
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին շարունակվում է նաև Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի քրեական գործով դատավարությունը: Այսօր դատախազ Կորյուն Փիլոյանը սկսեց «գործ թերթ համար X, գործ թերթ համար Y» հերթով ընթերցել այն փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է հետազոտվեն: Առաջին հատորի տեղազննության արձանագրությունների ցանկն ավարտելուց հետո հերթը հասավ տուժողների փորձաքննության եզրակացությունների ցանկին:
Ցանկի հրապարակման ժամանակ Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նկատեց, որ մի քանի փաստաթղթերում նույն ընթերականների անուններն են: Այնինչ` օրենքը արգելում է նույն ընթերակաների մասնակցությունը տարբեր փորձաքննությունների և միջոցառումների ժամանակ: «Ես հաջորդ դատական նիստին կներկայացնեմ արձանագրություններ, որ նշված երկու ընթերակաները մասնակցել են այլ քրեական գործերում որպես ընթերականեր»,-խոստացավ Լիպարիտ Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է երկրորդ հատորի փաստաթղթերի ցանկին, ապա Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ դատարանը որոշում է կայացրել տուժողներին առանձնացնել այս գործից, քանի որ այդ տուժողներն անմիջականորեն չեն տուժել իրենց պաշտպանյալների գործողություններից, բնականաբար, նրանց վերաբերող փաստաթղթերի ուսումնասիրությունն անիմաստ է և չի վերաբերում իր պաշտպանյալին:
«Քրեական գործը պետք է քննվի միայն ամբաստանյալների մասով և նրանց առաջադրված մեղադրանքի շրջանակներում»,-ասաց Լ.Սիմոնյանը:
«Սա իշխանությունների ապօրինությունների ցանկն է, թողեք հրապարակեն»,-հավելեց Ալ. Արզումանյանը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, այդուհանդերձ, թուլ տվեց դատախազին ավարտել փաստաթղթերի ցանկը և «գործ թերթ համար X, գործ թերթ համար Y»-ի թվարկումը, իսկ Լ. Սիմոնյանին ասաց, որ առարկությունները կներկայացնեն իրենց փաստաթղթերը առանձին հետազոտելու ժամանակ իրենց առարկություններում:
Իսկ Գլխավոր մեղադրողը մինչ այս պահը շարունակում է ընթերցել «Գործ թերթ համար X, գործ թերթ համար Y»-ները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել