Հայերեն գրքերն ու թերթերը վրացի սահմանապահների «սև ցուցակ»-ում են
Վերջին մեկ ամսվա ընթացքում հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետում արդեն երեք դեպք է հայտնի, երբ վրացի սահմանապահներն արգելել են հայերեն գրքեր եւ թերթեր անցկացնել Ջավախք:
Ապրիլի 20-ին «Հայ ասպետ» հաղորդաշարի մասնակցության համար «Ջավախք» հայրենակցական միությունը ձեռնարկել էր գրականության տեսքով որոշ օգնություն ցուցաբերել ջավախքցի երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանային լիարժեք պատրաստվել` խաղին մասնակցելու համար: Սակայն հայ-վրացական սահմանի մաքսակետում վրացական կողմը արգելել է անցկացնել այդ գրքերը:
«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանի խոսքերով, վրացիները նախ հայտարարել են, թե գրքերը թույլ չեն տա անցկացնել, այնուհետև մաքսատանը նշել են, թե պետք է ճշտեն` արդյոք իրավունք ունեն այսպիսի գրականություն տանել Վրաստան:
Մաքսատանը Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահի տեղակալ Նորիկ Կարապետյանին ու «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանին, ովքեր տեղափոխել են գրքերը, ի վերջո պատասխանել են, թե գրականությունը հայերեն լեզվով է, իրենք ծանոթ չեն բովանադակությանն, և ըստ այդմ` չեն կարող թույլատրել, որ կասկածելի բովանդակությամբ գրքեր անցկացվեն վրացական սահմանով:
«Եթե 500 լարի գումարից գերազանցող է ապրանքը, ապա պետք է մաքսազերծվի, բայց մեր ուղարկած գրքերը այդ գումարը չէր գերազանցում»,-հաստատում է Շիրակ Թորոսյանը: Գրքերը եղել են տարբեր բնույթի` հայոց պատմություն, աշխարհագրություն, ծիսակարգեր և այլն: ԱԺ պատգամավորը վրացի սահմանապահների այս արարքները որակում է որպես կամայականություն:
Ապրիլի 24-ին նման միջադեպ է տեղի ունեցել նաև Արմեն Չախալյանի հետ: Նա մոտ 50 գիրք է փորձել տեղափոխել, բայց վրացի սահմանապահներն արգելել են` պատճառաբանելով, որ չի թույլատրվում, պետք է մաքսազերծվի:
«Քրոջս ուսանողական գրքերն էին, Տերյան, Թումանյան և այլն, մեկ էլ եղբորս բանաստեղծությունների ժողովածուն էր` մոտ 15 օրինակ: Ասացին` եթե նույն օրինակից շատ գրքեր կան, պետք է մաքսազերծվի»,-պատմեց Արմեն Չախալյանը:
Մայիսի 1-ին հայ-վրացական սահմանին թույլ չեն տվել անցկացնել հայկական թերթեր: «Մեդիա Սթայլ» ՍՊԸ աշխատակիցը Ջավախքում ապրող իր բարեկամների և համագյուղացիների համար հայկական թերթեր է տեղափոխել, մասնավորապես` մի քանի օրինակ հայկական օրաթերթերից և «Մեդիա Սթայլի» կողմից հրատարակվող մի քանի տասնյակ նմուշներ «90 րոպե», «Կապիտալ» թերթերից և «Business Class» ամսագրից։
Վրաց սահմանապահները շատ ուշադիր զննել են թերթերը, ապա մոտ 30 րոպե հարցուփորձ արել թերթերի էության մասին։ Մաքսատան աշխատակիցները երկար զննումից հետո առգրավել են հայկական թերթերի ողջ խմբաքանակը՝ բացատրելով, որ հայկական թերթեր տեղափոխելու համար հատուկ թույլտվություն է հարկավոր։
Ինչ կարգի թույլտվություն է դա, պարզել չի հաջողվել։ «Մեդիա Սթայլ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Ասատրյանը «Հետքին» ասաց, որ թերթերի մեջ կային նաև այդ օրվա բոլոր օրաթերթերը: Իսկ թերթերի ընդհանուր թիվը հասել է մոտ 200 օրինակի:
«Սահմանապահներից անցանք, սակայն մաքսայիններն արգելեցին անցկացնել թերթերը` պատճառաբանելով, որ հրաման ունեն»,-ասաց Վարդան Աստարյանը նշելով, որ այդպես էլ չի հաջողվել պարզել, թե դա ինչ հրաման է:
«Հետքը» փորձեց Հայաստանում Վրաստանի դեսպանատնից ճշտել, թե ինչ օրենսդրական սահմանափակումներ կան` կապված գրականության կամ պարբերականների տեղափոխման հետ: Հյուպատոս Գիվի Շարանգիան ասաց, որ Հայաստանի համար առանձին ոչ մի չափանիշ չկա: Հավելյալ մանրամասներ կամ մեկնաբանություն չցանակցավ անել, մեզ էլ խորհուրդ տվեց այդ հարցով դիմել ՀՀ արտգործնախարարություն:
«Եթե Ձեզ հետաքրքրում են վրացական օրենքները, Ձեզ այն կներկայացնի Հայաստանի ԱԳՆ-ն»,-ասաց հյուպատոսը` խուսափելով որևէ այլ պատասխանից:
ԱԳՆ հասարակայնության և տեղեկատվության վարչության պետ Տիգրան Բալայանը փորձել էր պարզաբանումներ ստանալ Վրաստանում Հայաստանի դեսպանատնից:
«Դեսպանությունն էլ տեղյակ չի, որ նման խնդիրներ են եղել, նման դեպքերում նրանց միշտ տեղեկացնում են, և դեսպանատունը սովորաբար լուծումներ է տալիս: Զարմանալի է, որ գնում, հասնում են այնտեղ, խնդիր է լինում, դեսպանությանն էլ չեն տեղեկացնում»,-ասաց Տ. Բալայանը:
Տիգրան Բալայանը պարզաբանեց, որ Հայաստանից միշտ էլ գրքեր փոխնացվել է Ջավախքի դպրոցներին և որևէ խնդիր չի առաջացել. «Գրքերը մեր կողմից Ջավախքին տրվող հումանիտար օգնություն է, և վրացիներ այդ մասին տեղյակ են»:
Մեր հարցին, թե անհատ անձն իր բարեկամներին որոշակի քանակությամբ գիրք է տանում, ինչպես պետք է այդ գրքերը տեղ հասցնի, Տիգրան Բալայանը այսպես պարզաբանեց. «Որևէ երաշխիք չկա, որ նա այդ գրքերը վաճառքի նպատակով չի տանում, և Վրաստանի իշխանությունները կարող են կասկածել, որ եկամուտը թաքցնելու համար և հարկ չմուծելու համար այդպես է ներկայացնում, և դրա համար արգելեն մուտքը»:
«Եթե նման դեպք է լինում, առաջին հերթին խորհուրդ կտանք անմիջապես դիմել Վրաստանում Հայաստանի դեսպանությանը, որը կփորձի կամ կօժանդակի նման հարցերում, ցանկալի կլինի, որ մինչև տեղափոխելը, եթե մեծաքանակ գիրք է տեղափոխվում»,-ասաց Տիգրան Բալայանը:
Սփյուռքի նախարարության ԱՊՀ կովկասյան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժնի աշխատակից Վրեժ Քարդումյանը նշեց, որ Սփյուռքի նախարարությունը վրացական իշխանությունների հետ փորձում է պարզել, թե ինչ հանգամանքների հետ է կապված գրքերի տեղափոխման արգելքը:
«Իմ կարծիքով, մի խնդիր կա, որ վրացական իշխանությունները որոշակի գրքեր իրենք են թարգմանում և տալիս հայկական դպրոցներին, դրա համար, եթե մենք տրամադրում ենք այլ գրքեր, ապա դրա կարիքը չկա: Ինձ թվում է, այդ բանակցություններն իրենց նախարարության, իրենց պետական պաշտնյաների հետ պետք է վարել: 200 պարբերականը քիչ քանակություն է: Դա առաջին դեպքը չի, երևի մաքսատանը հատուկ հրահանգ ունեն, որ չեն թողնում անցկացնել»,-ասաց Վրեժ Քարդումյանը:
Վրեժ Քարդումյանը նշեց, որ իրենք տեղյակ չեն, որ Վրաստանը պետականորեն հրահանգի և արգելի, որպեսզի ոչ մի հայկական գիրք կամ պարբերական չթույլատրվի ներմուծել Ջավախք: «Մենք անպայման կփորձենք ընթացք տալ, անպայման կհետևենք, թե ինչի հետ են կապված այս դեպքերը»,-ասաց նա:
Սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայքների հետ կապերի վարչության պետ Գևորգ Ներսիսյանն էլ ասում է, որ ՀՀ ԿԳ նախարարությունն ունի համապատասխան մեխանիզմներ` այդ գրքերի տեղափոխման հետ կապված, պետք է օգտագործել իրենց պայմանավորվածությունները, և անհատական տեղափոխումները դադարեցնել:
«Դա պետք է կանոնակարգված լինի, որ ամեն մեկը չտանի: Հակառակը պատկերացնենք, եթե ադրբեջարեներեն լեզվով նման քանակությամբ գրականություն բերեն Հայաստան, մեր մաքավորները նույնպես նման ռեակցիա կտան: Նման լարված քաղաքական դաշտ ունեցող երկրի համար առավել ևս այդ ռեակցիան կառաջանա, պետք է կանոնակարգել ինչ-որ կազմակերպության շրջանակներում»,-ասաց Գևորգ Ներսիսյանը և նշեց, որ պետք է համապատասխան մեխանիզմ մշակել:
«Մեկը չի կարող այդ քանակությամբ գիրք տեղափոխել: Մեր դպրոցների համար այդ քանակությամբ գրքեր պետք չեն, որովհետև վրացական կողմը հայկական, ադրբեջանական, ռուսական դպրոցների համար գրքեր տպագրում է Թբիլիսիիում»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը:
Թե ինչու են արգելվել այդ գրքերի կամ թերթերի անցկացումը սահմանից` Վան Բայբուրթյանը խոստացավ զանգահարել թե' Սադախլոյի, թե' Բավրայի անցակետեր առավել մանրամասն պարզաբանումներ ստանալու համար և մեզ տեղեկացնել արդյունքների մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել