար Մատուտեն ասում է, որ անհրաժեշտ է վերանայել երկրի սահմանադրությունը. «Մենք անկախականներ չենք, մենք ուզում ենք պաշտպանել մեր ինքնորոշման իրավունքը»: Ֆիլմի հերոսներից ոմանք կարծում են, որ եկել է ժամանակը հարցերը լուծել քաղաքականությամբ՝ երկխոսությամբ Իսպանիայի հետ, առանց արյունի, առանց զոհերի, առանց բանտարկյալների: Երիտասարդ Ալվարո Սոտոմայերն ասում է. «Ահաբեկչությունն արդարացում չունի: Ձգտել նպատակին` սպանելով, սպառնալով, ռումբեր տեղադրելով` աններելի է: Եթե ուզում ես որեւէ բանի հասնել, ապա միայն քաղաքական ճանապարհով: Թող ժողովորդը որոշի եւ ոչ թե նրանց պարտադրեն ռումբերով կամ ատրճանակով»:
Ֆիլմն ավարտվում է հեղինակի հետեւյալ դիտարկմամբ. «Այստեղ կարելի էր վերջակետ դնել, համարել հարցը փակված, եթե նկատի ունենանք, որ Բասկերի երկրի եւ Մադրիդի քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային ներկա հարաբերությունները որեւէ կերպ չեն վտանգում բասկ էթնոսի գոյությունը: Բայց վերջակետը չի դրվում, եւ գուցե սա է պատճառը, որ մեր ասելիքը խտացնելիս ֆիլմի վերնագիրը դրեցինք «Սովորական ուտոպիա»: Սովորական, քանզի շատ բաներ, չնայած մարդկության ահռելի փորձառությանը, չունեն համարժեք հակափաստարկեր եւ ուտոպիա, քանի որ ազգային երազանքները, քաղաքական իղձերը եւ անգամ ազատությունը երբեմն ավելի համոզիչ չեն, քան խաղաղ համակեցությունը եւ համագործակցությունը»: Դիտումից հետո Տիգրան Պասկեւիչյանն ասաց, որ եթե այն չլիներ ադրբեջանցիների հետ համատեղ նախագիծ, ինքը մի փոքր այլ ձեւով կնկարեր ֆիլմը: «Ես կուզեի շեշտը հատկապես դնել բասկերի ինքնավարության իրավունքի վրա, բայց ադրբեջանցիների հետ դա ռեալ չէր»: Ֆիլմի հեղինակը կարծում է, որ տարածքային ամբողջականությունը եւ ժողովրդի ինքնորոշման իրավունքը հակադարձ բաներ չեն. «Տարածքային ամբողջականության հակադիրը տարածքային անջատումն է, բայց ոչ ինքնորոշման իրավունքը, դրանք տարբեր բաներ են»: Ցուցադրությունից հետո հնչեցին կարծիքներ, որ այս ֆիլմn ամենաթեթեւ ու ընկալելին էր նախագծի ֆիլմերի ցանկից: Հիշեցնենք, որ այս ֆիլմը եւ նախագծում ընդգրկված մյուս հինգ ֆիլմերը կցուցադրվեն նաեւ Նարեկացի արվեստի միությունում` հունիս եւ հուլիս ամիսներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել