HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք հիշում ու պայքարում ենք հանուն արդարության»

Մարիաննա Պեպանյան, Թբիլիսի

«Հատուցում», «Արդարություն», «Պայքար», «Ճանաչել», երբեմն էլ թուրքերեն «Աղի յարեթ», որ նույնն է «ճանաչեք» էին գոռում Վրաստանում ծնված ու մեծացած, 21-րդ դարի առաջին ցեղասպանության մասին էլ մեծահասակներից լսած, շուրջ 250 երիտասարդ ջահերով երթ էին կազմակերպել ապրիլի 23-ին Թբիլիսիում: Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ Հայոց ցեղասպանության 94-րդ տարեդարձի օրը`ապրիլի 24-ին շուրջ 350 մարդ էր հավաքվել հիշելու ցեղասպանության զոհերի հիշատակը:

Արդեն 5-րդ տարին է Վրաստանում հայկական համագործակցության կենտրոնի ակտիվ երիտասարդները, նրանց ծնողներն ու բարեկամները հավաքվում են ոճրագործությունը գործած պետության դեսպանատան առաջ ու պարզապես հատուցում պահանջում:

Այս տարի առաջին անգամ ցուցարարներին է միացել Վրաստանում հայ ուսանողական միությունը, որը համախմբում է հայազգի ուսանողներին եւ որի գերնպատակն է պահպանել հայ լեզուն, մշակույթն ու կրոնը: Վլադիմիր Կիրակոսյանը ծնվել, մեծացել է Ախալքալաքում, այժմ ուսանում է Թբիլիսիի Պոլիտեխնիկական պետական ինստիտուտում եւ առաջին անգամ է, որ Վրաստանի մայրաքաղաքում մասնակցում է Ցեղասպանության ճանաչմանը նվիրված միջոցառմանը: «Այն օրվանից, երբ սկսել եմ քայլել ծնողներս ինձ տարել են ցեղասպանության օրվան նվիրված երթին, որն ամեն տարի կազմակերպվում էր Ջավախքում»,-ասում է Վլադիմիրը: 24_04-apr-1 Վլադիմիրը հավատում է, որ Թուրքիան կընդունի ցեղասպանությունն ու հետ կվերադարձնի Արեւմտյան Հայաստանի հայկական հողերը: «Հայ ժողովուրդը մեծ սխալ կգործի, որ գումարային փոխհատուցում պահանջի Թուրքիայից: Ես ուզում եմ միայն վերադառնալ նախնիներիս հայրենիք`Էրզրում ու մի բուռ հող բերել ու լցնել հորս գերեզմանին»,- ասում է Վլադիմիրը: Համեմատելով հայրենի քաղաքի հետ, Վլադիմիրը կարծում է, որ Թբիլիսիի հայ համայնքն այնքան էլ միասնական չէ: «Մեզ մոտ` Ախալքալաքում 10 հազարից ավելի մարդ է հավաքվում, սկսած փոքրից մինչեւ մեծ»,-ասում է Վլադիմիրը: «Վրաստանում Հայկական համագործակցության կենտրոն»-ի հիմնադիր Կարեն Էլչյանն իր ելույթում նշեց, որ տարեցտարի ավելանում է Ցեղասպանության ճանաչումը պահանջող թիֆլիսահայերի քանակը: «Մենք պետք է պայքարենք նույնիսկ հազարավոր տարիներ, մինչեւ Թուրքիան չճանաչի ցեղասպանությունը եւ մինչեւ Բարաք Օբաման կամ նրան փոխարինողները չարտասանեն «ցեղասպանություն» բառը»,-նշեց Էլչյանը: 45-ամյա Սամվել Մկրտչյանը Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ է, ով ամեն տարի ոչ միայն գալիս է դեսպանատան առաջ, այլեւ կազմակերպում է երթերն ու ցույցերը: «Այս օրը, աշխարհի որ երկրում էլ ապրում է հայ մարդը, այդ երկրում անպայման հիշում են ցեղասպանությունը եւ ոչ ոք չի կարող ընկճել մի ժողովրդի, որն ուզում է ապրել ու զարգանալ»,- ասում է Ս.Մկրտչյանը: «Հաշվի առնելով ներկայումս Վրաստանում տիրող տիրող քաղաքական իրավիճակը չէի սպասում, որ այսքան մարդ կհավաքվի»,-ասում է Վրաստանում հայկական համագործակցության կենտրոնի նախագահ Սանդրո Օհանյանը:

 Ապրիլի 23-ին Թբիլիսիի պետական համալսարանում կենտրոնը հայ, վրացի, թուրք եւ այլազգի ուսանողներին ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ է ցուցադրել: «Վրացիներից շատերը չգիտեն, թե ցեղասպանություն է եղել, ի  դեպ նաեւ այստեղի հայերի մեջ էլ կան նման մարդիկ»,-նշում է Օհանյանը,- մեր խնդիրն է բարձրաձայնել, որ ցեղասպանությունը եղել է եւ պետք է դատապարտվի ու ճանաչվի նաեւ Վրաստանի կողմից»: «Վրաստանը շրջապատված է երկու մուսուլմանական պետություններով` Թուրքիա եւ Ադրբեջան, որոնք ավելի հարուստ են, քան Հայաստանը, բայց կգա մի օր, որ Վրաստանը նույնպես կընդունի ցեղասպանությունը»,-նշեց Կարեն Էլչյանը: Թբիլիսիի քաղաքապետարանն արտոնել է հավաքի անցկացումը, սակայն երկրում տիրող լարված քաղաքական իրավիճակի պատճառով երթի մասնակիցներին բազմիցս կանգնեցնում էին ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաները: Դրա պատճառով ջահերով քայլերթը տեւեց ավելի կարճ: Թուրքիայի դեսպանատան առջեւով անցնող այլազգիները հետաքրքրվում էին, թե ինչ է կատարվում եւ ինչի մասին են ելույթ ունենում: Նրանցից մեկը`Գեորգի Մշվիդոբիսը չգիտեր, թե եղել է Հայոց ցեղասպանություն, ընդ որում, որ այն իրականացրել է Թուրքիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter