Փշալարեր Եվրոպայում. Հյուսիսային Իռլանդիան մինչեւ այժմ փշալարերով բաժանված է երկու մասի
Երեկ երեկոյան ցուցադրվեց «Հակամարտությունների աշխարհը» նախագծի եւս մեկ ֆիլմ` «Վստահության եզրին»: Ֆիլմը պատմում է Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության մասին: Ֆիլմը ստեղծվել է Լեւոն Քալանթարի եւ Շահին Ռյազաեւի համահեղինակությամբ: Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստը փշալարերով բաժանված է երկու մասի: Փշալարերի մի կողմում բողոքականներն են, մյուսում՝ կաթոլիկները:
Զարմանալի է, որ այս փշալարերն այնտեղ «Խաղաղության գծալարեր» են անվանում: Քաղաքի մի հատվածից մյուսն անցնելը կարելի է միայն օրվա որոշակի ժամի: Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում Թոմաս եւ Ֆլորանս ամուսիններն իրենց հուշանվերների խանութում վաճառում են մասնատված կղզու տարբեր հատվածների նկարիչների եւ արհեստավորների տարբեր գործեր: Ֆլորանսը պատմում է, որ հաճախ անգլիացիներն այստեղ փորձում էին գնումներ կատարել եվրոյով. «Մենք ասում ենք, որ, ո’չ, մենք Բրիտանիայի մաս ենք, եւ այստեղ շրջանառության մեջ է Ֆունտ ստերլինգը: Իմ ծնողները հաճախ չեն հասկանում, թե որտեղ եմ ապրում, չեն հասկանում, թե Հյուսիսային Իռլանդիան ինչ է իրենից ներկայացնում»: Հյուսիսային Իռլանդիայի հակամարտությունն արդեն ութ հարյուր տարի մերթ մարում է, մերթ` կրկին բռնկվում կատաղի ուժգնությամբ: Իռլանդիան Եվրոպայի` մեծությամբ երրորդ կղզին է, որը երկար տարիներ Բրիտանական կայսրության մասն է կազմել: Բրիտանացիները եւ իռլանդացիները շատ բաներով են նման իրար: Իռլանդիայի հյուսիսում, որը կղզու 1921 թվականի բաժանումից հետո մնաց Բրիտանիայի կազմում, այդ նմանությունը, բնականաբար, ավելի ակնառու է: Անգլո-իռլանդական հակամարտությունները խորանում են մինչեւ տասներկուերորդ դար, երբ Վատիկանը զբաղեցրած միակ անգլիացին հարձակվեց Իռլանդիա կղզու վրա` Անգլիայի թագավոր Հենրի երկրորդին հնարավորություն տալով իր թագավորությանը միացնել կելտերով բնակեցված Իռլանդիա կղզին: Այդ պահից ի վեր անգլիացիները հաստատեցին իրենց իշխանությունը եւ իրավունքներն այդ հատվածում, որի բնակիչները, սակայն, պարբերաբար ապստամբում էին իրենց անկախության համար: Դրությունը սրվեց հատկապես 17-րդ դարում, երբ իռլանդացիները դեմ գնացին անգլիացիների կողմից իրականացվող կրոնական բարեփոխումներին եւ հավատարիմ մնացին կաթոլիկ հավատին: Անգլիական առաջնորդ Օլիվեր Կրոմվելը արյան միջոցով կրկին իրեն ենթարկեցրեց կղզին: Կրոմվելի օրոք էր, որ կաթոլիկ հողատերերի հողերը խլվում էին տերերից եւ հանձնվում անգլիացի բողոքականներին: Սա հատկապես իր արտացոլումը գտավ Հյուսիսային Իռլանդիայում, այս ժամանակներից էլ այստեղ մեծամասնություն են կազմում բողոքականները` հենարան լինելով Անգլիայի համար: Տասնհինգերորդ դարից ի վեր Իռլանդիան բազմիցս բարձրացրել է Անգլիայի կազմում ինքնավարության հարցը: Սակայն կղզու չորս տարածաշրջաններից մեկը`Օլթերը, դիմադրում էր այդ ինքնավարությանը: Արդյունքում 1921 թվականին Անգլիայի վարչապետը կղզու բաժանման ծրագիր առաջարկեց, ըստ որի` Իռլանդիայի հյուսիսային վեց կոմսությունները, որոնք բողոքականներով էին բնակեցված, մնում էին Բրիտանիայի կազմում, իսկ մնացած քսանվեց կոմսությունները կազմում էին Իռլանդական միացյալ անկախ պետությունը: Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին ապստամբություն սկսվեց Իռլանդիայի անկախության համար: Ազգային ուժերը պառակտվեցին` մի մասը գնաց պատերազմելու, իսկ մյուս մասն ասաց, որ կռվի չի գնալու, այլ հակառակը` կկռվեն Բրիտանիայի դեմ, որովհետեւ նրանք գաղութացրել եւ ճնշել են իրենց:
Ֆիլմի հերոսներից մեկը պատմում է. «Բրիտանիան ընկղմվել էր պատերազմի մեջ, եւ դա հնարավորություն էր տալիս գոնե Իռլանդիայի անկախությունը հռչակել: Սակայն շարժման ղեկավարները չէին հավատում, որ կկարողանան հաղթանակ տանել, գիտեին, որ կզոհվեն: Նրանք ուզում էին, որ իրենց մահը իռլանդացիների մեջ արթնացնի անկախության գաղափարը. այստեղ նրանք հաղթեցին: Ապստամբությունը միանշանակ չէր ընդունվում բոլորի կողմից: Նույնիսկ երբ գերեվարված ապստամբներին բանտ էին տանում փողոցով, մարդիկ թքում էին նրանց վրա: Բայց երբ բրիտանացիները մահապատժի ենթարկեցին ապստամբներին, հասարակական կարծիքը թեքվեց դեպի անկախության պայքարը»:
Հյուսիսային Իռլանդիայի պատմությունը ոչ միայն փոխանցվում է սերնդեսերունդ պատմություններով կամ դասագրքերով, այլ նաեւ մյուրալներով: Սրանք Իռլանդիայի պատերին պատկերված որմնանկարներ են, որոնք պատերազմի տարբեր իրավիճակներ են պատկերում: Երկու հազարից ավելի այս որմնանկարները ոչ միայն հին ժամանակների պատմությունն են արտացոլում, այլեւ խաղաղության եւ հանդուրժողականության կոչ են անում: Անկարգությունները վերսկսվեցին 1968 թվականին, երբ ամբողջ Եվրոպայում սկիզբ առավ քաղաքացիական իրավունքների շարժման ալիքը: Հյուսիսային Իռլանդիայում այդ ժամանակաշրջանն անվանում են «Անհանգիստ օրեր»: Այս ընթացքում հակամարտող կողմերից զոհվեց 3.500 քաղաքացի: Ի պատասխան հյուսիսիռլանդական բռնությունների` 1969 թվականին Բրիտանական կառավարությունը զորք մտցնելու որոշում ընդունեց: Բռնությունները դրանից չնվազեցին, հակառակը` Հյուսիսային Իռլանդիայի բնակչությունը վստահությունը կորցրեց բրիտանական բանակի եւ ոստիկանության հանդեպ: Շատ օտարերկրացիների թվում է, թե հակամարտության էությունը հակասությունն է կաթոլիկ փոքրամասնության, ովքեր ձգտում են Իռլանդիայի միասնությանը, եւ մեծամասնություն կազմող բողոքականների, ովքեր Հյուսիսային Իռլանդիան միայն Բրիտանիայի կազմում են տեսնում: Սա ընդհանուր պատկերի միայն մի մասնիկն է, իրականում ոչ բոլոր կաթոլիկներն են ուզում միասնական Իռլանդիա եւ ոչ բոլոր բողոքականներն են ուզում Բրիտանիայի կազմում լինել: Հակամարտության բրիտանական կողմին ընդունված է կոչել յուննոիստներ, իսկ միասնական Իռլանդիա ցանկացողներին` նացիոնալիստներ կամ հանրապետականներ: Լոնդոնի տնտեսական, քաղաքական եւ գիտական համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Հյուն հիշում է, որ երբ Հյուսիսային Իռլանդիայում հակամարտությունը սրվեց, ինքը դեռ տասը տարեկան էր.«Երբ 1969 թվականին Բրիտանական զորքերը ներխուժեցին Իռլանդիա, կաթոլիկները նրանց դրական էին վերաբերվում: Զինվորներին դիտում էին որպես բողոքականների անվտանգության ուժերի, որոնք հասարակության պաշտպան էին: Բայց այդ իրավիճակը երկար չտեւեց: Կաթոլիկները հասկանում էին, որ բրիտանական զորքերը կողմերից որեւէ մեկի կողմը պիտի բռնեն` բնականաբար, ոչ կաթոլիկների: Այստեղից էլ բրիտանական զորքերի եւ կաթոլիկների միջեւ հարաբերությունները վատացան: Կաթոլիկները կազմավորեցին իրենց բանակը` բրիտանացիների դեմ պայքարելու համար, իսկ բրիտանացիներն իրենց կողմից կազմեցին զորք` կաթոլիկների դեմ պայքարելու համար:
Պաշտոնաթող գնդապետ Քրիստոֆեր Լանգթոնը, ով մասնակցություն է ունեցել զինվորական ակցիային Հյուսիսային Իռլանդիայում, կարծում է, որ բրիտանական զորքը շատ սխալներ է թույլ տվել այդ հակամարտության ընթացքում: Հակամարտության ամենադաժան օրը Հյուսիսային Իռլանդիայի համար 1973 թվականի հունվարի 30-ն էր` Իռլանդիայի Դերրի կամ Լոնդոն-Դերրի կոչվող քաղաքում: Այս օրը նրանց պատմության մեջ հայտնի է որպես «Արյունոտ կիրակի»: Բրիտանական բանակը խաղաղ ցույցը ցրելիս գնդակահարեց տասներեք քաղաքացի` ներառյալ վեց երեխայի եւ մեկ հոգեւորականի: Այս իրադարձությունը մեծ արձագանք գտավ ամբողջ աշխարհում: Դերրիի բնակչությունը մինչեւ հիմա հիշում է այդ իրադարձությունները: Մի մեծահասակ կին պատմում է. «Մենք խաղաղ ցույց էինք կազմակերպել, մասնակցում էր մոտ 25-30 հազար մարդ: Բրիտանական բանակը դեպի կենտրոն տանող ճանապարհը փակել էր, ժողովորդը հետ վերադարձավ եւ հավաքվեց «Ֆրի Դերրի» կոչվող հուշարձանի մոտ: Բրիտանական բանակը խաղաղ ժողովրդի վրա սկսեց կրակել: Մեզ սկզբից թվաց, թե բանակը ռետինե գնդակներով է կրակում, բայց դրանք մարտական փամփուշտներ էին: Արդյունքում` տասներեք զոհ: Իրարանցումը տեւեց մոտ կես ժամ, որից հետո բրիտանացի դեսանտայինները դուրս բերվեցին քաղաքից եւ առաջին անգամ տեղական բանակը պատերազմեց բրիտանական բանակի հետ: Երբ դեռ դիակները չէինք հասցրել տեղափոխել, հեռուստատեսությամբ սկսեցին ելույթ ունենալ բրիտանացի գործիչները, ասում էին, որ զոհվածները իռլանդական բանակի զինվորներ էին, ովքեր գրպաններում նռնակներ ունեին եւ թաքնված զենքեր: Մարդիկ հույս ունեին, թե բրիտանական ղեկավարությունը կդատապարտի Դերրիում տեղի ունեցածը»: Բողոքականները եւ կաթոլիկները տարբեր բանակներ ստեղծեցին: Երկար տարիներ ընթացող արյունոտ հակամարտությունից դասեր քաղելով` թե' իռլանդացիները, թե' բրիտանացիները վճռականորեն իրենց հայացքն ուղղել են դեպի խաղաղ կարգավորումները: 1994 թվականին Իռլանդիայի ժամանակավոր բանակը հրադադար հայտարարեց: Իսկ 1998 թվականին կնքվեց Բելֆաստի համաձայնագիրը: Բրիտանիան եւ Իռլանդիան պարտավորվեցին հաշվի նստել Հյուսիսային Իռլանդիայի կամքի հետ, այսինքն` եթե Հս. Իռլանդիայում ժողովրդի մեծամասնությունը քվեարկի Բրիտանիայի կազմից դուրս գալու եւ Իռլանդիային միանալու օգտին, ապա Բրիտանիան չպետք է դրան խոչընդոտի: Ժամանակ առ ժամանակ, սակայն, որոշակի խմբերի կողմից փորձեր են արվում քանդել փխրուն համաձայնագիրը: Շատերը կարծում են, որ Բելֆաստի մյուրալները եւ փշալարերը լարվածություն եւ ծանր հիշողություներ են հաղորդում մարդկանց, շատերը կարծում են, որ փշալարերի վերացման ժամանակը եկել է: Սակայն Տեղագրության ինստիտուտի մասնագետ Լորդ Հիլթոնը կարծում է, որ դեռ վաղ է Բելֆաստը երկու մասի բաժանող փշալարերը վերացնելը, դրանք մարդկանց համար դեռեւս ապահովության խորհրդանիշ ունեն:
Ֆիլմն ավարտվում է մի հետաքրքրական հետգրությամբ, որից արդեն պարզ է դառնում, որ իռլանդացիները միայն խաղաղություն են ուզում: Երբ նկարահանող խումբն արդեն վերադարձել էր հայրենիք, լրատվական գործակալությունները տարածեցին մի լուր 2009 թվականի մարտին Հյուսիսային Իռլանդիայում երկու բրիտանացի սափրագլուխների սպանության մասին, իսկ մի քանի օր հետո իր մեքենայում սպանվեց պարետային հսկողություն իրականացնող ոստիկանը: «Այս իրադարձությունների ամենաուշագրավ մասն այն է, որ թե' Բելֆաստում, թե' Իռլանդիայի մյուս քաղաքներում կազմակերպվեցին զանգվածային երթեր եւ ցույցեր: Բնակչության մեծամասնությունը քննադատեց անվտանգության մարմինների նկատմամբ իրականացվող բռնությունները եւ պաշտպանեց խաղաղ գործընթացը»,- նշում է ֆիլմի հեղինակ Լեւոն Քալանթարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել