
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվող «Յոթի գործը», ըստ մեղադրանքի` Ալեքսանդր Արզումանյանի և մյուսների, հետաձգվեց մինչև ապրիլի մեկը:
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 20-ին ստորագրել էր Ազգային ժողովի ընդունած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները: Ըստ այդմ` գլխավոր մեղադրող Կորյուն Փիլոյանը դատարանին միջնորդեց 225-րդ և 300-րդ հոդվածների փոփոխությունների վերաբերյալ մեղադրող կողմին ժամանակ տրամադրել իր դիրքորոշումները ճշտելու և դատարանին ներկայացնելու համար:
Պաշտպան Լիպարտի Սինոյնաը փորձեց առարկել Կորյուն Փիլոյանի խնդրած ժամկետի վերաբերյալ, սակայն դատավորը դա նկատի չառավ: Ավելին, Ալեքսանդր Արզումանյանն պահանջեց, որ իրենց ազատ արձակեն, քանի որ արդեն գոյություն չունեն այն հոդվածներ, որի հիմքերով իրենց ձերբակալել են: «Ըստ գործող օրենսգրքի` այլևս մեզ պահելու հիմքեր չեմ տեսնում, գործը կարճեք, քանի որ չկա օրենք, չկա հանցակազմ»:
Իսկ Մյասնիկ Մալխասյանը առաջարկեց փոխել խափանման միջոցը, իրենց ազատ արձակել, այնուհետև նոր փոփոխություններից ու ներկայացված մեղադրանքներից հետո մտածել, թե ինչպես վարվել: Դատավորը չքննարկեց նաև մեղադրյալների միջնորդությունները, անմիջապես մինչև ապրիլի մեկը դատական նիստը հետաձգելու մասին որոշում կայացրեց:
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստին մասնակցում էին մեղադրյալներ Ալ. Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Սուրեն Սիրունյանը: Իսկ Գրիգոր Ոսկերչյանի սանկցիայի ժամկետը լրանում է վաղը:
Դատարանի դահլիճում էին նաև մեղադրյալների հարազատները, մասնավորապես Ալ. Արզումանյանի, Մ. Մալխասյանի, Ս. Սիրունյանի կանայք և այլ հարազատներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել