Վրացի ուխտավորներն այցելել են Սուրբ Նշան
«Հետք»-ին երեկ Ախալցխայից տեղեկացրել են որ վրացի հոգևորականներ են այցելել Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցի: Հիշեցնենք, որ Սուրբ Նշանը Վրաստանի տարածքում «վիճելի» համարվող հայկական եկեղեցիներից մեկն է:
Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Մանուկ Զեյնալյանը «Հետքին» տեղեկացրեց, որ երեկ վրաց ուղղափառ եկեղեցին նշում էր Հովահաննես Մկրտչի գլխատման տոնը, իսկ Սուրբ Նշան եկեղեցին վրացիները վերաանվանել են Հովհաննես Մկրտչի անունով: Տեր հայրը ենթադրում է, որ այդ տոնի շրջանակներում էին վրացի ուխտավորները այցելել Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցի: «Ուղղակի եկել են, նայել են, ներսը ման են եկել, նկարվել ու գնացել: Ես ամեն օր հետևում եմ, օրը երկու-երեք անգամ բարձրանում, նայում եմ, որ ոչ մի բան չարվի»,-նշեց Տեր Մանուկ Քահանա Զեյնալյանը:
Ս. Նշան (Ս. Վարդանանց) եկեղեցին գտնվում է Ախալցխա քաղաքի Մարդա կոչվող թաղամասում, Ս. Նշան բլրի վրա: Սուրբ Նշան եկեղեցու դռները գիշեր-ցերեկ բաց են, այցելություններ շատ են լինում: Երկուշաբթի օրերը Սուրբ Նշանի համար ուխտի օրեր են, և ամեն երկուշաբթի Ախալցխայի հայությունը բարձրանում է Սուրբ նշան եկեղեցի:
«Մենք Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում չորեքշաբթի օրերը հայտարարել էինք քարոզների օր, հարցուպատասխանի օր, հանդիպում քահանայի հետ: Երեկ որոշվեց, որ երկուշաբթի օրերը դարձնենք քարոզի օրեր և ժողովրդի հետ հանդիպենք արդեն Սուրբ Նշան եկեղեցում»,-տեղեկացրեց Տեր հայրը: Որոշումը դեռևս հաստատ չէ, դեռևս պետք է տեղեկացնեն Վիրահայոց թեմի առաջնորդին և հավանություն ստանան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել