HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջավախքի հայ բնակչության իրավունքները ոչ մեկի կողմից և ոչ մի դեպքում չեն ոտնահարվում»

Մինչ Հայաստանում ջավախքցի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը բարձրաձայնում է Ջավախքում գոյություն ունեցող քաղաքական խնդիրների, հայերի նկատմամբ վրացական իշխանությունների վարած խտրական քաղաքականության մասին, նրա վրացի գործընկերը ճիշտ հակառակն է պնդում: «Վրաստանում քաղաքացիներին չեն տարաբերակում նրանց ազգությամբ, և բոլորը հավասար են օրենքի առաջ` լինի վրացի, հայ, ուկրաինացի, ադրբեջանցի կամ ռուս: Հայ էթնիկ փոքրամասնության խտրականության մասին խոսելը կոռեկտ չէ, քանի որ հայ համայնքի ներկայացուցիչները Վրաստանի արժանավոր քաղաքացիներ են»,-Կովկասյան լրագրողների ցանցում (www.caucasusjournalists.net <http://www.caucasusjournalists.net> ) մայիսի 5-ին կայացած օնլայն հարցազրույցի ժամանակ, «Հետքի» հարցին պատասխանելիս, ասել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Պավլե Կուբլաշվիլին: Արդարացված են արդյոք Ջավախքի հայ բնակչության իրավունքների պաշտպանության պահանջները` հարցին, վրացի պատգամավորը տվել է հստակ պատասխան. «Անշուշտ: Ես կարծում եմ, որ այդ իրավունքները ոչ մեկի կողմից և ոչ մի դեպքում չեն ոտնահարվում»: Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի հարցը, ըստ վրացի պատգամավորի, կքննարկվի միայն այն դեպքում, եթե այն վերաբերի Վրաստանում ավանդաբար ներկայացված կրոնական բոլոր ուղղություններին: «Ես կարծում եմ, որ Վրաստանում հատուկ կարգավիճակ կունենա միայն ուղղափառ եկեղեցին: Բոլոր մնացած կրոնական ուղղությունները կդիտարկվեն որպես հավասար իրավունքներ ունեցող կրոններ, և նրանց իրավունքները որևէ կերպ չեն ոտնահարվի»,- ասել է Պավլե Կուբլաշվիլին: Պատասխանելով հայկական մշակութային հուշարձաններին վերաբերող հարցին` Պավլե Կուբլաշվիլին նշել է, որ Վրաստանի տարածքում հայկական մշակութային հուշարձանների խնդիրն աստիճանաբար լուծում է ստանում: «Այդ հարցը քննարկվել է Հայաստանի վրաչապետի Վրաստան կատարած վերջին այցի ընթացքում: Կարծում եմ, որ գոյություն ունեն նաև տարաբնույթ հարցեր` կապված Հայաստանի տարածքում գտնվող վրացական հուշարձանների հետ: Ինչպես պետական պաշտոնյաները, այնպես էլ մեր եկեղեցիների ներկայացուցիչները բոլոր միջոցները կձեռնարկեն, որպեսզի այդ հարցերը լուծվեն` հաշվի առնելով երկու կողմերի շահերը»,- ասել է պատգամավորը: «Հետքի» մյուս հարցին, թե ինչպես է իրավական հարցերով հանձնաժողովի նախագահը գնահատում այն փաստը, որ ֆրանսահայ փաստաբան Պատրիկ Արապյանին թույլ չեն տալիս ստանձնել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի պաշտպանությունն այն դեպքում, եթե այդ փաստը Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին է ապօրինի ու հակասահմանադրական բնութագրել, Պավլե Կուբլաշվիլին պատասխանել է. «Ցավոք, այդ փաստի մասին ինձ ոչինչ հայտնի չէ»: Անդրադառնալով Վրաստանում կատարվող իրադարձություններին`Պավլե Կուբլաշվիլին նախագահական և խորհրդարանական նոր ընտրությունները հավանական չի համարում, քանի որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կայացել են անցած տարի, և ժողովուրդը հայտնել է իր կամքը, և իշխանությունների լեգիտիմությունը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների բարելավման համար, ըստ Պավլե Կուբլաշվիլու, առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները` ազատել 2008թ-ին բռնազավթած վրացական տարածքները: «Նաև անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը ճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Այսօրվա դրությամբ, չնայած Եվրամիության ուղղակի պահանջներին, Ռուսաստանն այդ պարտավորությունները չի կատարում, իսկ առանց դրա` մոտ ապագայում մեր հարաբերությունների նորմալացումը հնարավոր չէ»,-կարծում է Պավլե Կուբլաշվիլին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter