HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրահայոց թեմի իրավական կարգավիճակի եւ հայերենը տարածաշրջանային լեզու ճանաչելու պահանջներն արդարացի են

Հարցազրույց Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարիի հետ 26_05-s_sobariՊրն Սուբարի, քանի՞ դիմում է ստացել ՄԻ պաշտպանի գրասենյակը Վրաստանում ապրող հայերից, կա՞ն հստակ վիճակագրական տվյալներ: Եվ Ի՞նչ հիմնական բողոքներով են նրանք դիմում Ձեզ: Դիմումները շատ չեն: Հստակ վիճակագրական տվյալներ չկան, բայց դրանք մեծ թիվ չեն կազմում: Եթե բողոքները էթնիկական բնույթ չեն կրում, մենք չենք տարբերակում` հայի, վրացու, ադրբեջանցու, թե այլ ազգի ներկայացուցչի դիմում է: Մեզ հասած դիմումները նույն բովանդակությամբ են, ինչպես Վրաստանի այլ շրջաններից մեզ դիմած քաղաքացիների բողոքները: Դրանք էթնիկական խնդիրներին չեն վերաբերում: Իսկ էթնիկական հողի վրա իրավունքների ոտնահարման դեպքեր չե՞ն գրանցվել: Էթնիկական խնդիրներ, իհարկե, կան, բայց նման դիմումներ մեզ չեն հասել: Օրինակ` լեզվի իմացությանը կամ դպրոցներում դասավանդմանը վերաբերող խնդիրներ կան, բայց այդ հարցերով մեզ չեն դիմել: Սրանք խնդիրներ են, որոնք մշտապես տեղ են գտնում մեր զեկույցներում և ավելի բարձր ատյաններում են բարձրացվում, բայց մեզ դրանց մասին չեն գրում: Օրինակ` հայկական եկեղեցիներին վերաբերող խնդիրը: Ես արդեն 5 տարի է` աշխատում եմ, և 5-րդ տարին է այդ հարցը առաջադրում եմ իմ զեկույցներում և վրացական կառավարության առջև: Դա այն խնդիրն է, որ մենք մշտապես քննարկում ենք, բայց հայերն այդ մասին մեզ չեն գրում: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ մինչ օրս չեն լուծվում հայկական եկեղեցիների վերադարձի և Վիրահայոց թեմի կարգավիճակի հարցերը: Ինչ վերաբերում է հայկական եկեղեցիների վերադարձին, ապա ես դեռևս 4 տարի առաջ էի կառավարությանն առաջարկել` լուծել խնդիրը, բայց մինչ օրս չի լուծվել: Խոսքը 6 եկեղեցիների մասին է: Ըստ ավանդույթի` մենք գիտենք, որ այդ եկեղեցիները պատկանում են Հայ Առաքելական եկեղեցուն, բայց այլ կարծիքներ էլ կան: Այդ պատճառով ես այն ժամանակ էլ առաջարկեցի ստեղծել հանձնաժողով, որում ընդգրկվեն գիտնականներ, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, որոնք և լուծեին այս խնդիրը: Իսկ այն եկեղեցիները, որոնք հայտնի է, որ հայկական են, պետք է վերադարձվեն հայերին հենց այդ օրը, իսկ եթե եկեղեցիների մասին տեղեկություններ չկան, ապա կարելի էր մինչ այսօր այդ հարցն էլ լուծել: Կառավարությունն իմ առաջարկությունները հաշվի չառավ: Վերջին դեպքերի հետ կապված` հարցը ավելի կոպիտ դրվեց, և դրանից հետո նորից սկսվեցին հանձնաժողովի մասին խոսակցությունները: Սակայն ինչքանով ես տեղյակ եմ, հայկական կողմը չի ցանկացել մասնակցել այդ հանձնաժողովին: Հայկական կողմն ասել է, որ դրանք հայկական եկեղեցիներ են և պետք է վերադարձվեն Հայ Առաքելական եկեղեցուն: Ես, միևնույն է, կարծում եմ, որ նման հանձնաժողովը կարող էր այս հակասությունները լուծել առնվազն 1-2 ամսում: Ինչ վերաբերում է Վիրահայոց թեմի կարգավիճակին, ապա ասեմ, որ Վրաստանում կարգավիճակ ունի միայն Վրաց ուղղափառ եկեղեցին: Բայց ես կարծում եմ, որ հայերի պահանջը` ունենալ իրավական կարգավիճակ, նույնպես արդարացված է, և ես այս հարցը նույնպես կառավարությանն եմ ներկայացրել: Այն կարող է ամրագրվել և նոր օրենքով, և, օրինակ, կառավարության կամ եկեղեցիների ներկայացուցիչների ինչ-որ պայմանավորվածություններով կամ պայմանագրերով: Բայց վերջին շրջանում ոչ ոք դրա մասին չի խոսում, քանի որ Վրաստանում իրավիճակը կայուն չէ, և բոլոր այլ տիպի հարցերը երկրորդ պլան են մղվել: Բայց ես կարծում եմ, որ մեր կառավարությունում կան մարդիկ, որոնք պատրաստ են քննարկել և լուծել այս հարցերը: Ըստ Ձեզ` արդարացվա՞ծ է Սամցխե-Ջավախքի հայերի պահանջը` հայերենը որպես տարածաշրջանային լեզու ճանաչելու և օգտագործելու հարցում: Դա օրինական պահանջ է, բայց ոչ միշտ է գործում: Այն պետք է օրենքով ամրագրել: Նրանք հաղորդակցվում են հայերենով, բայց չեն կարող դիմել կառավարման մարմիններ, որը, իհարկե, մեծ խնդիր է: Դատական պրոցեսներում նույնպես խնդիր կա, քանի որ անհրաժեշտություն կա ամբողջ դատական գործընթացը թարգմանել: Կառավարման ոչ մի մարմնում թարգմանություններ չեն ապահովվում: Մարդու իրավունքների պաշտպանը հայերին որևէ աջակցություն ցուցաբերո՞ւմ է այս հարցում: Այն, ինչ մենք կարող ենք անել` երաշխավորելն է, առաջարկելը, իսկ մենք տալիս ենք երաշխավորումներ, առաջարկություններով ենք հանդես գալիս: Ինչպե՞ս եք գնահատում ջավախքցի հայ ակտիվիստների ձերբակալությունները, արդյոք դրանք քաղաքակա՞ն հետապնդումներ են, թե` ոչ: Ինչ վերաբերում է վերջին երկու երիտասարդների ձերբակալությանը, ես այստեղ որևէ հիմք չեմ տեսնում: Նրանցից մեկին` Գրիգոր Մինասյանին ես ճանաչում եմ: Նույնիսկ մտածում էի, որ նա կլինի մեր ներկայացուցիչը Սամցխե-Ջավախք տարածաշրջանում: Ես չեմ կարող ասել, թե ինչու են նրան ձերբակալել և չեմ կարող մեկնաբանել, մինչև գործը չի ավարտվել: Ինչ վերաբերում է Չախալյանին, ապա նրան ներկայացված են հստակ մեղադրանքներ: Այն, որ նրա իրավունքները խախտվել են, չի նշանակում, որ ինքը օրենք չի խախտել: Ինձ դիմել էին նրան քաղբանտարկյալ ճանաչելու խնդրանքով, բայց այն փաստաթղթերը, որոնք ինձ ներկայացրել էին նրա փաստաբանները, ինձ իրավունք չեն տալիս ասել այդ մասին, քանի որ նրան տարբեր հոդվածներով են մեղադրանքներ ներկայացրել: Նրան առաջադրված մեղադրանքների համար Վրաստանի օրենսդրությամբ 30 տարի ազատազրկում էր հասնում, բայց նրան տվել են 10 տարի: Փաստաբանները մեզ տրամադրել են միայն դատական գործընթացին վերաբերող նյութերը, որոնց մենք էլ էինք տեղյակ, քանի որ հետևում էինք դատական պրոցեսներին: Բայց գործը, ըստ էության, մենք չենք ուսումնասիրել, և փաստաբանները մեզ չեն տրամադրել գործի նյութերը: Վահագն Չախալյանի գործով ֆրանսահայ փաստաբան Պատրիկ Արապյանի դիմումի` Վրաստանի արդարադատության նախարարի մերժումը Ձեր հայտարարությունում անօրինական համարեցիք, սակայն արձագանքներ չեղան: Ինչո՞ւ չի լուծվում այս հարցը: Չի լուծվում, որովհետև այդպիսին է քաղաքական կամքը, ինչու՞ է նման քաղաքական կամք դրսևորվում` չեմ կարող ասել: Դա Վ. Չախալյանի իրավունքների ակնհայտ խախտում է, Վրաստանի օրենսդրության խախտում է: Օրենքը ձևակերպված է այնպես, որ Արդարադատության նախարարը կարող է այնպես լուծել հարցը, ինչպես ցանկանա: Օրենքը նույնպես ոչ շատ հաջող է, բայց մյուս կողմից, եթե նախարարն առանց որևէ հիմնավորման թույլտվություն չի տալիս, դա օրենքի խախտում է: Իսկ ինչու՞ է խախտում օրենքը: Որովհետև այդպես է ուզում և վերջ: Պրն Սուբարի, տեղյա՞կ եք, որ Չախալյանը բանտում ծեծի է ենթարկվել: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այս առթիվ: Այո, մենք տեղյակ ենք, բայց, ցավոք, Չախալյանը հրաժարվեց մեզ բացատրություններ տալ և պատմել դեպքի մասին: Ախալքալաքի գրասենյակի մեր աշխատակիցները ցանկացել են նրա հետ զրուցել, բայց նա հրաժարվել է: Ծեծի փաստով քրեական գործ չի՞ հարուցվել: Քրեական գործ չի հարուցվի, մինչև որ ինքն անձամբ դրա մասին ցուցմունք չտա, բայց ինքը հրաժարվել է ցուցմունք տալ: Ասել է, որ իմաստ չունի ցուցմունք տալ, քանի որ իրեն ծեծող անձինք են պատժվելու, իսկ ինքը չի ուզում, որ նրանք պատժվեն, քանի որ այդ մարդիկ միայն կատարողներ են, իսկ պատվերը տվողները չեն պատժվի: Ես չեմ կարծում, որ սա ճիշտ մոտեցում է: Պրն Սուբարի, հայ ակտիվիստների նկատմամբ վերջերս ակտիվացած գործընթացները ինչպե՞ս կբնութագրեք, կարելի՞ է ասել, որ վրացական իշխանությունները նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացնում: Ընդհանրապես, վրացական իշխանությունների քրեական քաղաքականությունը նորմալ բնութագրել չի կարելի: Թվում է, թե ձերբակալությունները հայերի նկատմամբ են շատացել, բայց դա այդպես չէ, քանի որ դուք տեղեկություններ ունեք միայն հայերի մասին: Բայց ամբողջ Վրաստանի տարածքում տեղի ունեցող ձերբակալություններն առավել զարհուրելի են: Տոկոսային հարաբերությամբ, եթե հաշվի առնենք վրացիների ու հայերի հարաբերակցությունը, վրացիներին շատ ավելի են ձերբակալում ու հալածում, քան հայերին: Մոտ երեք ամիս առաջ Վրաստանի ՄԻ պաշտպանի գրասենյակ բացվեց նաև Ջավախքում` Ախալքալաքում: Ի՞նչ դիմումներ են արդեն ստացվել: Ունե՞ք տվյալներ կամ տեղեկություններ: Մեզ այնտեղ տվել են մի գրասենյակ, որը դեռ պետք է վերանորոգել: Մենք պաշտոնապես կբացենք այն, երբ ավարտվի մեր գրասենյակի վերանորոգումը: Հիմա մեր աշխատակիցները զբաղեցնում են մի տարածք Ախալքալաքի մունիցիպալիտետի շենքում, և դեռ տվյալներ չունենք: Ինչպիսի՞ն է իրավիճակը այս պահին Վրաստանում: Իրավիճակը լարված է, երեկ «Մաեստրո» հեռուստաընկերության շենքում ռումբ են պայթեցրել, բարեբախտաբար զոհեր չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter