HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Ֆիլմն իմ կյանքը փոխեց, ճշմարտությունն ինձ ազատ մարդ դարձրեց»

 «Հակամարտությունների աշխարհը» շարքից է «Անբաժանելի կղզի» ֆիլմը` նկարահանված դարձյալ հայ եւ ադրբեջանցի ռեժիսորների համագործակցությամբ (Արա Շիրինյան, Գյունել Ալիեւա): Այն Կիպրոսի հակամարտության մասին է: Հակամարտություն, որը բարդ է եւ խճճված, արյունոտ, բայց ոչ այնքան, որքան Բոսնիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի հակամարտությունները: Այստեղ հետաքրքիրն այն է, որ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիան միակ քաղաքն է, որը բաժանված է երկու մասի:

1974 թվականին թուրքական բանակը մտնում է Կիպրոս` պաշտպանելու թուրք բնակչությանը հույների հարձակումներից: Թուրքիան գրավեց ինքնիշխան պետության  տարածքի 37%-ը, որի բնակչության 80%-ը հույներ էին, 20-ը` թուրքեր: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պահանջեց դուրս բերել թուրքական բանակը: Թուքիան հրաժարվեց կատարել բանաձեւը: Կիպրոսը բաժանվեց երկու մասի: Հյուսիսային մասում ստեղծվեց Կիպրոսի Թուրքական հանրապետություն, որը պաշտոնապես մինչ այսօր ճանաչել է միայն Թուրքիան: Ֆիլմում ներկայացված մարդկային պատմությունները մեծ դեր են խաղում մարդկանց մոտեցնելու, պատերազմի արհավիրքները ցույց տալու եւ հասարակ մարդու` անկախ  նրա ազգային պատկանելությունից, ցավը հասկանալու հարցում: Թուրքական եւ հունական կողմերից ներկայացված հասարակ մարդկանց պատմությունները հավասարակշռված են: Դիտողն այս մարդկանց ցավը տեսնելիս չի մտածում, թե այդ հակամարտության մեջ որ ազգը կամ որ կողմն է մեղավոր, այլ տեսնում է, թե այդ պատերազմն ինչպես է ազդում հասարակ մարդու վրա: Եվ այդ պահին հանդիսատեսը միայն մի բան է  ցանկանում` որ նման պատերազմներ, նման հակամարտություններ եւ արյամբ լուծվող խնդիրներ չլինեն:

Հույն Միրի Ֆլորան կորցրել է իր զավակին, երբ երեխան դեռ հինգ տարեկան էր: Փոքրիկ Քրիստակին ոտքից վիրավորվել էր: «Նրանց (թուրքերի) հիվանդանոցը վրանների մեջ էր: Երեխայիս վիրակապեցին ու մեզ տարան մեկ ուրիշ շինություն: Այնտեղ վիրավոր թուրք զինվորներ կային, մի քանիսի աչքերն էին վիրավոր, մեկի` քիթը: Նայում էի ու մտածում, թե, Աստված իմ, նրանք էլ են մարդ, մեզ նման արարածներ: Հետո նկատեցի, որ երեխայի ձեռքը, որ դրված էր ոտքին, արյունոտ էր: Կանչեցի բուժքրոջը, եկավ, իսկ ես, երբ տեսա արյունը, ոտքերս թուլացան, ընկա: Ինքս ինձ ասում էի` բա'ց աչքերդ, նայի'ր, թե երեխադ ինչպես է: Երեխայիս դիմակ հագցրին, ինձ էլ տեղափոխեցին ուրիշ սենյակ: Առավոտյան, երբ բժիշկը եկավ, նրան ձեռքերով հարցրի, թե որտեղ է երեխաս: Բժիշկը մատով երկինք ցույց տվեց` ուզելով ասել, թե մահացել է»: Միրո Ֆլորան պատմում է, որ իրականում որդուն գիշերն ինքնաթիռով տարել էին: Մայրը միայն մի բան է ուզում, որ իր որդուն ասի, թե նա իրականում հույն է, ոչ թե թուրք, ասի ճշմարտությունը: Իսկ եթե որդին կենդանի չէ, ուզում է միայն թաղել որդուն մահացած դստեր կողքին...

Սրան հետեւում է մի թուրք մարդու պատմություն. Քամիլ Մենթեշը կորցրել է իր կնոջը եւ հինգ երեխաներին, երբ հունական բանակը մտել է թուրքական կողմ եւ այրել գյուղերն ու կոտորել մարդկանց: Գերությունից ազատվելով` նա շտապ վերադարձել է տուն, որպեսզի տեսնի ընտանիքին: «Բայց տեսա մեր քանդված տունը, տեսա աջ ու ձախ ընկած դիակներ, հույները նույնիսկ երեխաներին չէին խնայել: Միայն երեխաներիս հոտն էր մնացել մեր տանը: Հետո մեր տան մոտակայքում տեսանք մի փոս: Առաջինը, ինչ ես տեսա այդ փոսի մեջ, իմ փոքրիկ երեխան էր` պինդ սեղմված իր մոր` կնոջս կրծքին: Նրանք մեռած էին...Այդ փոսում հինգ երեխաներս էին կնոջս հետ, երեխաներիցս ամենամեծը վեց տարեկան էր»,- պատմում է Քամիլ Մենթեշը:

«Ես մեծացել եմ մի համակարգում, որտեղ դպրոցը սովորեցրել է ատել, եկեղեցին նույնպես սովորեցնում էր ատել: Մենք կարծում էինք, թե ատելը նորմալ բան է: Հիմա հասկանում ենք, որ մենք մեծացել ենք հիվանդ հոգով»,- ասում է վավերագրող ռեժիսոր Թոմի Անգաստինիոտիսը, ով նկարահանել է մի ֆիլմ, որտեղ պատմում է, թե ինչպես են հույները կոտորել երեք թուրքական գյուղերի բնակիչներին` այդ թվում կանանց եւ երեխաներին: Այդ ֆիլմից հետո նա դարձավ ազգային դավաճան:

Մեր զրույցի ընթացքում Արա Շիրինյանը պատմեց, որ իր ֆիլմը նկարահանելուց հետո, երբ Թոմի Անգաստինիոտիսը վերադարձել է տուն, փոքր քույրը, եղբորը դավաճան կոչելով, հեռացրել է տանից: Թոմին ֆիլմը թողնելով տանը` հեռացել է: Իսկ երկու օր հետո, երբ վերադարձել է տուն, քույրը գրկել է նրան ու սկսել համբուրել: Նա դիտել էր եղբոր ֆիլմը:

«Փաստորեն, ֆիլմը շատ բան կարող է փոխել»,-ասում է Արա Շիրինյանը: Հուզիչ է Թոմիի ինքնախոստովանությունը, թե իր ազգը` հույները, որքան սխալներ են գործել. «Երկու կողմերն էլ շատ հանցանքներ են արել: Բայց այլ բան է խոսել երկու կողմերի սխալների մասին, այլ բան է, երբ կողմերից յուրաքանչյուրն ամբողջ մեղքը բարդում է հակառակ կողմի ուսերին: Ֆիլմն իմ կյանքը փոխեց, ճշմարտությունը ինձ ազատ մարդ դարձրեց»: Երեսուն տարի անց Նիկոսիայի երկու հատվածների միջեւ ճանապարհ բացվեց, եւ մարդիկ կարող էին ազատ անցնել իրենց նախկին բնակավայրերը: Թոմին պատմում է, որ միանգամից ուղևորվեց իր մանկության տունը. «Դուռը բացեց մի տարեց թուրք կին, նա ինձ ներս հրավիրեց: Ոչինչ չէր փոխվել մեր տանը: Նույնիսկ մահճակալներն էին դրված նույն տեղում: Հանկարծ ես տեսա պատից կախված հորս նկարը, եւ կողքին` նրա դիպլոմը: Ապշել էի, ինչու են նրանք պահել այդ նկարը, ինչու է մնացել պատից կախված: Եւ հանկարծ այդ թուրք կինը հունարենով ինձնից ներողություն խնդրեց, որ փող չունենալու պատճառով պատերը չեն ներկել: Ես ապշելով հարցրի, թե ինչո՞ւ եք ներողություն խնդրում, սա ձեր տունն է: Նա ասաց. «Ոչ, որդիս, այս տան տերը դու ես: Աստված տա` մի օր ես էլ գնամ իմ տունը: Մենք  մեղավոր չենք այդ ամենի համար»: Հետո նա հորս նկարը հանեց պատից եւ տվեց ինձ: Ես հուզված նստեցի մեքենաս: Մտածում էի, թե ո՞ւմ պիտի ատեմ, այս երկու ծեր կանա՞նց, ովքեր այդքան բարի են եւ մարդկային...եւ ես հասկացա, որ ամբողջ կյանքումս զոհ եմ գնացել կեղտոտ պրոպագանդային...»:

Թոմին ֆիլմի «տանող» հերոսն է: Նրանով ամբողջանում է ֆիլմի ամբողջ իմաստը, մի մարդ, ով իր երկրում համարվում է ազգային դավաճան... Արա Շիրինյանն ասում է, որ իր կարծիքով` հույներն ավելի անկեղծ էին, քան թուրքերը. «Հնարավոր է, որ դա այն բանից է, որ թուրքական կողմի հետ աշխատել են մեծամասամբ ադրբեջանցիները, իսկ նրանք այս կոնֆլիկտը համարում էին նաեւ իրենցը»:

Արա Շիրինյանը կարծում է, որ չնայած նախնական պայմանավորվածությանը` այս ֆիլմն Ադրբեջանում չի ցուցադրվի, քանի որ թուրքական պրոպագանդա չկա, իսկ ադրբեջանցիներն այլ հայացքներ չեն ընդունում: Հիշեցնենք, որ այս  եւ նախագծում ընդգրկված մյուս հինգ ֆիլմերը կցուցադրվեն նաեւ Նարեկացի արվեստի միությունում`հունիս եւ հուլիս ամիսներին, իսկ հունիսի մեկին, ժամը 18:00–ին «Ինտերնյուս» հ/կ-ում կցուցադրվի Արտյոմ Երկանյանի` Ալանդների մասին պատմող «Հաջողության կղզիներ» ֆիլմը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter