HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գնա եւ ձեր  Օբամային ասա, որ սրա հետ չշփվի»,- ասում է 70-ամյա ցուցարարը

14_04-protest_georgiaՀավաքված մարդկանց բազմությունը թույլ չի տալիս տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ` իրադարձությունների էպիկենտրոնում, բայց եւ այնպես 44-ամյա Մանանա Շվիլաձեն ուշադրությամբ լսում է ու փորձում տեսնել գրեթե նույն բանը կրկնող վրացական միասնական ընդդիմության գործիչներին: Ապրիլի 9-ից հետո ամեն օր կեսօրին, թողնելով տան գործերն ու երեխաներին, Շվիլաձեն գնում է Վրաստանի խորհրդարանի մոտ` բողոքելու նախագահ Միխաիլ Սահակաշվիլու կառավարությունից եւ պահանջելու նրա հրաժարականը:

«Դեռեւս վստահ չեմ, բայց հուսով եմ, որ ի վերջո ուշքի կգա եւ կգնա»,- ասում է Մանանա Շվիլաձեն: Ամեն օր, ուղիղ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հավաքվող ցուցարար թբիլիսցիներն ու Վրաստանի այլ շրջաններից ժամանածները պահանջում են այն, ինչ Մանանան. «Ազատություն Միխաիլ Սահակաշվիլու վարչական ռեժիմից»: «Միայն նրա գնալով Վրաստանում կարող են դրական տեղաշարժեր լինել»,- ասում է Մանանան ու նշում, որ իրենք ապրում են ոչ ժողովրդավարական երկրում, որտեղ չկա ո'չ խոսքի ազատություն, ո'չ անկախ դատական համակարգ։ «Վրաստանում տեղի են ունենում սպանություններ, որոնք հետագայում չեն բացահայտվում»,-հայտարարում է Մանանան: Նա մասնագիտությամբ ուսուցչուհի է, յոթ տարի է՝ աշխատանք է փնտրում, ասում է, որ պատրաստ է նույնիսկ դայակ աշխատել, բայց այդպիսի աշխատանք էլ չի կարողանում գտնել: Սահակաշվիլու հրաժարականից հետո աշխատանք կգտնի, թե` ոչ, Շվիլաձեն դժվարանում է ասել: Դժվարանում է ասել նաեւ, թե «նախագահական արտահերթ ընտրությունների» ժամանակ ընդդիմության ակտիվիստներից ում կտա իր ձայնը: «Ով էլ որ լինի՝ Վրաստանը դեպի զարգացում կգնա»,- համոզված է Մանանա Շվիլաձեն: «Գնա եւ ձեր  Օբամային ասա, որ սրա հետ չշփվի»,- ամբոխի մեջ առանձնացավ Ցիռա Կուչիաշվիլին: 70-ամյա տիկին Ցիռան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային պատգամ ուղարկեց, երբ իմացավ, որ իր հետ զրույցի բռնված լրագրողն «Ասոշիէյթեդ փրես» լրատվական գործակալության թղթակից է: Կուչիաշվիլին չէր էլ նկատում, որ մարդիկ շրջվել ու նայում են, իսկ լրագրողները հետաքրքրությունից մոտեցրել են ձայնագրիչներն ու լուսանկարչական ապարատները: Տիկին Ցիռան շարունակում էր իրեն մոտեցած լրագրողին ռուսերենով շարադրել Սահակաշվիլու մասին իր կարծիքը՝ նրան անվանելով «հիմար», «խելագար» ու «բռնակալ»: Վաղ առավոտից Կուչիաշվիլին եկել է Վրաստանի խորհրդարանի մոտ՝ մոմ վառելու 1989 թվականի ապրիլի 9-ին զոհվածների հիշատակին: «Ես այստեղ կմնամ մինչեւ Սահակաշվիլու հրաժարականը կամ մինչեւ շունչս փչի»,- ասում է տիկին Ցիռան: «Ի՞նչ է, մեղավո՞ր ենք, որ ծնվել ենք մեկ անգամ, այն էլ` Վրաստանում»,- ասում է 70-ամյա ցուցարարը: Ազատության հրապարակում հավաքվածների նման Կուչիաշվիլին էլ հավատում է, որ Սահակաշվիլին հրաժարական կտա, ու Վրաստանը կմտնի բարեփոխումների ժամանակաշրջան: Ընդդիմության ղեկավարներից ոչ մեկին տիկին Ցիռան չի համարում Վրաստանի ապագա ղեկավար: Հատկապես Բուրջանաձեին կամ Ալասանիային: «Ալասանիան ԱՄՆ-ում «փաթեթավորված» եւ այստեղ ուղարկված մարդ է»,- կարծում է տիկին Ցիռան, իսկ Նինո Բուրջանաձեն «2007 թվականի նոյեմբերի 7-ին Վրաստանի խորհրդարանն էր ղեկավարում, եւ ի՞նչ արեց, ոչի՛նչ»: Ապրիլի 9-ին սկսված ցույցի ժամանակ Նինո Բուրջանաձեն  ներողություն խնդրեց, որ 2007-ի նոյեմբերին չի կարողացել Սահակաշվիլուց պաշտպանել իր ժողովրդին, սակայն ի պատասխան` հավաքվածները նրան սուլոցների արժանացրին: 14_04-protest_georgia-1«Փոփոխություններ», «Սահակաշվիլի, գնա» կամ էլ «Ազատություն» կարգախոսները ձեռքներին ու դրոշներով փաթաթված երիտասարդների ու մեծահասակների շարքերում իր արտահագուստով առանձնանում է հոգեւորական Պաատա Պատուձեն: «Ես իմ պարտքն եմ համարում կանգնել այն մարդկանց առաջ, ովքեր կռվում են փոփոխությունների ու գաղափարների համար»,- ասում է հայր Պաատան: Մինչեւ ցույցերի սկսվելը Վրաստանի հոգեւոր առաջնորդը խաղաղության ու համերաշխության կոչ էր արել կառավարությանն ու ընդդիմությանը, եւ Պաատա Պատուձեն միակ հոգեւորականն է, որ ընդդիմության շարքերում է եւ պայքարում է հազարավոր քաղաքացիների հետ: Հայր Պատուձեն հավատում է, որ Միխաիլ Սահակաշվիլին պետք է հրաժարական տա: Սակայն ապրիլի 9-ից առաջ ու հետո Միխաիլ Սահակաշվիլին բազմիցս հայտարարել է, որ պատրաստվում է մնալ Վրաստանի նախագահի պաշտոնում մինչեւ իր լիազորությունների ավարտը` 2013 թվականը:

Մարիաննա Պեպանյան,

Թբիլիսի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter