Ավազակային հարձակում. նախկին պատգամավորին, նրա կնոջն ու աղջկան ծեծել են
Այսօր առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է ահազանգել Արամ Իաիսյանը եւ հայտնել, որ 5 դիմակավորվածներ մուտք են գործել Կիլիկիա թաղամասում գտնվող Չայկինա 57 տուն եւ զենքի սպառնալիքով հափշտակել թանկարժեք իրեր ու խոշոր չափի գումար:
Ինչպես «Հետքին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ ահազանգից մոտ 1 ժամ առաջ 5 դիմակավորված անձիք՝ զինված ավտոմատներով, բնակարան են մտել պատշգամբով: «Հյուրերը» տանը գտնվող ամուսիններին ու նրանց աղջկան ծեծի են ենթարկել եւ զենքի սպառնալիքով հափշտակել 3,5 միլիոն դրամ, 35 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա, արծաթյա եւ ադամանդե զարդեր ու 6 հատ արժեքավոր նկար:
Ընդհանուր առմամբ, դիմակավորվածները հափշտակել են մոտ 280-300 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար եւ գույք:
Հարեւանները ֆոտոլրագրող Շամշյանին ասել են, որ նշված տունը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 65-ամյա Նապոլեոն Ազիզյանին (մականունը՝ Նապո): Ավազակային հարձակման 3 զոհերին էլ՝ նախկին պատգամավորին, նրա կնոջը՝ 48-ամյա Լարիսա Միքայելյանին, եւ դստերը` 26-ամյա Միլենա Ազիզյանին, տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա Սեբաստիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. օր.-ի 175 հոդվածի 1-ին, 2-րդ, 3րդ մասերի 1-ին, 2-րդ կետերով (ավազակություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով,) 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք կրելը, պահելը, փոխադրելը) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ այս տարի նույն այս վարչական տարածքում ավազակային հարձակման էր ենթարկվել Մալաթիա-Սեբասիայի նախկին թաղապետ, այժմ կադաստրի աշխատակից Աղվան Գրիգորյանը:
Գագիկ Շամշյանը նաեւ փոխանցում է, որ այսօրվա հանցագործության հետքերով դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Լեւոն Յազիչյանը, Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արտակ Կարապետյանը, ոստիկանության փորձաքրեագետներ, կինոլոգներ: Այնտեղ են եղել նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիա Սեբաստիա քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սաշիկ Սարդարյանի գլխավորությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել