HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու Արվեստի դպրոցում դժգոհ են աշակերտների թվից եւ ցածր աշխատավարձից

finalՄայիսի 26-ին Ալավերդու Սարահարթ թաղամասի մշակույթի պալատի փոքր դահլիճում տեղի ունեցավ թաղամասի Արվեստի դպրոցի աշակերտների հաշվետու համերգը: Համերգին մասնակցեցին դպրոցի 24 սաներ, անհատական կատարումներով հանդես եկան նաև դասատուները: Իրենց կատարողական բարձր արվեստով աչքի ընկան դպրոցի դաշնամուրի դասատու Լաուրա Թամազյանի աշակերտներ Լաուրա Մուրադյանը, Արսեն Բայադյանը և Մերի Միկոյանը: Հանդիսատեսների վրա մեծ տպավորություն թողեցին վոկալ բաժնի դասատու Նաիրա Մեհրաբյանի 4 աշակերտները: Վերջինիս հավաստմամբ` իր աշակերտներն ունեն ձայնային լուրջ տվյալներ և կարող են հանրահայտ երգչուհիներ դառնալ: Ինքը` վոկալի դասատուն, երգեց Գլինկայի ՙՆեպրոբուժդայ վասպամինանիե՚ երգը: aram«Դպրոցն ունի 70 աշակերտ: Նախկինում մինչև 384 աշակերտ ենք ունեցել: Ունենք դաշնամուրային, փողային, ժողգործիքների, ազգային նվագարանների և վոկալի բաժին: Դաշնամուրային բաժնում ունենք 36, վոկալ բաժնում` 10, փողային բաժնում` 5 աշակերտ, մնացածը ազգային նվագարանների, ժողգործիքների բաժնում են սովորում: Մենք գիտենք դպրոցում սովորողների թվի նվազման պատճառները: Առաջին եւ հիմնական պատճառը դասատուների ցածր աշխատավարձն է: Առաջ Մշակույթի նախարարության ենթակայության տակ էին մեր բնագավառի կրթօջախները եւ կառավարության ուշադրության կենտրոնում էինք, հետո, փաստորեն, նախարարությունը մեզնից հրաժարվեց, մենք համայնքի ենթակայության տակ ենք, էստեղից հետևություն` վարձատրվում ենք նվազագույն չափով: Դրույքաչափը 30 հազար դրամ է, երբ հանրակրթական դպրոցում 120 հազար է: Եթե նախկինում մեր աշխատավարձը բավականին բարձր էր, ու ամեն մի ծնող մտածում էր, որ մեր ոլորտը կուլտուրական միջավայր է, ի վերջո, գեղեցիկի հետ են շփվում, հնարավոր է երեխան կրթությունը շարունակի, սովորի և վերադառնա աշխատի և ապահովված լինի աշխատանքով, բարձր աշխատավարձով, հիմա դա չկա: Այժմ գնում սովորում են, ավարտում են ու տանը նստում: Հիմա մենք մեր սովորողներին խորհուրդ էլ չենք տալիս, որ ուսումը շարունակեն»,- ասաց Արվեստի դպրոցի տնօրեն Ջուլիետա Աբովյանը: Դպրոցի տնօրենը նաև հայտնեց, որ Մշակույթի նախարարությունը սկսել է ծրագիր մշակել, ըստ որի` վարպետության դասեր են տալիս: Երևանի Պետական Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմին ուղարկում են տեղում աշակերտների հետ դասեր պարապելու և ցույց են տալիս, թե ինչպես է կարելի տվյալ նյութի վրա աշակերտի հետ զբաղվել: «Երկու տարի առաջ եմ դիմել տնօրենին, որ դպրոցում բացվի քանոնի դասարան: Դասարանը բացվեց, և առաջին տարին ընդունվել է 7 աշակերտ: Բայց գիտեք, ժողովրդի համար մի քիչ օտարացել են ժողգործիքները, մի կես տարի գալիս են, հետո երեխաները չեն հաղթահարում, ծնողներն էլ հետևողական չեն լինում: Մի խոսքով, մաղվելով` դարձավ 4-5 աշակերտ: Այնուհետև չհաջողվեց անվճար տեղեր բերել, պղնձաձուլական գործարանում կրճատումների արդյունքում ծնողները դժվարացան վճարել վարձերը, և նորից երեխաները դուրս եկան: Հիմա շատ տարածված է դաշնամուր գործիքը, դա էլ գալիս է նրանից, որ խորհրդային տարիներից տան կահույքի մի մասը կազմում էր դաշնամուրը: Ու բոլորի տանը գործիք կա: Մարդիկ հիմա դժվարանում են քանոնի նվագարան ձեռք բերել, քանոնն էլ պարզ նվագարան է, բայց բավականին թանկ արժե, հիմա ծնողը ուսման վարձը վճարի, թե էդ նվագարանը ձեռք բերի: qanonnerՔանոնի ամենալավ նվագարանն այս պահին արժե 800 դոլար: Այդուհանդերձ, երեխաների համար ճարում ենք հին նվագարաններ` խորհրդային տարիներից մնացած: Աշխատավարձիս չափը եթե ասեմ, վախենամ Ձեր տրամադրությունն ընկնի` 12 հազար դրամ է աշխատավարձս: Ընդհանրապես, մեր նախարարն այսպիսի մի արտահայտություն է արել, որ արվեստի մարդիկ նվիրումով են աշխատում: Նվիրում էլ կա, նվիրում էլ»- վիրավորված ասաց քանոնի դասատու Նաիրա Պապիկյանը: Նաիրա Պապիկյանը Երևանի Կոնսերվատորիան ավարտել է Կարմիր դիպլոմով: Արվեստի դպրոցի դաշնամուրի ուսուցչուհի Լաուրա Թամազյանն ունի 11 աշակերտ: «Չէի ասի, թե նախկինում շնորհալի երեխաներ կային, հիմա` ոչ: Իսկապես, որակյալ երեխաներ կան: Ուղղակի ինձ թվում է, որ դասատուի ամբողջ խնդիրն այն է, որ նախ` ինքը որպես մասնագետ պաշտպանված լինի, և առաջին հերթին հոգեբան լինի, ունենա ճիշտ մոտեցում յուրաքանչյուր աշակերտի հետ: Անհատական մոտեցում որ ցուցաբերում ես, որքան էլ երեխան ունենում է քիչ տվյալներ, նրա մեջ կարողանում ես արթնացնել ինչ-որ մի բան: Եթե սերը կա դաշնամուրի նկատմամբ, երեխան սիրով է գալիս դպրոց»,- ասաց Լ. Թամազյանը: Արվեստի դպրոցի աշակերտների թվի կտրուկ նվազումը, ի տարբերություն դպրոցի տնօրենի, Լաուրա Թամազյանը բացատրեց բնակչության սոցիալական ծանր վիճակով: «Ոնց կարող է սոցիալական վիճակի հետ կապ չունենալ, եթե որևէ ընտանիքում, ասենք, հացի խնդիր կա, ամեն դեպքում` սա վճարովի դպրոց է: Կոնկրետ ինձ մոտ դաշնամուրի դասեր ստացող երեխաների մեջ աղքատ ընտանիքի երեխա չկա: Այն երեխաներն են ինձ մոտ սովորում, ում ծնողները վճարունակ են»,-նշեց դաշնամուրի դասատուն: Նա նույնպես խոսեց երաժշտության դասատուների ցածր աշխատավարձի հետևանքների մասին: Ըստ նրա` ծնողներն էլ դա տեսնում են, և շատերն իրենց երեխաներին չեն ուղարկում երաժշտական մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու: «Փաստորեն, ՀՀ կառավարությունն արվեստի դպրոցները հանձնել է համայնքներին և ձեռքերը լվացել»,- ամփոփեց Լաուրա Թամազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter