
Ալեքսանդ Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի քրեական գործով անցող վկա Գագիկ Ավդալյանն այսօր դատարանում պատմեց, թե ինչպես մարտի 1-ին իրեն տարել են 6-ր վարչություն, ծեծ ու ջարդով ստիպել կեղծ ցուցմունք տալ: «Ասում էին` գրի, որ Վանոյի Ճուտը փող էր բաժանում» (խոսքը Սուրեն Սիրունյանի մասին է),-պատմում է վկան: Գագիկին մոտ 2 օր պահել են 6-րդ վարչությունում, մեկ անգամ հարցաքննելուց հետո բաց թողել: Գագիկ Ավդալյանը հաստատեց, որ ցուցմունքը թելադրում էր քննիչը:
Սակայն դատարանում պարզվեց, որ Գագիկ Ավդալյանի անունից երկու ցուցմունք կա, մինչդեռ վկան պնդեց, որ իրեն մեկ անգամ են հարցաքննել:
Վկան պատմեց, որ ինքը մասնակցել է հանրահավաքներին, իսկ մարտի 1-ին Մյասնիկ Մալխասյանը ցուցում էր տվել` շրջել տարածքում և վերահսկել, որպեսզի սադրիչները որևէ անկարգություն թույլ չտան, որպեսզի բախումներ չառաջանան:
«Մենք ոստիկանության «Վիլիսին» էինք պահում, որ չջարդեն»,-նշեց վկան: Ավելին, նա Ալ. Արզումանյանի և Ս. Սիրունյանի մասով որևէ բան չպատմեց, միայն հաստատեց, որ ինքը չի տեսել Ալ. Արզումանյանին, ոչ էլ լսել է, որ «Վանոյի Ճուտը» փող է բաժանում: Իսկ ցուցմունքում առկա այդ փաստն իր վրա գործադրած ճնշումների արդյունք է:
Գագիկը պատմեց, որ իրեն 6-րդ վարչությունում այնպես են ծեծել, որ երկու ամիս բուժվել է: Նա նաև ասաց, որ այդ կեղծ ցուցմունքից հետո էլ իրեն մշտապես հետապնդել են, եղել են իրենց տանը, սպառնացել են, և ինքը առաջին անգամ է դատարանում կամ նմանատիպ այլ վայրում պատմում իր նկատմամբ կատարված գործողությունների, 6-րդ վարչության աշխատակիցների իրականացրած ծեծ ու ջարդի մասին: Դահլիճը վկային ճանապարհեց ծափողջույներով:
Հարցաքննվեցին նաև վկաներ Վարուժան Մելիքյանը և Լևոն Ենգիբարյանը, որոնք վկայություն տվեցին Ալեքսանդր Արզումանյանի խնդրանքով Օպերայի հարակից տարածքում փետրվարի 23-ին կամ 24-ին (վկաները ամսաթիվը հստակ չէին հիշում) բնակարան վարձելու վերաբերյալ, որպեսզի հանրահավաքների ժամանակ կարողանան որոշ ժամանակով գալ ու հանգստանալ:
Պաշտպան Լ. Սիմոնյանը սկսեց տարբեր հարցեր տալ վկա Վարուժան Մելիքյանին` «Ալ. Արզումանյանը մասնակցե՞լ է ձեր տանը կազմակերպված միջոցառումներին, քանի՞ անգամ եք երկրից դուրս գնացել, ես այսպես կարող եմ շարունակել, բայց այս վկաների ցուցմունքերը մեր գործին չեն առնչվում»,-վերջում հիմնավորեց պաշտպանը:
Վկայության համար հրավիրվել էր նաև մեկ այլ վկա, սակայն անձը հաստատող փաստաթղթի բացակայության պատճառով դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաձգեց նրա հարցաքննությունը: Այսօրվա նիստին դատակոչված վկաներից չէր ներկայացել Լիանա Մելքոնյանը: Դատական նիստը կշարունակվի ապրիլի 20-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել