Գյուղատնտեսական արտադրանքի վերահսկողությունը Վրաստանի մաքսատան կողմից
2009 թ. հունվարի 1-ին Վրաստանի սահմանային անցակետերում ուժի մեջ մտավ Վրաստանի Ֆինանսների եւ Գյուղատնտեսության նախարարությունների՝ 2008 թ. դեկտեմբերի 24-ի համատեղ հրամանը, որը նախատեսում է Վրաստանի բոլոր սահմանային անցակետերում իրականացնել պետական ֆիտոսանիտարական եւ անասնաբուժական կարանտինային վերահսկողություն։
Առաջին անգամ մաքսային վերահսկողությունը խստացվեց Ֆինանսների, Գուղատնտեսության եւ աշխատանքի, Առողջապահության եւ սոցապահովության նախարարությունների համատեղ հրամանով (20 մայիսի, 2006 թ.), որը հանձնարարում էր մաքսային օրենսգրքի նորմերի խստիվ պահպանում։ Հենց դրանից հետո էլ սահմանային անցակետերում սկսվեց ֆիտոսանիտարական եւ անասնաբուժական վերահսկողության իրականացումը։ 2008 թ. հրամանը հաշվի էր առնում այն օրենսդրական փոփոխությունները, որ կատարվել էին՝ ելնելով Եվրոպական հարեւանության քաղաքականության պահանջներից: Խոսքն օրենքի այն կետերի մասին է, որոնք Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը ֆիտոսանիտարական եւ անասնաբուժական վերահսկողության իրավունք են տալիս Վրաստանի բոլոր սահմանային անցակետերում։ Հրամանում ասված է, որ կարանտինային վերահսկողությունը կգործի մինչեւ 2009 թ. հուլիսի 1-ը, բայց Եկամուտների ծառայությունում մեզ հայտնեցին, որ առաջիկայում կարանտինի վերացում չի նախատեսվում։ Այս օրենքը թույլ է տալիս առգրավել Վրաստանի անասնաբուժական ծառայության պահանջներին չբավարարող ապրանքները։ Ինչպես բացատրեց Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային հսկողության դեպարտամենտի պետ Գիյա Խվինգիյան՝ մաքսակետերում սանիտարական վերահսկողության խստացումը կնպաստի՝ կանխելու կենդանիների վարակիչ հիվանդությունների անցումը Վրաստանի տարածք։ Ըստ այդ հրամանի՝ թույլատրվում է Վրաստան մտցնել անասնաբուժական վերահսկողության ենթակա անասնաբուծական ապրանքներ, որոնք բավարարում են հետեւյալ պահանջներին. ա) դրանք արտադրվել են այնպիսի երկրում, որն ունի Վրաստան ապրանք արտահանելու իրավունք, բ) դրանք արտադրվել են այնպիսի ձեռնարկությունում, որն ունի Վրաստան ապրանք արտահանելու իրավունք, գ) դրանք ունեն անասնաբուժական հավաստագիր՝ տրված արտահանող երկրի համապատասխան լիազորություններով օժտված օրգանի (պարզ ասած՝ պետական անասնաբույժի) կողմից։ Այս վերջին կետի ապահովումն էլ երաշխավորում է, ինչպես հավատացնում են Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունում, որ այլեւս ոչ մի ապրանք առանց անասնաբուժական հավաստագրի Վրաստանի տարածք չի մտնում։
Եվրոպական հարեւանության քաղաքականության պահանջները
2004 թ. հունվարի 14-ին Եվրամիությունը հարեւանության քաղաքականության նախագծի մեջ մտցրեց Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը։ Այս նախագիծը ենթադրում է ԵՄ-ի համագործակցությունը այն երկրների հետ, որոնք այսօր չունեն Եվրամիության անդամության հեռանկար։ Նախագծի նպատակն է՝ բարձրացնել մասնակից երկրների կայունությունը, անվտանգությունը եւ բարեկեցությունը։ Եվրամիությունն այդ երկրներին առաջարկում է ձգտել հասնելու ԵՄ-ի ստանդարտներին։ Եվրոպական ստանդարտներին հավատարմությունը մասնակից երկրների՝ Եվրամիությանը մերձենալու անհրաժեշտ պայմանն է։ Դրանց պահպանումը կնպաստի, որպեսզի տվյալ երկրի արտադրանքն աստիճանաբար մուտք գործի Եվրամիության ներքին շուկա։ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը նախատեսում է անհատական պլանի մշակում յուրաքանչյուր գործընկեր երկրի համար։ 2006 թ. այդպիսի պլան համաձայնեցվեց Վրաստանի հետ, որում կարեւոր տեղ էր հատկացվում առեւտրային համագործակցությանը եւ եվրոպական ստանդարտների պահպանմանը։ Առեւտրայի կապերը խրախուսելու նպատակով Վրաստանը պարտավորվեց պարզեցնել սեփական տարածք բեռների մուտքի մաքսային մեխանիզմը՝ միաժամանակ խստացնելով ֆիտոսանիտարական եւ անասնաբուժական վերահսկողությունը, որպեսզի կանխի բնակչության առողջության համար վտանգավոր արտադրանքի մուտքը։ Ըստ Ֆինանսների նախարարությունից ստացված տեղեկությունների՝ այս պլանի իրականացման համար Վրաստանում մի քամի ամիս աշխատել են Եվրահանձնաժողովի փորձագետները։ Այսպիսով, համաձայն եվրոպական ստանդարտների, Վրաստանը պետք է իրականացնի լիակատար սահմանային վերահսկողություն, որը կպաշտպանի երկրի տարածքն այնպիսի չհավաստագրված արտադրանքի մուտքից, որոնք կարող են հանգեցնել տարբեր հիվանդությունների տարածմանը տարածաշրջանում։
Ի՞նչ է կատարվում սահմանին
Ըստ Գիյա Խվինգիյայի՝ սահմանը հատող բեռների նկատմամբ վերահսկողությունը խստացնող 2008 թ. հրամանը չի վերաբերում 5 կիլոգրամից թեթեւ բեռներին։ Բայց, ըստ վրացական շուկաներում առեւտուր անող որոշ առեւտրականների, անցակետերում նրանցից հավաստագրեր են պահանջել ցանկացած կաթնամսամթերքի համար՝ անկախ քանակից։ Հակառակ դեպքում արգելվում է ապրանքի մուտքը երկիր։ Նրանք ասում են, որ այդպիսի փոքր բեռների համար հավաստագրեր ստանալը ոչ միայն շահավետ չէ, այլեւ ֆիզիկապես անհնար է։ Ճիշտ է, մեզ հետ զրուցած առեւտրականները վերահսկողության գործողությունը նկարագրում են տարբեր կերպ (միակ բանը, որում նրանք համաձայն են իրար հետ, անանունության պահանջն է). ոմանք ասում են, թե անցակետերում 5 կիլոգրամից թեթեւ ապրանքների համար իրենցից բոլորովին էլ հավաստագրեր չեն պահանջում, ուստի իրենց բեռը սահմանն անցկացնելու համար ստիպված են լինում այն բաժանել փոքր մասերի եւ դիմել բեռ չունեցող ուղեւորների օգնությանը։ Հայաստանի քաղաքացիները, որոնք ամեն օր բախվում են նման խնդիրների, պահանջում են, որ Վրաստանի իշխանությունները Հայաստանի համապատասխան ծառայությունների հետ համաձայնեցնեն տրանզիտային բեռների համար հավաստագրեր տալու հարցը։ Բացի այդ, եթե Հայաստանից բերվող մթերքը չի համապատասխանում հաստատված ստանդարտներին, ապա դրա առգրավմամբ պետք է զբաղվեն Հայաստանի, այլ ոչ թե Վրաստանի ծառայությունները։ Մեր հարցին, թե արդյո՞ք վերահսկողությունը խստացվել է նաեւ սահմանի այլ հատվածներում, Ֆինանսների նախարարությունում պատասխանեցին, որ տարօրինակ կլիներ, եթե կարանտինը գործեր միայն սահմանի մի հատվածում, երբ գոյություն ունի մի քանի նախարարների կողմից ստորագրված հրաման, համաձայն որի՝ 2009 թ. հունվարի 1-ից Վրաստանի բոլոր սահմանային անցակետերում գործում է միասնական պետական սահմանային ֆիտոսանիտարական եւ անասնաբուժական կարանտինային վերահսկողություն։ Եւ իրոք, մաքսային անցակետերում առաջ եկող խնդիրների մասին խոսում են նաեւ նրանք, ովքեր զբաղվում էին Ադրբեջանից կաթնամսային արտադրանքի առաքմամբ. այսօր նրանք արդեն չունեն այդ հնարավորությունը։ Ըստ նրանց՝ ադրբեջանական սահմանին կաթնամսային եւ բուսական ծագում ունեցող մթերքները, ինչպես նաեւ այն բեռները, որոնք շփման մեջ են եղել նման մթերքի հետ, ենթարկվում են ճիշտ այդպիսի վերահսկողության։ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունում մեզ ցույց տվին չհավաստագրված ապրանքների լուսանկարները, որ առգրավվել էին Ադրբեջանի սահմանին։
Ինչ են ասում պաշտոնյաները
Վրաստանի անասնաբուժական ծառայությունում համարում են, որ այս հարցն իրենց չի վերաբերում, քանի որ գտնվում է Գյուղատնտեսության նախարարության իրավասության շրջանակում։ Գյուղատնտեսության նախարարությունը եւ անձամբ նախարարը հրաժարվում են այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ անել։ Մեզ հաջողվեց մեկնաբանություններ ստանալ միայն Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։ Ինչպես բացատրեց դեպարտամենտի պետ Գիյա Խվինգիյան, վրացական կողմը, մտցնելով այս սահմանափակությունները, բնավ էլ չի հայտարարում, թե այս կամ այն երկրից բերվող մթերքը բանի պետք չէ, այլ միայն պահանջում է հավաստագիր՝ տրված այն երկրի համապատասխան ծառայության կողմից, որից բերվում է կարանտինի ենթակա արտադրանքը։
Ուսուպ Բիցաձե
Հատուկ Հետքի համար Նյութը պատրաստված է ԵՄ-ի օժանդակությամբ իրականացվող նախագծի շրջանակում
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել