ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրվան իրենց ավանդն ունեցան հայ երգիչները
Ամեն տարի մայիսի երրորդ կիրակի օրն ամբողջ աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրը և մոմավառության արարողություններ են կազմակերպվում: Հայաստանում ևս մի քանի տարի է, ինչ նշվում է այդ օրը: Այսօր Հայաստանում մեծ թվով հասարակական կազմակերպություններ են գործում, որոնք զբաղվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրով:
Մեր զրուցակիցը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հ/կ-ի նախագահ Անահիտ Հարությունյանն է, ով պատմեց, որ այս տարի` մայիսի 17-ին ևս միջոցառումների շարք է եղել Երևանում ու տարբեր շրջաններում` ուղղված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին:
Երևանում առավոտվանից «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հ/կ-ի կողմից որոշ եկեղեցիներում հոգեհանգստի արարողություն է մատուցվել, այնուհետև Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ` մոմավառության արարողությամբ, և երեկոյան ժամը 6-ին, ինչպես տեղեկացրեց Ա. Հարությունյանը, «Դրական մարդկանց հայկական ցանց» հ/կ-ի կողմից կազմակերպվել է համերգ` հայտնի երգիչների մասնակցությամբ:
Ինչու՞ հատկապես որոշեցիք այդ կերպ նշել ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրը:
Դա միջոց է ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրելու խնդրին ու ասելու, որ այդ հարցը կա, ու պետք է զգոն լինենք, յուրաքանչյուրս պաշտպանենք ինքներս մեզ: Համերգի ընթացքում որոշակի ինֆորամացիա էր տրվում հիվանդության մասին, ինչ անել, որպեսզի չվարակվել, ինչպես է պետք պաշտպանել սեփական անձը: Նաև խոսվեց ՄԻԱՎ վարակակիրների նկատմամբ խարանի և խտրականության մասին:
Ցավոք, բավականին քիչ մարդ էր հավաքված: Բայց դա արված էր, որպեսզի երիտասարդությունը գա, չնայած նախապես պաստառներ էին փակցված` համերգի մասին, նշված էին, թե որ երգիչներն են լինելու: Նշեմ, որ մեր երգիչներն առանց որևէ վարձատրության, լրիվ անշահախնդրորեն են մասնակցել, ու շատ շնորհակալ եմ նրանցից:
Ցավալի է մեր հասարակության անտարբերությունը խնդրին: Մարդիկ բավականին քիչ էին, բայց երգիչները չդրժեցին իրենց խոսքն ու անգամ այդ փոքրաթիվ մարդկանց համար երգեցին: Ողջունելի է, որ մեր պայքարին միացան Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանը, Աննա Խաչատրյանը, Արմինկան, Տիգրան Պետրոսյանը, Շպրոտը, Դավիթ Մինասյանը, Սիլվա Հոկոբյանը, Նարեկ Բավեյանը: Շատ կարևոր է, որ հասարակությունը հասկանա, որ մենք պայքարում ենք ոչ թե ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց, այլ հիվանդության դեմ:
Ի՞նչ կոնկրետ ծրարգրեր է իրականացնում Ձեր կազմակերպությունը:
«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հ/կ-ն զբաղվում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնդիրներով, հոգսերով, փորձում է օգնել, աջակցել, ինտեգրել հասարակության մեջ, տարբեր ծրագրեր է իրականացնում` նրանց կյանքի որակի բարելավմանն ուղված: Բացի այդ` իրականացնում ենք մի շարք միջոցառումներ` ուղղված ընդհանուր հասարակության, երիտասարդության տեղեկացվածության բարձրացմանը, որը կբերի վարակման ռիսկի նվազեցմանը:
Կազմակերպությունը գործում է 2006թ-ից, չնայած կազմակերպության անդամները բավական վաղուց աշխատում են այդ ոլորտում: Տարբեր միջոցառումներ են կազմակերպվել, համագործակցություն եղել է տարբեր այլ կազմակերպությունների հետ` հասարակական, պետական, միջազգային:
Ինչպե՞ս եք համագործակցել, համատեղ ի՞նչ ծրարգեր եք իրականացրել:
Հիմնականում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ ենք համագործակցում, որը ամեն հարցով մեզ աջակցում, ուղղորդում ու օգնում է: Ունենք մասնագետներ, ովքեր գնում են մարզեր` տնային այցեր կատարում: Այսինքն` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամք և աջակցություն է տրամադրվում: Մեր կազմակերպությունն իրակացրել է սոցիալական կարիքների գնահատման վերաբերյալ ուսումնասիրություն: Կարմիր խաչի հետ համատեղ տրամադրվել են սննդային փաթեթներ:
Ասացիք, որ հետազոտություններ եք կատարել: Արդյունքում ի՞նչ եք պարզել, իրավիճակն ինչպիսի՞ն է:
Մեզ հետաքրքում էր, թե ինչպես են ապրում մեր հիվանդները, ինչ խնդիրներ են ունենում, ինչերի հետ են բախվում: Խնդիրները հիմնականում սոցիալական էին` աշխատանքի բացակայություն, գումարային դժվարություններ:
Օրինակ, ուսումնասիրություններ ենք կատարում ատամնաբուժարաններում, որովհետև շատ դեպքերում հիվանդները դիմում են մեզ, երբ ՄԻԱՎ-ով հիվանդ մարդիկ ուզում են դիմել կլինիկաների, և զգուշացնել իրենց կարգավիճակի մասին, սակայն դա խնդիր է դառնում:
Այդ հետազոտությունների ընթացքում կգտնենք այն կլինիկաները, որոնք պատրաստ են ու նորմալ վերաբերմունք ցույց կտան ՄԻԱՎ-ով ապրող մարդուն և գաղտնապահ կլինեն:
Եթե ՄԻԱՎ-ով հիվանդը գնում է ատամնաբույժի մոտ, ինքը պետք է համապատասխան թուղթ ներկայացնի՞ իր հիվանդության մասին, թե ուղղակի բանավոր տեղեկացնելը բավական է:
Որպես կանոն պետք է տեղեկացնի: Բայց կա մի մոտեցում, որ ցանկացած բուժհաստատությունում ցանկացած մարդու պետք է դիտարկել որպես պոտենցիալ ՄԱԻՎ-ով հիվանդ: Դա բժիշկների մոտեցումը պետք է լինի, այնպես որ էական չէ, հիվանդը կասի, թե չէ:
Մենք ունենք հիվանդության 737-ից ավելի գրանցված դեպքեր` համաձայն վիճակագրական տվյալների, բայց հաշվարկային տվյալներով 2 300 ՄԻԱՎ-ով հիվանդ մարդ է ապրում Հայաստանում, և անգամ կան մարդիկ, ովքեր նույնիսկ չգիտեն իրենց կարգավիճակի մասին:
Մարդիկ կան, որ նոր են վարակվել, իսկ հաստատման համար պետք հետազոտություն անցնել, որի համար հնարավոր վարակումից պետք է անցած լինի երեքից վեց ամիս: Մարդ կարող է չիմանա, որ հիվանդ է և չզգուշացնի բժշկին:
Որքանո՞վ է մեր հանրապետության համար ՁԻԱՀ-ի խնդիրը հրատապ:
Ամեն տարի դեպքերի թիվն ավելանում է: Իհարկե, չենք կարող ասել, թե համաճարակը արագ աճում է: Մյուս կողմից էլ` ունենք շատ լավ զարգացած խորհրդատվական և հետազոտական ցանց, համակարգը բավական ընդլայնվել է, բայց ամեն դեպքում կան նաև հիվանդներ, ու կա մարդկանց անտարբերությունը իրենց սեփական առողջության նկատմամբ:
ՄԻԱՎ-ով հիվանդների շուրջ 59 տոկոսը 25-39 տարիքային խմբում են: Եվ եթե այսօր քայլեր չձեռնարկվեն, հետագայում դա կարող է վտանգավոր դառնալ պետության համար: Խնդիրը հրատապ է այնքանով, որ եթե այսօր չխոսենք այդ մասին, միգուցե մի օր կանգնենք մի իրավիճակի առջև, ինչպիսին հիմա աֆրիկյան որոշ երկրներում է:
Հայաստանն այսօրվա դրությամբ գտնվում է համաճարակի զարգացման երկրորդ փուլում, դա պաշտոնական տվյալներ են, ինչը ենթադրում է, որ ռիսկի խմբերից մեկում համաճարակը գերազանցում է հինգ տոկոսը` դա թմրամիջոցների ներերակային օգտագործողներն են: Իսկ ընդհանուր բնակչության շրջանում հիվանդությունն այնքան էլ մեծ տարածում չունի: Հղի կանանց շրջանում չի գերազանցում մեկ տոկոսը:
Իսկ մարզերում իրավիճակն ինչպիսի՞ն է:
Բոլոր մարզերում գրանցված դեպքեր կան: Կուզենայի, որ մեր երիտասարդներն ուշադիր լինեին, հետևեին իրենց առողջությանը, և անտաբեր չլինեին ՄԻԱՎ-ով վարակված անձանց նկատմամբ:
Պետք է հասկանալ, որ այդ մարդիկ ոչնչով մեղավոր չեն, որ վարակվել են, ուղղակի կյանքն է այդպես դասավորվել: Եվ պետք է կարողնանք օգնության ձեռք մեկնել այդ մարդկանց: Հավատացեք, որ այդ մարդիկ նույնպես ամեն ինչ անում են, որ այլևս ոչ ոք չվարակվի:
Իսկ երեխաների դեպքում իրավիճակն ինչպիսի՞ն է: Հայաստանում շա՞տ են ՄԻԱՎ-ով հիվանդ երեխաները:
Մենք ունենք Հայաստանում գրանցվասծ հիվանդ երեխաներ, բայց ես ուզում եմ ուրախությամբ հայտնել, որ ունենք նաև ՄԻԱՎ-ով հիվանդ ծնողներից ծնված առողջ երեխաներ: Այսինքն հիվանդության ժամանակին հայտնաբերումը բերում է նրան, որ ժամանակին ձեռնարկվում են բոլոր կանխարգելիչ միջոցառումները և մեծանում է առողջ երեխա ծնվելու հավանականությունը` հասնելով 99 տոկոսի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել