HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դատավորները սադրում են փաստաբաններին»

Այսօր ՀՀ փաստաբանների պալատում փաստաբանների նկատմամբ սկսված հետապնդումների վերաբերյալ լրագրողներին որոշ մանրամասներ պատմեցին և իրենց մտահոգություններն արտահայտեցին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաններ Հայկ Ալումյանը, Արա Զոհրաբյանը, Արթուր Գրիգորյանը և այլք: «Փաստաբանների նկատմամբ սկսվել են հետապնդումներ ինչպես դատրանների, այնպես էլ դատախազության կողմից: Հավանաբար շատերին դուր չի եկել, որ փաստաբանությունը գնալով սկսում է ավելի ակտիվ դեր խաղալ դատավարությունների ընթացքում»,- ասաց ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Հայկ Ալումյանը: Նրա խոսքերով, ինչքան փաստաբանությունն ակտիվ է իր դերը կատարում, այնքան ավելի ակտիվ դիմադրության է հանդիպում: Դատարանները դատախազության հետ կոալիցիա են կազմում` խոչընդոտելով փաստաբանին իրականցնել պաշտպանությունը, իսկ շատ ժամանակ նույնիսկ փաստաբանների նկատմամբ «ռեպրեսիվ» մեթոդների են դիմում: Կարգապահական ավելի քան 10 վարույթ է հարուցվել փաստաբանների նկատմամբ, երկու քրեական գործ` Մուշեղ Շուշանյանի և Արա Զաքարյանի, Արթուր Գրիգորյանի և Դիանա Գրիգորյանի նկատմամբ, որոնք քրեական գործի ընթացքում դուրս են եկել դահլիճից, այդ պատճառով հարուցվել է քրեական գործ: Հատկապես վերջին մեկ տարում ստացել են փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին բազմաթիվ միջնորդություններ, որոնք, ըստ Հայկ Ալումյանի, անհիմն են: «Քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի այդ նորմը հակասահմանադրական է»,-ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը և նշեց, որ իրենք այս նորմը հասցնելու են Սահմանադրական դատարան: «Մենք ուզում ենք հավասար պայմաններ ապահովվի մեր համար, կամ` հոդվածից հանվի փաստաբանի անունը, կամ ներառել դատավորին ու մեղադրողին էլ»,-եզրակացրեց Արա Զաքարյանը: Հայկ Ալումյանի դիտարկմամբ, ամենավտանգավոր տենդենցն էլ այն է, որ դատարանները սկսել են միջոցներ ձեռնարկել փաստաբաններին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: «Դատարանները շատ դեպքերում սադրում են փաստաբաններին որոշակի քայլերով, ինչպես օրինակ Մ. Շուշանյանի դեպքն է, որից հետո դատարանների միջնոդրությամբ դատախազությունը քրեական գործ է հարուցում այդ փաստաբանի նկատմամբ»,-ասաց Հայկ Ալումյանը: «Այս ստեղծված իրավիճակն անընդունելի է, փաստաբաններն ուշադրություն են հրավիրում այս հարցերը ոչ թե որովհետև իրենք ուշադրության կարիք ունեն, այլ ուզում են հանրությանը ցույց տալ, որ ցանկացած մարդ, ով այսօր քրեական դատավարությունում հայտնվում է ամբաստանյալի աթոռին, անպաշտպան է: Մենք մեր բողոքի ձայնը բարձրացնում ենք այն պատճառով, որ այսօր մարդիկ անպաշտպան են դատախազություն-դատարան տանդեմի դեմ»,-ամփոփեց Հայկ Ալումյանը: Ավելի քան 200 փաստաբաններ ցանկությունն են հայտնել` պաշտպանել իրենց գործընկերներին:  «Եթե գտնում են, որ դա է այն միջոցը, որ դատախազի և փաստաբանի միջև այդպես պետք է տարբերակում դնել, ապա թող 200 փաստաբանի նկատմամբ քրեական գործ հարուցեն»,-հավելեց Արա Զոհրաբյանը: Փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթի նորմը գործում է 2006թ-ից: «Օրենսդիրը ի սկզբանե ելել է այն կանխավարկածից, որ մեղադրողը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք չի կարող թույլ տալ: Եթե մենք խոսում ենք հավասարության մասին, ապա մենք` պաշտպաններս կուզենայինք ունենալ այն բոլոր հնարավորությունները, ինչը` մեղադրողը»,-ասաց Արա Զոհրաբյանը` նկատի ունենալով մեղադրողի դահլիճ լքելը, որի համար նա պատասխանատվության չի ենթարկվում, իսկ նույն արաքի համար պատասխանատվության է ենթարկվում պաշտպանը: Հայկ Ալումյանի գնահատմամբ, այսօր քրեական գործերով դատավարությունները մեծ մասաբ ձևական բնույթ են կրում, այսինքն` գործը մտնում է դատարան, դեռևս դատավարությունը չսկսված, ելքը նախապես կանխորոշված է: «Կանխորոշված դատավճռին պետք է տալ օրինական տեսք, որի համար էլ նախատեսված է ամբողջ դատավարությունը: Փաստաբանները հայտնվում են այն իրավիճակում, երբ ընդամենը դերասանի դերում են»,-ասաց Հայկ Ալումյանը: Փաստաբան Արթուր Գրիգորյանը, ով իր իսկ խոսքերով` դարձել է «ապօրինությունների և դիկտատուրայի զոհը», նշեց, որ բոլոր ամբաստանյալները, մեղադրյալները նույնպես զոհ են, որոնք վաղն ունենալու են պաշտպանության կարիք. «Դիկտատուրայի պայմաններում յուրաքանչյուր անմեղ մարդ վաղ կամ մյու օրը կարող է նստել մեղադրյալի աթոռին»,-ասաց փաստաբանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter