
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործով քննվեցին 4 վկաներ: Երևանի քաղաքային ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի պրոֆիլակտիկայի բաժնի աշխատակից Մհեր Մխիթարյանը, Կենտրոնի բաժանմունքի տեսուչ Արմենակ Մկրտչյանը, Մալաթիայի բաժանմունքի տեսուչ Գեորգի Այվազյանը և օպեր-լիազոր Սմբատ Հակոբյանը պատմեցին, որ առավոտյան ժամը 7-ի սահմաններում ստացել են հրահանգ մեկնել Ազատության հրապարակ, պահպանել հասարակական կարգը և մարդկանց հանել Ազատություն հրապարակի տարածքից:
Ոստիկանական վերոնշյալ խմբերը Ազատության հրապարակ մուտք են գործել Սայաթ-Նովա փողոցի` «Օպերա ակումբի» մոտից: 4 վկաներն էլ փաստեցին, որ տեսել են Հակոբ Հակոբյանին մի խումբ մարդկանց հետ` Ազատության հրապարակում շրջելիս առավոտյան ժամը 7-ի կողմերը: Սակայն նրա ձեռքում որևէ իր` փայտե կամ երկաթե ձող չեն տեսել: Բայց նրա հետ շրջողների ձեռքերում վկաները տեսել են ձողեր:
Վկաները Հակոբ Հակոբյանին անձամբ չեն ճանաչում, սակայն նրանք Հ. Հակոբյանին ճանաչում են որպես ԱԺ պատգամավոր:
Արմենակ Մկրտչյանը տեսել է Հակոբ Հակոբյանի մոտ 25-40 րոպեի չափով: «Վերջին անգամ Հակոբյանին տեսել եմ մարտի 1-ին` կանգնած: Իսկ Քաղաքապետարանի մոտ ծառայության չեմ եղել և Հակոբյանին էլ չեմ տեսել»,-հաստատեց նա:
Հակոբ Հակոբյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը դատարանի ուշադրությանը հրավիրեց այն հանգամանքը, որ Մհեր Մխիթարյանի և Արմենակ Մկրտչյանի նախաքննական ցուցմունքները գրեթե համընկնում են, նույնն են նաև ձևակերպումները, երկուսն էլ հարցաքննվել են մարտի 9-ին, իրարից անմիջապես հետո` 10 րոպե անց: Իսկ հարցին, թե ինչպես կբացատրեն այս ցուցմունքների նմանությունները, վկա Արմենակ Մկրտչյանը պատասխանեց. «Եթե միասին ենք եղել նույն տեղում, միասին էլ տեսել ենք նույն բաները, նույնն էլ գրել ենք»:
Վկաներ Գեորգի Այվազյանը և Սմբատ Հակոբյանը նաև ասացին, որ Հակոբ Հակոբյանի հետ եղած խմբում տեսել են նաև պատգամավորի վարորդին` Մելոյին (Մելիք Գրիգորյանին), որը իր ձեռքում երկաթյա ձող ուներ: Սմբատ Հակոբյանին ուղղված հարցին, թե ինքն ո՞ւմ է տեսել Հ. Հակոբյանի կողքին, վկան պատասխանեց շատ հստակ` նշելով նաև Մելոյի հայրանունը. «Տեսել եմ Մելիք Հովսեփի Գրիգորյանին, որի ձեռքում ձող կար, և նա վիրավորական արտահայտություններ էր անում մեր հասցեին»:
Այսօրվա նիստին ներկայացել էին միայն 4 վկաները, դատավոր Գագիկ Ավետիսյանը հաջորդ նիստը նշանակեց վաղը` մայիսի 6-ին, ժամը 13:00-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել