Երևանի ավագանու ընտրություններում բռնություն է կիրառվել 6 լրագրողի նկատմամբ
Մայիսի 31-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնության 6 դեպք, ինչպես նաև` նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու միջադեպեր:
Ժամը 10:45-ի սահմաններում 9/1 տեղամասում բռնություն է կիրառվել «Չորրորդ Իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի, «Հայք»-ի լրագրող Տաթեւ Մեսրոպյանի և «Ժամանակ Երեւան» թերթի լրագրող Մարինե Խառատյանի նկատմամբ:
Մետաքս թաղամասի Մ. Նալբանդյանի անվան դպրոցում տեղակայված 9/1 տեղամասում է եղել պատգամավոր Լեւոն Սարգսյանը:
«Մենք գնացինք ընտրատեղամաս, մոտ 10:45, ես տեսա Լյովա Սարգսյանին, որն արդեն քվեարկել էր, 15 հոգով կանգնած էին, հարցրի` «Դուք այստեղ եք քվեարկել», նա էլ պատասխանեց` «Ես 25 տուն ունեմ, որտեղ ուզեմ, այնտեղ էլ կքվեարկեմ», ես էլ ասացի` «Հուսով եմ, որ 25-ում էլ չեք քվեարկել,- պատմում է Մարինե Խառատյանը: - Հետո եկավ Գոհար Վեզիրյանը, դուրս հրավիրեց պատգամավորին: «Դու ով ես, որ ինձ ասես` դուրս արի»,- ասել է պատգամավորը և Գոհար Վեզիրյանին անվանել «հիմար», «համբալ», Գոհար Վեզիրյանն էլ պատասխանել է` «Հիմարը դուք եք», ու պատգամավորը սկսել է հայհոյանքները` «քո մաման….»: Գոհար Վեզիրյանն էլ պատասխանել է մեկ այլ արտահայտությամբ»:
Մարինե Խառատյանը հաստատում է, որ հայհոյել սկսել է հենց պատգամավորը, և ձայնագրությունում էլ հստակ լսվում են վեճի ծագման և հետագա զարգացման մանրամասները:
Լևոն Սարգսյանն իր թիկնապահներին հրահանգել է դուրս հանել բոլոր լրագրողներին: Հենց այդ պահին պատգամավորի թիկնապահներից մեկն ապտակել է Գոհար Վեզիրյանին: Ըստ Մարինե Խառատյանի` ապտակի ձայնը լսվում է նաև ձայնագրությունում: Վրա են հասել ամրակազմ 3 թիկնապահներ, սկսել են ոլորել Գոհարի թևերը և հարվածել նրան: «Մեկը ձեռքերս բռնել է, մյուսը չափալաղել է երկու անգամ դեմքիս, մեկը հարվածել է գլխիս, որի արդյունքում իմ երկաթի մազակալը գլխիս մեջ ջարդվել է, իսկ մյուսը քացով փորիս է խփել, շունչս կտրվեց, ու ես պպզեցի»,- պատմեց Գոհար Վեզիրյանը:
«Ես հնարավորություն չունեցա երեկ բժշկի դիմել, բայց որովայնս ցավում է, հնարավոր է` վնասված օրգան կամ մկան լինի, վաղն անպայման գնալու եմ ստուգվեմ, որ ես էլ հանգստանամ»,- ասաց Գոհար Վեզիրյանը:
Մարինե Խառատյանի նկատմամբ բռնություն չի կիրառվել, բայց հայհոյանքներ տեղացել են նաև նրա հասցեին: «Այդ ընթացքում Լյովա Սարգսյանը 7 հարկանի հայհոյանքը հասցրել էր 17 հարկանու, եւ որևէ մեկը չէր միջամտում`ո'չ հանձնաժողովի անդամները, ո'չ էլ ոստիկանները: Հանձնաժողովի նախագահ Միշա Սամվելյանը, թերևս Լյովա Սարգսյանի ներկայությունից ոգևորված, իրեն շատ լկտի էր պահում: Լյովա Սարգսյանն ինձ էլ հայհոյեց, ինքն անձամբ խլեց ձայնագրիչս: Հոգեկան սթրեսի մեջ եմ, ահավոր էր, եթե ես պատասխանեի ինձ տրված վիրավորանքին, այնտեղ մի նոր մարդասպանություն տեղի կունենար»,-ասում է Մարինե Խառատյանը:
«Թևս ոլորեցին, բռունցքով ուսիս խփեցին, հեռախոսս վերցրին,- պատմում է Տաթև Մեսրոպյանը,- հետո «քուչի նայող տղերքից մեկը» հեռախոսս նորից հետ բերեց, երևի ստուգեցին, որ նկարած բան չկա, հետ վերադարձրին»:
Պատգամավորն իր թիկնազորի հետ հեռացել է ընտրատեղամասից, իսկ հանձնաժողովի նախագահը, բոլոր հարցումներին ի պատասխան, հայտարարել է, որ նման միջադեպ տեղի չի ունեցել: «Մենք ոչինչ չենք կարող անել, պետք է գնաք ոստիկանության Էրեբունու բաժանմունք»,- եղել է ընտրատեղամասում ներկա ոստիկանների պատասխանը:
«Հանձնաժողովի անդամներն էլ հետները լրագրողներին էին հայհոյում: Մենք դեռ ընտրախախտում չէինք արձանագրել, բայց իրենց ձեռնտու չէր, որ մնայինք այնտեղ»,-շարունակում է Տաթևը:
Բոլորը հեռացել են միջադեպից հետո, սակայն Տաթևը մնացել է ընտրատեղամասում և ականատես եղել ժամը 17-ից հետո սկսվող խախտումներին, լցոնումներին ու մոտ 30 երիտասարդների` մի քանի անգամ քվեարկելուն:
Ժամը 17:00-ի սահմաններում Մալաթիայի 8/05 ընտրատեղամասում բռնություն է կիրառվել «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանի նկատմամբ և խոչընդոտել են «Թերթ.am» կայքի լրագրող Լիլիթ Թադևոսյանի աշխատանքին:
Լիլիթի նկատմամբ կոպիտ բռնություններ չեն իրականացվել, սակայն նրան էլ են արգելել մոտենալ քվեատուփին: Լիլիթը տեսել է, որ լցոնում են քվեատուփը, փորձել է միջամատել. «Ինձ էլ քաշքշեցին, հրեցին, չթողեցին, որ մոտենամ»:
«Ես 8/06-ընտրատեղամասում էի, որը նույն տարածքում էր, լսեցի ձայներ ու գնացի 8/5, ուզում էի ապարատով նկարել, գոռգոռացողներից մեկն ինձ սպառնաց, թե` «գլուխդ կջարդեմ, ապարատդ էլ հետը, եթե նկարես»»,-պատմեց Լիլիթ Թադևոսյանը և վկայեց, որ Արմինե Ավետյանի և «Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ի դիտորդ Սոնա Այվազյանի «թևերը ոլորել էին և դեմ էին տվել պատին, որ նրանք էլ չմոտենան»:
«Մոտ 20 հաստավիզներ եկան, շրջապատեցին, մեզ տարան կողքի, հարվածում էին ձեռքերով: Գրիչը մտավ ձեռքիս մեջ, ու արյուն եկավ»,- հավելեց Արմինե Ավետյանը: Հանձնաժողովի անդամներն ու նախագահ Պետրոս Ավետիսյանը որեւէ կերպ չեն արձագանքել այս լցոնմանը և լրագրողների նկատմամբ գործադրված բռնությանը:
17:30 սահմաններում Մալաթիայի 7/25 ընտրատեղամասում բռնություն է կիրառվել «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Գրիգորյանի նկատմամբ: Լրագրողը և ՀԱԿ-ի ներկայացուցիչները ականատես են եղել, թե ինչպես է մի հաղթանդամ տղամարդ ՀԱԿ-ի վստահորդ կնոջը դեմ տվել պատին և փորձում բռնի ուժով դուրս հանել ընտրատեղամասից: «Ես որ տեսա, անմիջապես ֆոտոն միացրեցի ու սկսեցի նկարել: Հանձնաժողվի անդամները ներկա էին, վստաված անձինք կային, բայց որևէ մեկը չմիջամտեց: Ես որ սկսեցի նկարել, այդ անհայտ երիտասարդը, որը քիչ ուշ պարզվեց, որ նորագյուղցի Բոկոն է, շրջվեց, հարձակվեց իմ վրա, սկսեց հրմշտել, գոռգոռալ, թե` «քեզ ով է թողել, որ նկարես», ես մի պահ շփոթվեցի, հետո սկսեցի ուշքի գալ ու ասացի, որ ինքը խոչընդոտում է լրագրողի աշխատանքին»,-պատմեց Նելլի Գրիգորյանը:
Մի քանի րոպե անց Բոկոն լրագրողից խլել է ֆոտոխցիկը ու դուրս եկել: Մոտ 5 րոպեից ֆոտոխցիկը վերադարձրել են, բայց հիշողության քարտը հանված էր:
«Հանձնաժողովի սպիտակ մազերով մի կին սկսեց ինձ կարգի հրավիրել, թե` ով եմ, ինչու եմ գոռգոռում, ես էլ բացատրեցի, թե ով եմ, իմ ֆունկցիան ինչն է: Այդ պահին ինձ վիրավորանքն էր խեղդում. երկու կնոջ վրա հարձակվել են ինչ-որ անհայտ, կրիմինալ հեղինակություններ, ինչ-որ հարցեր են լուծում, իսկ հանձնաժողովում նստած են պատկառելի, լավ տպավորություն թողնող մարդիկ, բայց որևէ միջամտություն չեն ցուցաբերում, շատ անտարբեր նայում են, թե ոնց են երկու կնոջ ահաբեկում»,- ասում է լրագրողը:
Տեղամասում ոստիկաններ չեն եղել: Արձանագրությունը հենց տեղամասում կազմվել է, որը հանձնաժողովի նախագահը հրաժարվել է գրանցել գրանցամատյանում. «Ասաց, որ ինքը չի տեսել: Ինքն իսկապես չէր տեսել, այդ պահին տեղում չէր, բայց վստահված անձիnք ու դիտորդները տեսել են: Բայց տեսավ, որ վստահված անձիnք ՀԱԿ-ի դիտորդներն են միայն, չգրանցեց: Մենք ևս մեկ արձանագրություն կազմեցինք ու փոխանցեցինք Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին»:
Էրեբունու 120 դպրոցում տեղակայված 13/9 ընտրատեղամասում խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+»-ի լրագրողների ու օպերատորների աշխատանքը: Տեղամասային հանձնաժողովի նախագահ Ժիրայր Այվազյանն արգելել է նկարահանել ընտրացուցակը ու դուրս է հրավիրել օպերատորներին։ «Մեզ թույլ չտվեցին նկարահանումներ կատարել, բայց բռնություն չի կիրառվել»,-ասաց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Տիգրան Ավետիսյանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել «Հայք» թերթի խմբագիր Գեղամ Նազարյանը և հայտնել, որ Նալբանդյանի անվան դպրոցում գտնվող թիվ 9/1 ընտրատեղամասում ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի թիկնապահները ծեծել են «Հայքի» լրագրողին: «Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստվում են նյութեր, հանգամանքները ճշտվում են»,-տեղեկացնում է ոստիկանության կայքէջը:
Գոհար Վեզիրյանը ոստիկանություն չի դիմել, սակայն նրա մասով ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի անձնական թիկնապահ Հ. Գալոյանը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ «ժամը 10.30-ի սահմաններում թիվ 9/1 ընտրատեղամասում պատգամավոր Լ. Սարգսյանի քվեարկության ժամանակ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը հարձակվել է իրենց վրա և իրենց հասցեին խուլիգանական հայհոյանքներ տվել` խախտելով հասարակական կարգը»:
Գոհարը ոստիկանությունում գրել է, որ` «օգտվելով իր սահմանադրական իրավունքից` ինքը հրաժարվում է որևէ բացատրություն տալ», քանի որ իր փաստաբան Հովիկ Արսենյանն իր հետ չի եղել: Սակայն լրագրողն ասում է, որ ոստիկանության տարածած տեղեկատվությունը ակնհայտ սուտ է: «Թող քրեական գործ հարուցվի, գնանք բաց դատական նիստում ցուցմունք տանք, թե իրականում ինչ է եղել: Գոհար Վեզիրյանը ընկրկելու խնդիր չունի, ոչ էլ` բողոք ներկայացնելու»,- ասաց լրագրողը:
Երեկ «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանը հաղորդում է տվել: Այսօր Հատուկ քննչական ծառայությունը նրան ծանուցագիր է ուղարկել, սակայն լրագրողը ժամանակ չի ունեցել և չի գնացել:
Մյուս դեպքերի առիթով ոստիկանությունը դեռևս լռում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել