Արամայիս Գրիգորյանի պաշտոնավարումը բացառվում է
ՀՅԴ-ի քվոտայով գյուղնախարարի պորտֆելը պահելու մասին մամուլում շրջանառվող լուրերը այսօր «Իրավունք de facto» ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ Արծվիկ Մինասյանը հերքեց: «Դա իրականությանը չի համապատասխանում: Դաշնակցությունը հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին, տասնյակից ավելի գործադիրի պաշտոնները վայր դնելու հրաժարականները ներկայացված են: Մենք ակնկալում ենք, որ վաղը վերջնականապես հրաժարականները ընդունված կլինեն»,- ասաց նա:
Ըստ Արծվիկ Մինասյանի` ուշացման պատճառն այն է, որ համապատասխան թեկնածուների ընտրությունը դեռևս չի կատարվել:
ԱԺ երկու հանձնաժողովների ղեկավարների պաշտոնները պահելուն անդրադառնալով` Արծվիկ Մինասյանը նշեց, որ Արթուր Աղաբեկյանն արդեն հրաժարականը տվել է և համարում է, որ ավելի ազատ ու անկաշկանդ կգործի, եթե չլինի հանձնաժողովի նախագահ: «Բայց երկու հանձնաժողովի տեղեր ունենալը նշանակում է ընդդիմությանը լրացուցիչ հնարավարություն տալ` ավելի ամրապնդելու իր դիրքերը»,- հավելեց պատգամավորը:
«Մեր կարծիքով, Դաշնակցությունը, ունենալով այս հանձնաժողովները, հնարավորություն է ունենալու ուժեղացնել խորհրդարանական ընդդիմության դերակատարությունը»,- կարծում է Արծվիկ Մինասյանը: Վերջինիս դիտարկմամբ` սա տալիս է երկու կարևոր լծակ` ինֆորմացիոն, երբ որպես հանձնաժողովի նախագահ կարելի է ավելի շատ ինֆորմացիա ստանալ, և կանխարգելելիչ, երբ զգում ես, որ որևէ հարց կամ օրինագիծ բացասական հետևանք է ունենալու, քո լծակը գործադրես` կանխելու վատ հետևանքները կամ քո տեսակետը հրապարակավ ներկայացնելու:
«Սա իշխանության կամ կառավարող կոալիցիայի մեջ մնալու ո'չ ձգտում է, ո'չ էլ` առիթ կամ պատճառ, սա ընդդիմությունն ուժեղացնելու ևս մեկ հնարավորություն է»,- պարզաբանեց ԱԺ պատգամավորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել