HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Այգաբացում կատարածուն փոխարինում է բարձր տեխնոլոգիաներին

Ախուրյանի տարածաշրջանի Այգաբաց գյուղում Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական եւ տարածքային վարչությունների աշխատակիցներից կազմված խումբն ուսումնասիրություններ իրականացրել է 2008 թ. մարտ ամսին: Արդյունքն այնքան էլ գոհացուցիչ չի եղել, եթե հաշվի առնենք, թե ինչ է արձանագրել հանձնաժողովը:

Ստուգումներից պարզվել է, որ Այգաբացի ավագանին նիստերի օրակարգային հարցերը քննարկել է առանց նախապատրաստվելու, որի արդյունքում քննարկված հարցերն ու ընդունած որոշումները չեն բխել համայնքի տնտեսական ու սոցիալական խնդիրների անհրաժեշտությունից: Համայնքի ղեկավարը խախտել է ՏԻՄ օրենքի 46-րդ հոդվածը եւ համայնքի սեփականություն համարվող ամենամյա գույքագրման արդյունքները չի ներկայացրել ավագանու հաստատմանը: Համայնքի ավագանին էլ, իր հերթին խախտելով նույն օրենքի 12-րդ հոդվածի պահանջները, որոշումով չի հաստատել ավագանու նիստերի օրակարգերը: Դրամարկղային գիրքը վարվել է ուղղումներով եւ ջնջումներով, խախտվել է «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 08.10.03 թիվ 1808-ն որոշման 3-րդ գլխի 17-րդ կետի պահանջները: Աշխատակազմի քարտուղարը խախտել է «ՏԻՄ» օրենքի թիվ 30 հոդվածի պահանջները եւ սահմանված ժամկետում Շիրակի մարզպետարան չի առաքել համայնքի ավագանու որոշումները: Ցածր հիմքերի վրա է սեփական եկամուտների հավաքագրումը: 2006, 2007 եւ 2008 թթ.-ին Այգաբաց համայնքում եկամուտների հավաքագրման ցուցանիշները տատանվել են 20-30 %-ի սահմաններում: Այգաբացի համայնքապետ Սասուն Վանեցյանի օգնական Լուսինե Մաթեւոսյանը համարում է, որ համայնքապետի բարությունն է մեղավոր, որ հարկերը չեն կարողանում հավաքել: «Վանեցյանն ուղակի չի ուզում մարդկանց խաթրին կպնի, դե իրենք էլ առիթից օտվում են,- բացատրում է երիտասարդ օգնականը,- պետությունը, ճիշտ է, էդ հարկերից գոյացող գումարը թողել է համայնքին, բայց լծակներ չի տվել համայնքապետին, որ կարողանա անպարտաճանաչներին պատժի»: Համայնքապետը չվիճարկեց իր բարության հարցը, միայն նշեց, որ անպարտաճանաչներին դատի տալու մեխանիզմն իրենց դեպքում իրեն չի արդարացրել: Համայնքում 2001 թ. գործող «Այգաբացի խոշորի բտման տնտեսություն» ԲԲԸ-ն, որ զբաղվում է հացահատիկային ու կերային մշակաբույսերի մշակմամբ ու ապահովում է 4 աշխատատեղ, համայնքապետարանին պարտք է 1 մլն 400 հազար դրամ: Համայնքի ղեկավար Ս. Վանեցյանի ասելով պարտքերն այս կազմակերպությունը սկսել է կուտակել 1997 թ.-ից, երբ դեռեւս մեկական տարով էր վարձակալել տարածքը: Սակայն 2001 թ.-ից համայնքային ենթակայության 221 հա հողատարածքը ընկերությանը վարձակալության է տրվել 25 տարով եւ այդ օրից կրկին ընկերությունը չի վճարել վարձավճարը: Ս. Վանեցյանի ասելով հողերը վարձակալության է տրվել կադաստրային արժեքից ցածր արժեքով` վարձակալած ողջ հողատարածքի համար տարեկան վարձավճարը կազմում է 907 հազար դրամ: Վարձակալները, նրա ասելով, Այգաբաց համայնքի նախկին ղեկավար Գագիկ Ալթունյանն ու նրա հարազատներն են: Վերջիններս գյուղում տնօրինում են նաեւ 10 հա արտադրական նշանակության հողատարածք, որի համար նույնպես հարկ չեն վճարում: Նոր համայնքապետը երկու անգամ դատական հայց է ներկայացրել հարկերը գանձելու նպատակով, սակայն նրա ասելով, ոչ մի լումա չի ստացել պարտքատերերից` հայցադիմումները մերժվել են վաղեմության ժամկետը լրանալու պատճառաբանությամբ (հողի հարկը գանձելու համար վաղեմության ժամկետ չի կարող կիրառվել-խմբ.): Գյուղում մոտ 100 ընտանիք հարյուր հազար դրամից ավելի պարտք ունեն, որոնց նկատմամբ պրն Վանեցյանը մտադիր չէ դատական գործեր հարուցել, որովհետեւ չի հավատում, թե դա արդյունք կտա, սակայն պայմանավորվել է, որ վերջիններս գոնե մինչեւ աշուն մայր պարտքը մարեն: Համայնքապետարանի մեկ այլ աշխատակցուհի էլ նշեց, որ շատ գյուղացիներ հրաժարվում են հարկերը մուծելուց` պատճառաբանելով, որ չեն պատրաստվում ապահովել համայնքապետարանի 11 անձից բաղկացած աշխատակազմի աշխատավարձը: 747 բնակիչ ունեցող համայնքը, որ հազիվ է հաղթահարում սեփական եկամուտների հավաքագրման 20 %-ի շեմը, այդպիսի ներկայացուցչական համայնքապետարան է պահում: «Եթե կարողանանք հարկերը հավաքել, ապա 11 հոգին էնքան էլ շատ չի, դե, կուլտուրայի տան վարիչ կա ցուցակում, գրադարան ունենք, բա գրադարանը ղեկավար չունենա՞,- զարմացավ համայնքապետը,- չնայած, էս պահին 1 մլն 200 հազար դրամի աշխատավարձի պարտք ունենք, էդ էլ չէր լինի, եթե նախկինում կուտակված սոց.վճարների խնդիրը չլիներ»: Ամեն դեպքում, հաստիքացուցակի վերանայում լինելու է, մարզպետարանից առաջարկել են կրճատումներ անել: Հետաքրքիր է, թե ում կկրճատեն Այգաբացում… կհետեւեն Ախուրիկի օրինակին ու հավաքարարի հաստիքը կկրճատե՞ն, թե, ամեն դեպքում, գործազուրկ կդառնա գյուղի կատարածուն, ով 21-րդ դարում Այգաբացում փոխարինում է բարձր տեխնոլոգիաներին: Եթե հետեւենք այս տրամաբանությանը, ստացվում է, որ տեղեկատվությունը տարածելու համար գյուղում ցուցատախտակներ տեղադրելն ավելի թանկ է, քան կատարածու պահելը: Գրադարանի վարիչ Լարիսա Մսրյանն էլ դժգոհեց, որ չի կարելի էս աղքատ գյուղից պահանջել ավելին` քան կարող է իրականում տալ: Այգաբացը Ազատան չէ, թեպետ ուղիղ գծով մի 5-6 կմ են իրարից հեռու: Իրենց հողերի 90 %-ը 3-րդ, 4-րդ կարգի են, շատ փոքր հատվածն է ոռոգելի, իրենք էլ միայն հացահատիկային կուլտուրաներ կարող են մշակել ու աստված կանչել, որ կարկուտը բերքը չտանի: Եկամուտի մեկ այլ աղբյուրից էլ շուտով կզրկվի գյուղացին, եթե հաստատվի իրենց հասած տեղեկությունը: Այգաբացի բնակիչները համագործակցում են կաթնամթերքի վերամշակմամբ զբաղվող երկու ընկերությունների հետ: Կաթը վաճառում են լիտրը 90 դրամով, որը շատ էժան է, իսկ հիմա էլ իմացել են, որ մեծ քանակությամբ կաթի փոշի է ներկրվել Հայաստան ու հնարավոր է վաղը մյուս օրը իրենցից կամ կաթ այլեւս չգնեն, կամ էլ` շատ ցածր գներ առաջարկվեն, գյուղացուն ոչ ձեռնտու: Այգաբացի զարգացման քառամյա պլանում մի քանի ծրագրեր կան ընդգրկված, որոնք համայնքապետը հույս ունի իրականացնել սեփական եկամուտների հաշվին: Այս տարի կկարողանան 500 հազար դրամ տրամադրել գիշերային լամպերի տեղադրման եւ գյուղում գիշերային լուսավորություն ապահովելու համար: Խմելու ջրագծի խնդիր պիտի լուծեն. ծրագիր, որտեղ համայնքը 32 հազար եվրո ներդրում պիտի կատարի: Նաեւ մանկապարտեզի շենքի վերանորոգման հույս ունեն համաֆինանսավորմամբ: Համայնքը այս ծրագրի իրականացման համար, որը նախատեսվում է մեկնարկել 2012 թ.-ին, սեփական եկամուտներից նախատեսել է 4 մլն դրամ տրամադրել: Համայնքապետարանը ամենամոտ ապագայում, ասենք` հենց այս գարնանը իրականացվելիք ծրագրերից, օրինակ, ծառատունկը չի իրականացրել, թեպետ գրել են այդ մասին: «Փող չկար», -արդարացավ համայնքապետը,- հազիվ պարտքերն ենք փակում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter