Շիրակ Թորոսյանը հաստատեց, որ ձերբակալությունների լուրերը հավաստի են
Այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը լրագրողներին ասաց, որ վերջերս Սամցե-Ջավախքի և Քվեմո-Քարթլի հասարակական կազմակերպությունների Ախալքալաքում անցկացված խոհրդաժողովի ընդունած բանաձևի հիմնական մեխը ինքնավարության պահանջն էր: «Ընդունած բանաձևով ջավախահայերը Վրաստանի հետագա վարչատարածքային կառուցվածքը պատկերացնում են որպես դաշնային, իսկ Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլի տարածաշրջանների հայկական շրջանների միավորումը մեկ վարչական տարածքի մեջ, որը պետք է օժտված լինի ինքնակառավարման լայն իրավասություններով»,-ասաց պատգամավորը:
Հարցին, թե արդյոք վերջերս տարածված տեղեկությունները, որ Ջավախքում հնարավոր են նոր ձերբակալություններ, այդ խորհրդաժողովի արդյունքն էին, Շիրակ Թորոսյանը պատասխանեց, որ հնարավոր է, և հաստատեց, որ իրենք էլ են ստացել նման հավաստի տեղեկություններ, որ վրացական իշխանությունները նախատեսում են նոր սադրանք` պատրաստվում են ձերբակալել Ջավախքի ակտիվ հասարակական գործիչներին:
«Ներկա իրավիճակում, երբ Վրաստանում քաղաքական վիճակը բավական լարված է, վրաց իշխանությունները կարող են ազգային տարածքներում նոր սադրանքներ իրականացնել, հուզումներ առաջացնել, և հասարակության ընդիիմության հատվածի ուշադրությունը շեղել ազգային տարածքների վրա, և մեղադրել ընդդիմությանը, թե իրենց հրահրած ներքաղաքական պատճառներով ազգային տարածքները ալիք են բարձրացրել և փորձում են անջատողական տրամադրություններ դրսևորել»,-ասաց Շիրակ Թորոսյանը:
«Ջավախք» հայրենակցական միության նախագահի խոսքերով, վրացական իշխանությունների նկատմամբ խորացաված դժգոհություն կա նաև Ջավախքում, քանի որ այնտեղ կան սոցիալ-տնտեսական, ժողովրդավարական և այլ բնույթի խնդիրներ, դրան գումարվում է նաև ազգային խտրականությունը: Սակայն նրանք չեն մասնակցում Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաներին, քանի որ չունեն սպասելիքներ:
Ընդդիմությունը հայտարարություն է անում, թե ինչ է փոխելու, և ժողովուրդը գնում է ընդդիմության հետևից, բայց մինչև այսօր որևէ ընդդիմադիր գործիչ չի հայտարարել, թե Վրաստանի ազգային փոքրամասնությունների նկատմամբ ինչպիսի քաղաքականություն է որդեգրելու, եթե գա իշխանության: Եվ ըստ Շիրակ Թորոսյանի` ջավախահայության մի փոքր մասը, եթե գործի բերումով Թբիլիսիում է լինում, մասնակցում է այդ ցույցերին, բայց զանգվածային մասնակցություն չկա, քանի որ նույն ընդդիմությունը չի փորձում ազգային տարածքներում համախմբել մարդկանց:
«Առաջացել է մի իրավիճակ, երբ ջավախահայությունը խիստ դժգոհ է Սահակաշվիլու ռեժիմից, որը ծայրահեղ ազգայնական քաղաքականություն է վարում, բայց որևէ ակնկալիք չունի ընդդիմությունից»,-ամփոփեց բանախոսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել