HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրական տեղաշարժեր կան, բայց բռնությունները շարունակվում են

«Ջավախքը գտնվում է վրացական ուժային կառույցների շատ խիստ հսկողության տակ, և այն անձիք, ովքեր բողոքի ակցիաների կազմակերպիչներ են, դատապարտվում են, հալածվում են, հետապնդուվում են»,-այսօր «Փաստարկ» ակումբում, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու այժմ ջավախահայերը իրենց իրավունքների համար բողոքի ակցիաներ չեն կազմակերպում, պատասխանեց ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը` օրինակ բերելով Վահագն Չախալյանին: Շիրակ Թորոսյանը փաստեց, որ նախկինում բողոքի բազմաթիվ ակցիաներ անցկացվել են Ախալքալաքում, և եթե նման քաղաքականությունը շարունակվի, չի բացառվում, որ բողոքի ակցիաները վերսկսվեն: Ախալքալաքից ռուսական հենակայանի դուրսբերումից հետո վրացական իշխանությունների մեղադրանքները, թե Ջավախքում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները, բողոքի ակցիաները հրահրվում են ռուսական կողմից, ըստ Շիրակ Թորոսյանի, իրականությանը չեն համապատասխանում: «Այսինքն, երբ Վրաստանի իշխանությունները օրական խորացնում են իրենց ճնշումները, օրական հալածանքներն ավելանում են, մարդկանց արժանապատվությունը վիրավորվում է, որ իրենք անընդհատ խտրականության են ենթարկվում, երբ մարդն իր իրավունքի համար ձայն է բարձրացնում, ստացվում է, որ ռուսներն են սադրել»,-հարցնում է Շիրակ Թորոսյանը և նշում, որ այդ մոտեցումը գալիս է վրացիների բնավորությունից` ամեն ինչում մեղադրել ուրիշներին: Ըստ Շիրակ Թորոսյանի` Հայաստանի միջամտությունը ջավախքյան իրադարձություններին երկու ուղղությամբ կարող է աշխատել: Մի ուղղությունը բուն պետական կառույցներն են, մյուսը` հասարակական կազմակերպությունները, հատկապես սփյուռքում: Շիրակ Թորոսյանը նկատեց, որ երկու ուղղությամբ էլ տեղաշարժեր նկատվում են: Հայաստանյան պետական կառույցների ձեռնարկած քալերից էր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Ջավախքի հայության իրավունքների ոտնահարման փաստերի հնչեցումը և ԵԽ կառույցներին փաստաթղթերի ներկայացումը: Իսկ սփյուռքի հայկական կազմակերպությունները սկսել են լրջորեն հետաքրքրվել ջավաքյան իրադարձություններով, որի վկայությունը Վ. Չախալյանի պաշտպանության համար Փարիզում կազմակերպված երկու ցույցերն էր, կամ ռուսական ջավախքյան կազմակերպությունների կոչերը, հայտարարությունները: «Հետքի» հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված, որ յուրաքանչյուր նմանատիպ ակցիայից հետո այլ բռնություն կամ իրադարձություն է տեղի ունենում (օրինակ` Վահագն Չախալյանին բանտում ծեծի ենթարկելը, կամ նոր ձերբակալությունների մասին լուրերը), և սփյուռքյան կառույցների միջազգայնորեն հնչեցրած բողոքները հակառակ ազդեցություն են ունենում, Շիրակ Թորոսյանը պատասխանեց. «Վրացական կողմը այդ բռնությունների ճանապարհով փորձում է լռեցնել ջավախահայերին, ինչը վստահ եմ, որ չի կարողանալու անել»: Այն, որ «Բագին» լրատվական կենտրոնի համակարգողի նկատմամբ մահափորձը ջավախքյան որոշ շրջանակներին է վերագրվում, ըստ Շիրակ Թորոսյանի,  վարկածներից մեկն է: «Հարձակումը Արգիշտի Կիվիրյանի վրա կարող էր լինել Ջավախքի որոշակի դիրքորոշումներ ունեցողների կողմից: Նկատի ունեմ ջավախքյան իշխանության որոշակի ներկայացուցիչներին, որոնք իրականացնում են վրացական իշխանությունների քաղաքականությունը և, բնականաբար, որոշ դժգոհություններ առաջացնում և տեղացի, և ընդհանրապես ողջ հայության մեջ: Իսկ Արգիշտի Կիվիրյանի գործունեությունը, որը հիմնականում արտացոլվում է ջավախքյան իրականությունը օբյեկտիվ ներկայացնելու մեջ, գուցե և առիթ է եղել նրանց համար այդպիսի քայլի դիմելու» ,-ասաց ծնունդով ջավախքցի պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter