HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում արդիական խնդիրը թրաֆիքինգի զոհերի հայտնաբերումն է

08_05-eva-biodenԹրաֆիքինգը` մարդկանց առևտուրը գերշահույթներ է բերում: Տարբեր ուսումնասիրություններ տարբեր թվեր են հրապարակում: Օրինակ` Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով` թրաֆիքինգի բիզնեսից տարեկան 32 մլրդ շահույթ է ստացվում: Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բյոդեն այսօր Հայաստան կատարած եռօրյա այցի արդյունքները ներկայացրեց լրագրողներին: Ներկայացուցչի տեղեկություններով, նույն կազմակերպությունը շուտով կհրապարակի նոր զեկույցը, որտեղ մարդկանց առևտրից ստացված շահույթի թիվը հասնում է մոտ 82 մլրդ դոլար: Էվա Բյոդեն նկատեց, որ Հայաստանում վերջին տարիների թրաֆիքինգի հոդվածով դատապարտվածների ճնշող մեծամասնությունը կանայք են: Այդ կանանցից ոմանք էլ նախկինում եղել են թրաֆիքինգի զոհեր: «Կարծիք կա, որ իրական թվերը շատ ավելի մեծ են, բայց դրանց մասին տվյալներ գոյություն չունեն: Սա սովորական օրինաչափություն է բոլոր երկրների համար, քանի որ թրաֆիքինգը ծանր հանցագործություն է համարվում և դրանով բացեիբաց ոչ ոք չի զբաղվում և չի խոսում»,-ասում է Էվա Բյոդեն: Էվա Բյոդեն ընդգծեց Հայաստանում թրաֆիքինգի զոհերի իդենտիֆիկացիայի, այսինքն` նրանց հայտնաբերման դժվարությունը և անհրաժեշտությունը. «Ավելի լավ համագործակցությունը հասարակական կազմակերպություննեի հետ` զոհերին ու իրավապահ մարմիններին աջակցելու ուղղությամբ զոհերի իդետիֆիկացիայի նախապայմաններից է, և ես կոչ եմ անում իշխանություններին ավելի մեծ ջանքեր գործադրել բնակչության առավել խոցելի շերտերում նաև հնարավոր դեպքերի հետախուզման ուղղությամբ»: Թրաֆիքինգի դրսևորման առաջին հորիզոնականը զբաղեցնում է սեռական շահագործումը: Հաջորդում են հարկադիր աշխատանքի դեպքերը: Եթե նախկինում հարկադիր աշխատանքի թրաֆիքինգի դեպքերում տղամարդկանց տոկոսային հարաբերությունն էր բարձր, ապա այժմ կանայք 80 տոկոսն են կազմում: 18-ից ցածր տարիք ունեցողների, այսինքն` անչափահասների և փողոցում մուրացկանություն անող երեխաների շահագործման դեպքերը նույնպես շատ են:  Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մարդու օրգանների թրաֆիքինգի դեպքերը նույնպես սկսել են  աճել, որից թրաֆիքյորները մեծ շահույթներ են ստանում: Էվա Բյոդեի դիտարկումներով, Թուրքիան, Միացյալ արաբական էմիրությունները և Ռուսաստանն են ընդունող երկրները, որտեղ թրաֆիքինգի դրսևորումներից ամենահայտնին սեռական շահագործումն է: Մի քանի առանձին դեպքերում նույնիսկ Հայաստանն է եղել ընդունող երկիր: Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ եթե կա արտագնա թրաֆիքինգ, ապա կա նաև թրաֆիքինգի ներքին դրսևորումներ: Էվա Բյոդեն ողջունեց Հայաստանի իշխանությունների ջանքերը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում և ընդգծեց թրաֆիքինգի դեմ պայքարը ավելի բարձր` քաղաքական օրակարգում ընդգրկելու անհրաժեշտությունը: ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի կարծիքով, Հայաստանի իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն նաև ներքին թրաֆիքինգի գոյությանը: «Հասարակական գիտակցությունը սովորաբար թրաֆիքինգը ընդունում է որպես մի բան, որը ենթադրում է սահմանի անցում, սակայն թրաֆիքինգի փաստը ոչ բոլոր դեպքերում է կապված սահմանն անցնելու հետ: Թրաֆիքինգը կարող է լինել և սեքսուալ շահագործում, հարկադիր աշխատանք, անչափահասներին դրդել մուրացկանությամբ զբաղվել և այլն: Այսինքն` անձին դիտարկում են որպես առարկա, և ոչ թե մարդ արարած»,-մանրամասնեց Էվա Բյոդեն: «Հետքի» հարցին, թե Հայաստանից ինչ դասեր կամ ինչ փորձ ձեռք բերեց ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը, Էվա Բյոդեն պատասխանեց. «Շատ հաճախ թվում է, որ այն երկրներում, որտեղ ավանդական արժեքները, ընտանեկան կապերը մեծ դեր ունեն,  թրաֆիքինգ ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ: Բայց միշտ չէ, որ այդպես է լինում, և թրաֆիքինգի երևույթն ավելի դժվար է այդ երկրներում հայտնաբերել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter