Դինամիկ զարգացող հեռահաղորդակցության ոլորտ, 10 տոկոս ինտերնետ օգտագործողներ
«Հայաստանի հեռահաղորդակցական ոլորտը դինամիկ զարգացող է: Ընդամենը 5 տարվա ընթացքում Հայաստանում զարգացել են հեռահաղորդակցության տեխնոլոգիաները: Կար մեկ մոբիլ օպերատոր, այս տարի կլինի արդեն երրորդը: Հայաստանում չկային «Վայմաքս» տեխնոլոգիայի վրա հիմնված ցանցեր, սակայն այժմ արդեն կան»,- ասաց ADC (Armenian Datacom Company) ընկերության կոմերցիոն տնօրեն Ավետիք Քալանթարյանը Աղվերանում կայացած «ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում-ֆորումի» ժամանակ:
«Որախալի է, որ Հայաստանում այդ զարգացումը շատ կարճ ժամանակահատվածում է տեղի ունեցել` 2004թ-ից ի վեր: Հիմա արդեն «Վայմաքս» տեխնոլոգիաների վրա հիմնված 4-ից ավելի ցանցեր կան, որոնք արդեն հանրապետական ծածկույթ ունեն: Մի բան, որը ոչ բոլոր երկրներում է առկա»,-ասաց Ա.Քալանթարյանը:
«Գրանդ Տորոնտո Ամիո» (Grant Thornton Amiot) ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Հակոբյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանի ՏՏ ոլորտը ներդրողների համար հետաքրքիր ու շահութաբեր է դառնում: «Արդյունաբերական արտադրությունը և մետաղների մշակումն այսօր կորցնում են իրենց հետաքրքրությունը ամբողջ աշխարհում մետաղների գների անկման պատճառով, դրա համար ՏՏ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունն աճել է»,-ասաց Գուրգեն Հակոբյանը:
Ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկելով տեղեկատվական տեխնոլոգիաների խնդիրները` ADC (Armenian Datacom Company) ընկերության կոմերցիոն տնօրեն Ավետիք Քալանթարյանը ներկայացրեց որոշ տվյալներ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի հիմնախնդիրներից, սակայն խոստովանեց, որ ուսումնասիրությունը չի հավակնում լինել մեծ վերլուծություն` հիմնված գիտական տվյալների վրա: Իսկ Հայաստանում երբևէ չի իրականացվել հեռահաղրոդակցության ոլորտի լուրջ վերլուծություն: Համաձայն Ավելիք Քալանթարյանի ներկայացրած տվյալների` Հայաստանն ունի ազգային ֆիքսված հեռախոսակապի մեկ օպերատոր, երկու մոբիլ օպերատորներ, երրորդի մուտքը սպասվում է: Հայաստանը չունի նպատակային արբանյակային ծածկույթ, չունի նպատակային GPS համակարգ (Global Position System): «ԱրմենՏելն» ունեցել է ավելի քան 784 հազար ֆիքսված հեռախոսակապի բաժանորդ, սակայն այսօր մնացել է 500 հազար, ունի նաև 500 հազար բջջային կապի բաժանորդ, որը կազմում է ամբողջ դաշտի 25 տոկոսը: 210 երկրների 460 ընկերությունների հետ «ԱրմենՏելն» ունի ռոումինգ ծառայություն: Մատակարարում է նաև ինտերնետ: «ՎիվաՍել-ՄՏՍ», 2004թ-ին ստանալով լիցենզիա, հասցրել է 95 տոկոս հանրապետական ծածկույթ ապահովել, 75 տոկոս բջջային բաժնեմաս` ավելի քան 2 մլն բաժանորդ, 170 երկրների 350 բջջային ընկերությունների հետ ռոումինգ ծառայություն է մատուցում: Ֆիքսված օպերատորի ուրախալի մուտք մասնագետը համարում է Fibernet ընկերության գործունեությունը, որը դաշտում առաջացրեց մրցակցություն: Ինտերնետի դաշտում մրացակցությունը ստեղծեցին Cornet, Icon, Ucon, Arminco, Web.am, Net.sys, Xter.net, ADC ընկերությունները: Երբ մոդերատորը ներկայացնում էր այս ընկերությունները, նրանց գործունեությունը, «Ucon» ընկերության մասին որևէ ինֆորմացիա չէր հաջողվել հավաքել, քանի որ ոչ կայքերում, ոչ էլ մամուլում ընկերության գործունեության մասին տեղեկություններ չկան: Ավետիք Քալանթարյանը, օգտվելով առիթից, որ ընկերության ներկայացուցիչները ներկա էին ֆորումին, փորձեց պարզել, թե ինչու՞ են իրենք այդքան անհասանելի, բայց միևնույն ժամանակ տարբեր տենդերներ են շահում:
«Ucon» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը պարզաբանեց, որ իրենք ոչ մեկից չեն թաքնվում, շուտով իրենց կայքը պատրաստ կլինի և բոլոր տեղեկություններով հասանելի կդառնա հասարակությանը: Խոսելով Երևան քաղաքը ինտերնետով ծածկելու մասին` բանախոսը նշեց, որ Երևանն ամբողջապես ծածկված է ինտերնետով, սակայն ինտերնետ մատակարարող ընկերությունների ներկայացուցիչներն այս հարցում չհամաձայնեցին Ավետիք Քալանթարյանի հետ` նշելով, որ «օրինակ, Նուբրաշենում ոչ ոք չի կարող նորմալ ինտերնետ միացնել»: Ավելին, ներկաները համաձայնեցին, որ այս դաշտում պրովայդերների միջօպերատորային հարաբերությունների կարգավորման խնդիր էլ կա: Հայաստանում կան նաև ինտերնետ տեխնոլոգիաներ մատակարարող ընկերություններ, որոնք կարողացել են ներկրել ու տեղակայել գերժամանակակից տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, օպերատորական մակարդակի ցանցեր, որոնք ծառայում են հասարակությանը: Եթե այսպիսի հնարավորություններ կան, ապա, ըստ մասնագետի, հրամայական է դարձել երկրի ինտերնետ սնուցումը բարձր մակարդակի հասցնելը, այլ ոչ թե բավարարվել կախվածությամբ կամ մնացորդային սնուցմամբ: «Մեր աշխարհագրական դիրքի պատճառով մենք դեռևս ունենք խոցելի տեղեր. հենց դրանից էլ գալիս է մեր բաժանորդների ոչ բավարարվածությունը»,-նշեց Ավետիք Քալանթարյանը: Այսօր տարբեր վերլուծական հոդվածներից է հնարավոր եղել ինտերնետ օգտագործողների մոտավոր թիվը որոշել: Ըստ նույն վերլուծության` Հայաստանում 200 հազար ինտերնետ օգտագործող կա, որը կազմում է բնակչության մոտ 10 տոկոսը: Ավետիք Քալանթարյանն ասում է, որ այս թվերը հաշվարկվում են մաքսատան տվյալների հիման վրա, թե քանի համակարգիչ է ներկրվել Հայաստան: Բայց քանի որ շատ ընկերություններ համակարգիչ չեն ներկրում, այլ ներկրում են համակարգչի հավաքման մասեր, որպեսզի խուսափեն մաքսային տարբեր վճարումներից, հաշվում են և' ներկրված համակարգիչների, և' «հարդ» դիսկերի թվերով: «Ավելին, ես հավատացած եմ, որ 200 հազար համակարգիչ ունեցող երկիրը մոտ 1 մլն օգտվող պետք է ունենա, որովհետև նույն համակարգչից կարող են օգտվել մի քանի անձիք»,-ասաց Ա.Քալանթարյանը: Ֆորումի մասնակից լրագրողներից մեկն առաջարկեց մարդահամարի ժամանակ մի փոքրիկ ենթակետ մտցնել` արդյո՞ք բնակիչն ունի համակարգիչ և օգտվում է ինտերնետից, թե՞ ոչ, որը Ավետիք Քալանթարյանը ողջունելի համարեց: «Հետքի» հարցին, թե արդյո՞ք փորձ չի արվել ինտերնետ մատակարարող կազմակերպությունների միջոցով պարզել ինտերնետ օգտագործողների հստակ թիվը, կոմերցիոն տնօրենը պատասխանեց. «Հաշվողն ով է, ինչ-որ մեկը պիտի այդ գործն անի, որ դա դառնա ազգային կամ պետական զեկույց, հետազոտություն: Ինտերնետ պրովայդերներին պետք է պարտադրել, որ նրանք հրապարակեն իրենց բաժանորդների ցուցակները, մի բան, որ երբեք տեղի չի ունենա, քանի որ մրցակցային, կոմերցիոն ինֆորմացիա է: Հայաստանի մասին ուսումնասիրություններ անում են տարբեր կազմակերպություններ»: Համաձայն ՋԻՀ-ի կողմից անցկացրած հարցումների և Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից 2007թ.-ին պատրաստած հեռահաղորդակցության և ՏՀՏ ոլորտի համաշխարհային ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության` Հայաստանում ինտերնետ կապից օգտվողների թիվը 2008թ.-ին կազմել է 150-200 հազար, բնակչության ընդհանուր թվի 5-7 %-ը: Անհատ բաժանորդների թիվը հասնում է 90-100 հազարի` բնակչության 3 %-ը: Հեռախոսագծով ինտերնետ կապից օգտվողների թիվը դեռ գերակշռում է` 80-85 %: ՏՀՏ-ները մեծ դեր ունեն նաև ԶԼՄ-ի ոլորտում: Ըստ Ա. Քալանթարյանի` Զանգվածային լրատվության միջոցները ինտերնետից ամենաակտիվ օգտվողներն են, որոնց պահանջարկը առանձնահատուկ է և տարբերվում է սովորական բիզնես պահանջարկից: Մեդիաներն ուզում են հաստատագրված, արագ կապ ու մեծ հզորություններ` 24 ժամ տեղեկատվական հոսքեր ապահովելու համար: Դաշտի կարգավորման հարցը, ըստ մասնակիցների, այսօր լուրջ խնդիր է, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այստեղ անելիքներ, իսկապես, ունի: Ավետիք Քալանթարյանի դիտարկամբ, Հայաստանում չկա բավարար կառավարում, կիրթ ու մասնագիտացած մենեջերների խիստ պակաս է զգացվում, իսկ մեր կրթական համակարգը չի պատրաստում նորմալ կադրեր, տեխնոլոգիաների մեջ ներդրումների կարիք կա, ինչպես նաև առկա է կոմերցիոն քաղաքականության բացակայություն: Այսօրվա հայաստանյան հեռահաղորդակցական գլոբալ խնդիրների շուրջ «Հետքի» հարցերն պատասխանելիս` Ավետիք Քալանթարյանը առաջին հերթին նշեց երկրի ենթակառուցվածքային վիճակը: «Առաջին հերթին Հայաստանի աշխարհագրական դիրքն է, որով ինտերնետ սնուցումը գալիս է այլ տարածքներից: Այսօր աշխատում է միայն վրացական ուղղությունը, հարավային ուղղությունը չի աշխատում: Մինչդեռ դաշտի բարելավման համար հարկավոր է տարբեր ուղղություններից ինտերնետ ստանալ: Երկիրն ինտերնետի այնքան կապուղիներ պետք է ունենա, որ կախված չլինի մի մալուխի վնասումից»,-ասում է Ավետիք Քալանթարյանը: Երկորդ խնդիրը` ընկերությունների ներսում կառավարման մշակույթն է, որն ենթադրում է այնպիսի կոմերցիոն ու տեխնիկական քաղաքականություն, որի նպատակը բավարարված բաժանորդն է: Բաժանորդը պետք է բավարարված լինի ծառայության որակից և գնից: «Եթե մենք դեռևս ունենք մեկ դժգոհ բաժանորդ, ուրեմն` դեռ խնդիրներ շատ կան: Ինչքան էլ ծառայություններն աճում են, զարգանում են, այդուհանդերձ, դեռևս կան դժվարություններ»,-խոստովանում է նա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել