
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի քրեական գործով դատավարության վկաների հարցաքննությունը: Հիշեցնենք, որ անցած դատական նիստին դատարանը որոշում կայացրեց բերման ենթարկել վերջին 2 վկաներին, քանի որ նրանք պատշաճ կերպով մի քանի անգամ ծանուցվել են, սակայն չէին ներկայացել:
Այսօր հարցաքննվեց վկա Հմայակ Գալստյանը: Նա մասնակցել է փետրվարի 20-ից հետո կայացած հանրահավաքներին, մարտի 1-ին էլ եղել է Մյասնիկյանի արձանի մոտ: Որևէ փաստ, որ Ալեքսանդր Արզումանյանը կամ Սուրեն Սիրունյանը կազմակերպել են զանգվածային անկարգություններ` Հմայակ Գալստյանը չնշեց: Ավելին, Սուրեն Սիրունյանին նա չէր ճանաչում, իսկ Արզումանյանին տեսել էր միայն հեռուստացույցով: Հմայակ Գալստյանը հայտարարեց, որ Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցող դեպքերի շուրջ իր նախաքննական ցուցմունքը կեղծ է, քանի որ իրեն ծեծելով ու ջարդելով են ստիպել գրել և ստորագրել այդ ցուցմունքների տակ:
«Ես անգիտակից վիճակում եմ եղել, հիմա չեմ էլ հիշում, թե էդ 40 էջանոց ցուցմունքում ինչ էր գրված»,-ասաց Հմայակ Գալստյանը,-կոնկրետ գումար բաժանելու հետ կապված այդ ցուցմունքում եղել է մի դրվագ, որ 2000 դրամ ճանապարհածախս է բաժանվել, բայց ես ասել եմ, որ տենց բան չի եղել»,-հաստատեց վկան:
Վկա Գառնիկ Դանիելյանին չէր հաջողվել բերման ենթարկել, դատարանը նշեց, որ վկայի` Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու փաստը հաստատող փաստաթղթեր են ներկայացվել դատարան: Մեղադրող Կորյուն Փիլոյանը միջնորդեց հրապարակել վկայի ցուցմունքը, սակայն Ալ. Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց դատարանի հանել տվյալ վկայի ցուցմունքները, քանի որ կան բազմաթիվ հակասություններ նրա ցուցմունքի և իրականության միջեւ: Ավելին, այդ հակասությունները պարզելու համար չի կատարվել առերեսում, հիմա էլ դատարանում տվյալ անձը չի կարող պարզաբանումներ տալ իր ցուցմունքների վերաբերյալ:
«Մեղադրանքը մեզ ներկայացված է, որ մենք կազմակերպել ենք մասսայական անկարգություններ, վկա կոչեցյալը մոտեցել է Մյասնիկյանի հրապարակ երեկոյան ժամը 21-ին` դեպքի սկբից 12 ժամ անց, նա չի կարող վկայություն տալ մի բանի մասին, որին ընդհանրապես կապ չունի: Նա կապ չունի գործի էության հետ»,- մեղադրողին առարկեց նաև Ալեքսանդր Արզումանյանը:
Այդուհանդերձ, հրապարակվեց վկայի ցուցմունքը, որում մասնավորապես ասված էր, որ վկան 2-3 անգամ մասնակցել է հանրահավաքներին, տեսել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ալ. Արզումանյանի ելույթները, և լսել, որ նրանք խոսել են ընտրություններին 60 տոկոս ձայների առավելության իրենց հաղթանակի մասին: Իսկ մարտի 1-ին ժամը 21-ի սահմաններում իր մեքենայով հասել է Մյասնիկյանի արձանի մոտերքը, տեսել է ժողովրդի զինված լինելը փայտերով ու ձողերով, ժամը 21-ի սահմաններում տեսել է նաև Ալ. Արզումանյանի ու Արարատ Զուրաբյանին և թե ինչպես էին նրանք խորհուրդներ տալիս ու անընդհատ զրուցում Նիկոլ Փաշինյանի հետ:
Այստեղ Ալ. Արզումանյանը հիշեց խորհրդային տարիներին տարածված անեկդոտներից մեկը. «Ասում էին` դու Կոկա-կոլա խմել ես, ասում է` չէ, բայց ճանաչում եմ մեկին, որը տեսել է մի մարդու, որը Կոկա-կոլա էր խմում Մոսկվայում: Հիմա այս մարդը, ինչ-որ բաներ է լսել վարորդներից ու ինչ-որ հեքիաթներ է պատմում: Եթե ես որևէ բան եմ ասել, ամբողջը ձայնագրված է, հրապարակեք իմ բոլոր ելույթները, ինչ-որ կիսագրագետ մարդ պատմում է, թե ինչ է լսել մեկից»,-դիմելով դատավորին` ասաց Ալ. Արզումանյանը:
Սուրեն Սիրունյանը հավելեց, որ անձամբ ճանաչում է «այդ խարդախին» և եթե դատարանը համաձայնություն տա, մեկ օրում նրան դատարան կբերի:
«Նրան ճանաչում են ՀՀ-ում գտնվող բոլոր տաքսի սերվիսների տնօրենները, բոլորին խաբել է, վերջերս էլ Հանրապետական հիվանդանոցում վիրահատվել է ու հիվանդանոցից փախել է, որպեսզի վճարումներ չկատարի: Իմ ասածների համար պատասխան կտամ օրենքի առաջ»,-ասաց Սիրունյանը:
Այսպիսով, ավարտվեցին վկաների ցուցմունքները, դատարանն անցավ ամբաստանյալների ցուցմունքներին, սակայն և Ալեքսանդր Արզումանյանը և Սուրեն Սիրունյանը հրաժարվեցին ցուցմունք տալուց:
«Քանի որ 2008թ-ի մարտի 10-ից ինձ ներկայացրած մեղադրանքները շինծու են, մտացածին և անհեթեթ, քանի որ այլևս անհերքելի փաստ է, որ քաղաքական պատվերի շրջանակներում, քրեական գործի քողի ներքո իմ նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ու հալածանք` իմ ընդդիմադիր քաղաքական հայացքների ու իմ քաղաքացիական անզիջում կեցվածքի համար, քանի որ լրագրողների, միջազգային դիտորդների և ընդհանրապես ողջ հայ հասարակության առջև արդեն 5 ամիս է աղյուս առ աղյուս փլուզվում է քննչական ծառայության, ԱԱԾ, դատախազության, ոստիկանության համատեղ ջանքերով այսպես կոչված` քրեական գործը և քանի որ այս պայմաններում ես մեղադրվում եմ մի հանցագործության մեջ, որին ես ոչ միայն որևէ առնչություն չեմ ունեցել, չունեմ, չեմ կարող ունենալ, քանզի նման հանցագործություն ընդհանրապես ոչ կազմակերպվել է, ոչ էլ իրականացվել ՀՀ-ի մայրաքաղաքում 2008թ-ի մարտի 1-ին, ուստի ես հրաժարվում եմ որևէ ցուցմունք տալուց, ինչպես նաև հրաժարվում եմ պատասխանել դատավորի, մեղադրողի և պաշտպանների որևէ հարցին»,-հայտարարեց Ալ. Արզումանյանը:
Չնայած այս հայտարարությանը մեղադրող Կորյուն Փիլոյանը մի քանի հարցեր հնչեցրեց, որոնց այդպես էլ Արզումանյանը չպատասխանեց` նորից ու նորից հիշեցնելով, որ հրաժարվում է պատասխանել մեղադրողի հարցերին:
«Ես ընդամենը ուզում եմ հասկանալ, այս մարդկանց ուզածն ի՞նչ է, ինչու՞մ են ինձ մեղադրում: Եթե ես հասկանամ, թե ինձ ինչում են մեղադրում, ես կտամ համապատասխան ցուցմունք: Դուք ուզում եք ես պաշտպանվեմ` ինչի՞ց, որ ես Վրաստանում «Վարդերի հեղափոխություն» չե՞մ արել, չեմ արել, որ ես Յուշենկոյի աջակիցը չե՞մ` չեմ, որ ես Քենեդիին սպանողը չե՞մ` չեմ, հիմա էլ` ես չեմ կազմակերպել մարտի մեկը, քանի որ որևէ մեկը չի կազմակերպել, սաղ աշխարհը այդ մասին գիտի, բացի Փիլոյանից բոլորը հասկացել են»,-ցուցմունք տալուց հրաժարվելը` այսպես պարզաբանեց Ալեքսանդր Արզումանյանը:
Սուրեն Սիրունյանը նույնպես հրաժարվեց ցուցմունք տալ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը շարունակեց դատավարությունը և հայտարարեց դատաքննության մյուս փուլի անցնելու մասին, այն է` փորձաքննությունների, եզրակացությունների հետազոտմանը: Սակայն պաշտպան Լիպարտի Սիմոնյանը միջնորդեց նիստը հետաձգել մինչև վաղը` այդ փուլին նախատապրաստվելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել