Բոսնիայի ցավն ու հույսը
Երեկ երեկոյան ցուցադրվեց «Հակամարտությունների աշխարհը» նախագծի ֆիլմերից մեկը` «Ցավի եւ հույսի միջեւ» վերնագրով, որը պատմում է Բոսնիայի հակամարտության մասին: Ֆիլմի հեղինակներն են Լեւոն Քալանթարը եւ Էլջան Մամարովը: Սլովենիայից եւ Խորվաթիայից հետո Բոսնիան նախկին հարավսլավական երրորդ երկիրն էր, որտեղ պատերազմ բորբոքվեց, որը ցնցեց աշխարհը զոհերի եւ մարդկության հանդեպ հանցագործությունների թվով:
Դրամատիկ պատմություն ունի Սարաեւոն. Ավստրո-Հունգարիայի կազմում գտնվող այս քաղաքում 1914 թվականի հուլիսի 28-ին սպանվեցին ավստրոհունգարական թագի ժառանգորդը եւ նրա դուստրը:
Սպանության մեջ մեղադրվեցին Հարավային Սլավոնիայի միավորման կողմնակիցները, ում թիկունքին կանգնած էր Սերբիան: Սպանությունից մոտ մեկ ամիս անց Ավստրո-Հունգարիան Սերբիային տասը կետից բաղկացած վերջնագիր ներկայացրեց` ակնհայտ անընդունելի պայմաններով: Եւ չնայած Սերբիան ընդունեց բոլոր պահանջները` բացի մեկից, կայսրությանը չգոհացրեց Բալկանյան հարեւանի պատասխանը: Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային, ինչն էլ հետագայում Առաջին Համաշխարհային պատերազմի սկիզբ դարձավ: Պատերազմի ավարտից հետո` 1918 թվականին, Փարիզյան կոնֆերանսում ստեղծվեց սերբերի, խորվաթների եւ սլովենացիների թագավորությունը, որը 1929 թվականից ստացավ Հարավսլավիա անունը: Բայց միայն Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Հարավսլավիան դարձավ հզոր եւ ազդեցիկ: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Հարավսլավիան մոտ մեկ միլիոն զոհ տվեց, որից մոտ կեսը սերբեր էին: Մեծաթիվ զոհերը ոչ միայն պատերազմի, այլ նաեւ միջէթնիկ կոնֆլիկտների արդյունք էին: Ալբանացի ու խորվաթ զինյալները դաշնակից էին ֆաշիստներին, իսկ սովետական բանակի հետ կռվում էին մաս-մաս պարտիզանական խմբերը, որտեղ մեծամասնությունը սերբեր էին: Պատերազմի սկզբին ակտիվացան չիրթինգները. այդպես էին Բոսնիայում կոչում ռադիկալ սերբ անարխիստներին: Նրանք զինված խմբավորումներ կազմեցին եւ սկսեցին պատերազմել ֆաշիստների դեմ: Իսկ հետո զենքը շուռ տվեցին սերբ պարտիզանների դեմ, որոնք միապետության հակառակորդներ էին: Կարմիր բանակի եւ տիտոների տարած հաղթանակից հետո սերբ ազգայնամոլ չեթնիկները եւ խորվաթ ֆաշիստները օրենքից դուրս հայտարարվեցին: Հարավսլավիան վերակազմավորվեց Սոցիալիստական Դաշնային Պետության` վեց միութենական հանրապետություններով` Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մակեդոնիա, Չեռնոգորիա, Սլովակիա, Խորվաթիա: Երիտասարդ երկիրը սկսեց բարգավաճել: Սակայն Հարավսլավիայի առաջնորդի մահվանից հետո երկիրը կանգնեց լուրջ ճգնաժամային խնդիրների առջեւ: Դադարեցվեց բազմաթիվ գործարանների աշխատանքը, երկիրը կազմաքանդման եզրին կանգնեց: Հարավսլավիայի կազմաքանդման պատերազմները հասարակ մարդկանց համար շատ անսպասելի էին: 1991 թվականին նախ Սլովենիան, իսկ այնուհետեւ Խորվաթիան իրենց անկախ հռչակեցին:
Սերբ ազգայնականները իրենց Հարավսլավիայի պաշտպան հայտարարեցին, ասում էին, թե փորձում են երկիրը պաշտպանել կործանումից: Բոսնիա-Հերցեգովինան հանդես էր գալիս միացյալ Հարավսլավիայի պաշտպանության օգտին, բայց երբ պարզ դարձավ, որ նախկին Հարավսլավիան այլեւս չկա, Բոսնիան ստիպված էր հետեւել Սլովենիայի եւ Խորվաթիայի օրինակին: Երկրի անկախության գաղափարը պաշտպանեցին միայն մահմեդականները եւ խորվաթները, բոսնիացի սերբերը հանդես էին գալիս Սերբիայի եւ Չեռնոգորիայի միացյալ պետության գաղափարով: Հետո միայն պարզ դարձավ, որ Սերբիայի եւ Խորվաթիայի առաջնորդները գաղտնի համաձայնության էին եկել Բոսնիայի մասնատման վերաբերյալ: Սերբիան պատերազմ սկսեց Բոսնիայի դեմ:
Սարաեւոն` Բոսնիայի մայրաքաղաքը, բազմազգ եւ բազմակրոն մարդկանց քաղաք է, այստեղ կարելի է հանդիպել ուղղափառների եւ մահմեդականների ամուսնությունների, եւ մարդիկ այդ ամենի մեջ խնդիր չեն տեսնում: Ֆիլմի հերոսներից մեկը պատմում է, որ երբ Սերբիան հարձակվեց Սարաեւոյի վրա, մարդիկ դեռ չէին հասկանում, չէին հավատում, որ կարող է պատերազմ լինել: Ըստ նրա` պատերազմի սկզբում ազգերի միջեւ ատելություն չկար: Սերբերը, խորվաթները եւ բոշնյակները` տարբեր կրոնների պատկանող այս ազգերը, ապրում էին միմյանց հետ` առանց մտածելու մեկը մյուսի կրոնի եւ ազգային պատկանելության մասին: Բայց պատերազմի արդյունքում ամեն ինչ փոխվեց:
Հերոսներից մեկը` Նիկոլայ Կովաչը, ասում է, որ մինչ պատերազմն ինքն ուներ բազմաթիվ մահմեդական ընկերներ, իսկ այժմ իր շրջապատում այդպիսիք չկան: Ֆիլմում պատմվում է մի դրվագի մասին, որը հիշեցնում է մինչ Շուշին գրավելը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտի գրոհները: Սարեւոն շրջապատված է լեռներով, եւ սերբերի տանկերը գրոհում էին լեռների լանջերից, մարդիկ զոհվում էին փողոցում քայլելիս, հացի հերթում կանգնած: Հետաքրքիր է նաեւ հերոսներից մեկի խոսքը, ով նշում է, թե ամբողջ աշխարհը լուռ համաձայնությամբ էր հետեւում իրենց ողբերգությանը, որովհետեւ իրենց երկիրը հետաքրքիր չէ ոչ մեկին, քանի որ նրանք չունեն ոչ նավթ, ոչ գազ…
Ֆիլմի ողբերգական մասերից է Միրիանայի պատմությունը, ում ամուսինը այլակրոն է, եւ պատերազմից հետո նա չի շփվում կնոջ ազգականների հետ, նույնն էլ` նրա որդին: Մեկ այլ կին` Հաթիջան, արդեն տասնչորսերորդ տարին է, ինչ սպասում է իր ողջ ընտանիքի աճյուններին: Սկզբում նա հույս ուներ, թե նրանց կենդանի կգտնի, բայց տարիների հետ նրա միակ ցանկությունը մնաց հարազատների աճյունը գտնելը: Նրա երեխաներից մեկի ոսկորները գտել են, հաստատել են, որ նրա երեխան է, բայց թե երկու զավակներից որ մեկն է նա, մայրը մինչեւ հիմա չգիտի: Հուզիչ է հատկապես այն պահը, երբ կինը լացակումած ասում է, որ աշխարհում ամեն ինչ կտար, իր հորն ու մորը կտար, միայն իր երեխային բան չպատահեր, իսկ այնուհետեւ ասում է, թե եթե իր մոտ բերեն իր զավակներին սպանողի երեխային եւ ասեն` ինչ ուզում ես արա, միեւնույնն է, նա ոչ մի բան չի անի… Ֆիլմի արժեքը հենց այս պահին է ամբողջանում. չնայած բոլոր արհավիրքներին, դժբախտություններին, մարդը չի կորցրել հոգին, չի չարացել, ատելությամբ չի լցվել նույնիսկ իր դժբախտությունների պատճառ դարձածի հանդեպ:
Պատերազմը 130 հազարանոց քաղաքից 1200 մարդ խլեց, 25 հազար մարդ մնաց անօթեւան: Պատերազմի ավարտին քաղաքին ամենասարսափելի հարվածը հասցվեց` ռումբը պայթեց հրապարակում զբոսնող երեխաների մոտակայքում: Մեկ րոպեում 71 երեխա զոհվեց: Ծնողների որոշմամբ` երեխաները միասին թաղվեցին:
Ֆիլմը ավարտվում է շատ հուսադրող մի հերոսով. Ամիր Թելիբաշիրովիչը պատմում է. «Սովորական դեպք էր. հայրս վիրավորված էր, ստիպված էինք շրջանցել դիպուկահարի դիրքերը: Հիվանդանոցում հոսանք չկար, նրան վիրահատություն էր անհրաժեշտ, սպասեց իր հերթին, բայց արյունաքամ եղավ … Փառք Աստծո, որ ատելությունն ինձ մոտ չեկավ, ես դրանից զերծ մնացի»: Ֆիլմն ընդգրկուն է եւ հագեցած տեղեկատվությամբ, սակայն ֆիլմի մարդկային պատմությունները մեղմում են դրա արձանագրային ոճը, եւ պատերազմը հառնում է դիտողի առջեւ իր ողջ սարսափով, որն անհնար կլիներ արտահայտել միայն զոհերի թվի արձանագրությամբ: Ֆիլմի դիտումից հետո հնչեցին բազմաթիվ կարծիքներ: Ոմանք հետեւություններ արեցին, ոմանք ատելությամբ լցվեցին Սերբիայի նկատմամբ, շատերը ֆիլմը ծանր համարեցին, սակայն Լեւոն Քալանթարի հետ համաձայնեցին, որ վավերագրական ֆիլմն այլ կերպ ներկայացնելն անհնար էր: «Այս ֆիլմը գիտական աշխատանք է, եւ տնային պայաններում ես այս ֆիլմը չէի նայի, քանի որ այն ինձ թույլ չի տալիս հանգիստ կերպով ինֆորմացիա ստանալ, ես անընդհատ պիտի լարվեի ու մտածեի»,-ասաց ֆիլմի դիտմանը մասնակցած Մեսրոպը: Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնի ուսանող Հելենը կարեւորեց նման ֆիլմերի ցուցադրությունը. «Ես կուզեի, որ հեռուստատեսությամբ էլ ցուցադրվեր, որպեսզի իմ հասակակիցները կարողանային տեսնել եւ ծանոթանալ մեր խնդրի հետ ինչ-որ չափով առնչվող այլ երկրների խնդիրներին, որպեսզի այդ վանդալիզմներն այլեւս չկրկնվեն: Ես ֆիլմը հետաքրքրությամբ նայեցի, քանի որ իմ մասնագիտությանն էր առնչվում, բայց հնարավոր է, որ այլ մասնագիտություն ունեցող երիտասարդները չդիտեին այս ֆիլմը»: Դիտմանը եկած Աննա Կարլովան ասաց, որ ֆիլմը երկրորդ անգամ նայելու կարիք ունի, քանի որ ինֆորմացիան չափազանց շատ էր. «Նկատելի է , որ արված է ահռելի աշխատանք, տասնյակ մարդիկ են խոսում, յուրաքանչյուրը` իր պատմությամբ: Իհարկե, մեզ համար դժվար է նրանց հասկանալ իրենց կրոնական եւ ազգային խնդիրների պահով, քանի որ մենք նման խնդիրներ չունենք»: Լեւոն Քալանթարը նշեց, որ հերոսներից մեկն իրեն պատմում էր, որ ինքը նույնիսկ չգիտեր, թե ամուսինն ինչ ազգության է պատկանում եւ իմացավ միայն պատերազմի ժամանակ: Հիշեցնենք, որ այս ֆիլմը եւ նախագծում ընդգրկված մյուս հինգ ֆիլմերը կցուցադրվեն նաեւ Նարեկացի արվեստի միությունում` հունիս եւ հուլիս ամիսներին, իսկ այսօր, ժամը 18:00–ին «Ինտերնույս» հ/կ-ում կցուցադրվի Լեւոն Քալանթարի` Հյուսիսային Իռլանդիայի մասին պատմող «Վստահության եզրին» ֆիլմը, որը, ըստ Լ.Քալանթարի, տարբերվում է Բոսնիայի մասին պատմող ֆիլմից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել